Զերծ մնացեք տեղեկատվական պատերազմներից. ռուս հայտնի փորձագետի դասը հայաստանյան լրագրողներին

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | May 18, 2011 16:31

«Կովկասյան հանգույց» առցանց պարբերականի գլխավոր խմբագիր Գրիգորի Շվեդովը հայաստանյան մի խումբ լրագրողների համար  մայիսի 18-ին անցկացրեց մեկօրյա վարպետության դաս «Ես լրագրող եմ» խորագրով: Քննարկվեցին առցանց ժամանակակից պարբերականների դերը, հաջողություններն ու ձախողումները, մասնագիտական և քաղաքացիական լրագրության առանձնահատկությունները, նոր մեդիա տեխնոլոգիաներ կիրառելու արդյունքում առցանց ԶԼՄ-ների զարգացման միտումները Հայաստանում և այլ հարցեր:

Ռուս հայտնի փորձագետը, խոսելով քաղաքացիական լրագրության մասին, կարևորեց լրագրության մեջ սոցիալական թեմատիկան, քանի որ այնտեղ արծարծվում են մարդու խնդիրները՝ այն, ինչ ամենաշատն է հետաքրքրում է մարդկանց: Քաղաքացիական լրագրության կարևոր կողմերից մեկն էլ նյութը լայն քննարկման դնելն է բլոգերում և սոցիալական ցանցերում: Շվեդովը կարծում է, որ հասարակական քննարկումները ոչ միայն հնչեղություն են հաղորդում թեմային, այլ մեկնաբանությունների միջոցով հարստացնում նյութը զանազան տեղեկություններով և տեսակետներով:

Ինչ վերաբերում է տեղեկատվական պատերազմներին, ապա փորձագետը կարծում է, որ լրագրողը չպետք է ներքաշվի այդ «պատերազմների» մեջ՝ պահպանելով օբյեկտիվությունը և զերծ մնալով քարոզչություն իրականացնելուց: Գրել միայն փաստերը, խոսել միայն փաստերի անունից՝ չընկնելով ազգային շահերի ետևից. ահա պրոֆեսիոնալ լրագրության կարևորագույն առանձնահատկություններց մեկը՝ ըստ Շվեդովի:

Անդրադառնալով պարբերականների միջև մրցակցությանը, Շվեդովը նշեց, որ լրատվական կայքը պետք է բարձր վարկանիշ ստեղծի ոչ թե արհեստական «քլիքերի» միջոցով, այլ նյութերի բովանդակության շնորհիվ: Նա, օրինակ, կողմնակից է, որ կայքն ունենա քիչ, բայց կայուն ընթերցողներ, քան թե արհեստականորեն հայտնվի վարկանշային աղյուսակների վերնամասում:

Ի դեպ, ըստ Շվեդովի, կայքի վարկանիշի բարձացման կամ թերթի վաճառքի խթանման գործին լրագրողը չպետք է խառնվի. նա պետք է գրի այն, ինչ տեսնում է և ինչը հետաքրքիր ու կարևոր է համարում՝ ինքնուրույն ընտրելով նյութի թեման: Իսկ թե դա որքանո՞վ կբարձրացնի թերթի կամ կայքի վարկանիշը, նրա խնդիրը չէ: «Լրագրությունը PR չէ». սա Շվեդովի տեսակետն է:

Ռուս փորձագետը, խոսելով նոր տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում տպագիր մամուլի հեռանկարների մասին, նշեց, թե չնայած օրեցօր զարգացող էլեկտրոնային լրատվությանը, տպագիր մամուկը կկարողանա պահպանել իր տեղը լրատվական շուկայում, սակայն որոշակի լսարանի համար: Ըստ նրա, կան իրավիճակներ, երբ թերթը լրատվության համար ամենահարմար միջոցն է՝ հատկապես եթե հաշվի առնենք, որ թերթ ընթերցելը նաև ժամանցի միջոց է: Իսկ այն երկրներում, որտեղ համացանցը դեռ հասանելի չէ բոլորին, տպագիր մամուլի դիրքերն առավել ապահովված են:

Շվեդովը Հայաստանում էր «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Ի դեպ, վարպետության դասին մասնակցելու հնարավորություն էր ստացել ընդամենը 13 լրագրող, որոնցից 3-ը «Անկախ» շաբաթաթերթի և համանուն լրատվական կայքի լրագրողներ Հայկուհի Բարսեղյանը, Աննա Մուրադյանն ու Անի Գասպարյանն էին:

Վարպետության դասը կազմակերպվել էր «Նոր մեդիա դասընթացներ՝ մեդիա հասարակության համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Վրաստանում և Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության և ԵԱՀԿ գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

 

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply