Հայաստանի արտգործնախարարի աշխատանքային այցը Ֆրանսիա

Պաշտոնական, Օրվա լուր | | May 18, 2011 10:45

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանսիայի իր գործընկերոջը՝ ԱԳ նախարար Ալեն Ժյուպեին:

Երկուստեք գոհունակություն հայտնվեց բարձր մակարդակի փոխայցելությունների եւ քաղաքական երկխոսության,  իրավապայմանագրային լայն հենքի, միջխորհրդարանական ամուր կապերի, ապակենտրոնացված ինտենսիվ համագործակցության, Հայաստանում ֆրանսիական ընկերությունների աճող ներկայության կապակցությամբ:

Ալեն Ժյուպեն ընդգծեց, որ հիրավի Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ձեւավորվել են սերտ եւ բարեկամական  փոխհարաբերություններ:

Հայաստանի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձան երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, միջազգային եւ տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրների: Նախարարներ Նալբանդյանն ու Ժյուպեն արձանագրեցին, որ մի շարք միջազգային հարցերի վերաբերյալ Հայաստանի եւ Ֆրանսիայի դիրքորոշումներն համընկնում են:

Նախարարները քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները եւ այդ շրջանակներում իրականացվող ծրագրերը, մտքեր փոխանակեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ֆրանսիական համագործակցության շուրջ, անդրադարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը:

Բանակցությունների օրակարգում էր արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Երկուստեք շեշտվեց հիմնահարցի խաղաղ եւ բանակցային լուծման այլընտրանքի բացակայությունը: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի կառուցողական ներգարավվածությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

Էդվարդ Նալբանդյանը Ալեն Ժյուպեին հրավիրեց այցելել Հայաստան:

Մայիսի 17-ին  Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ: Հանդիպմանը քննարկվեցին այս տարվա երկրորդ կեսին նախատեսված՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Հայաստան այցելության, ինչպես նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարելիք այցի նախապատրաստմանն առնչվող հարցեր:

Մայիսի 18-ին նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի անդամների հետ:

 

Դիտվել է 892 անգամ:
Print Friendly

Leave a Reply