Եկեղեցական ավանդույթի վերականգնու՞մ, թե` բիզնես. Ի՞նչ արժե եկեղեցում հոգեհանգիստ անցկացնելը
Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | ankakh | May 18, 2011 9:07
Վերջին շրջանում եկեղեցում հոգեհանգստի արարողություն անցկացնելը բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել: Այդ առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնիսկ նամակներ է ստացել բնակիչներից, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնել իրենց շրջանի եկեղեցում հաճախակի ննջեցյալի դի դրվելու կապակցությամբ:
Երեւանում հոգեհանգիստ կազմակերպվում է, հիմնականում, ծայրամասային եկեղեցիներում` Նորագավիթի Սուրբ Գեւորգ, Քանաքեռի Սուրբ Հակոբ եւ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցիներում, նկատի ունենալով ե’ւ երթեւեկությունը, ե’ւ մայրաքաղաքում եկեղեցիների պակաս լինելը: Այս մասին մայիսի 17-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Թաղման ծեսը իր մեջ ներառում է երեք բաղադրիչ` տան, եկեղեցու եւ գերեզմանի արարողություններ: Նրա խոսքով` դարեր շարունակ հայկական եկեղեցիներում հոգեհանգիստ կազմակերպվել է, այդ մասին նույնիսկ վկայություևներ կան, իսկ այժմ ավանդությունը վերականգնվում է. «Ինչպես որ մարդը հոգեւոր ծնունդ է ապրում եկեղեցում, նույնն էլ թաղման արարաղությունն է: Եթե մարդը նման ցանկություն է արտահայտել, իրավունք չունենք նրան զրկել այդ հնարավորությունից»,- ասաց նա:
Իր հերթին, ազգագրագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ դասախոս, ազգագրագետ Ռաֆիկ Նահապետյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ եկեղեցում հոգահանգիստ անցկացնելը քրիստոնեական ծեսերի մեջ է մտնում. «Մեկ օրից ավելի իրավունք չունեն ննջեցյալին տանը պահել: Եկեղեցում հատուկ սառը սենյակ կար, որտեղ եւ պահում էին: Ես ողջունում եմ եկեղեցում հոգեհանգիստը անցկացնելը: Նախ`հիվանդություններից շատերը կրում են սուր վարակիչ բնույթ, հետո` ընտանիքի անդամներին հանգիստ պահելու եւ քաղաքակիրթ եղանակ է դա»,- ասաց նա` հավելելով, որ ճիշտ կլինի դիահերձարանից տանեն տուն, ապա` եկեղեցի:
Իսկ ահա հասարակության շրջանում ոչ բոլորն են ընդունելի համարում այդ ավանդույթը, անգամ հնչում են դժգոհություններ: «Եթե ես մեռնեի, կցանկանայի ինձ իմ տնից դուրս բերեին, ոչ թե եկեղեցուց, դա ձեւական բնույթ է կրում» –NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «դեռեւս ողջ» բլոգեր Տիգրան Քոչարյանը: Նա դեմ է եկեղեցում հոգեհանգիստ անցկացնելուն, քանի որ կարծում է, որ դա անհարմար է, մարդու վերջին հրաժեշտը պետք է լինի իր տանը:
56 ամյա տնտեսագետ Վալոդյա Մկրտումյանը կարծում է, որ այդ արարողությունը տհաճություններ է պատճառում տարածքի բնակիչներին, ինչպես նաեւ եկեղեցու համար բիզնեսի ձեւ է. «Հաճելի չէ, երբ ընտանիքիդ հետ այցելում ես եկեղեցի ու այնտեղ դիակ ես տեսնում»:
Տեր Վահրամը կարծում է, որ սա այն պարագան չէ, ինչի շուրջ պետք է դժգոհություններ լինեն. «Յուրաքանչյուր անձ ապահովագրված չէ, իր ընտանիքի մեջ յուրաքանչյուրն այդ ցավը կրելու է` կամա, թե` ակամա: Եւ մեկի պարագայում քննադատել մյուսներին, ովքեր դիմել են եւ չեն մերժվել, կարծում եմ, պատշաճ չէ»,- ասաց նա:
Մեկ այլ խնդիր է եկեղեցում հուղարկավորություն անցկացնելու դիմաց հանգուցյալի տիրոջից վերցվող գումարների հարցը: Մեր զրուցակիցների փոխանցմամբ, ովքեր իրենց հանգուցյալի հոգեհանգիստն անցկացրել են եկեղեցում, դին մեկ օր եկեղեցում պահելու համար պետք է վճարել 100-200 հազար դրամ, երբեմն նույնիսկ ավելի:
Ըստ շրջանառվող լուրերի` եկեղեցում հոգեհանգիստ են անցկացնում մեծահարուստները, քանի որ ամեն մարդ չէ, որ կարող է իրեն թույլ տալ թաղման առանց այդ էլ ոչ փոքր ծախսերի շարքում լրացուցիչ 100-200 հազար դրամ ծախսել:
Բացի այդ, եկեղեցականները հրաժարվում են քաղաքացիներին, մասնավորապես` կանանց, գների հետ կապված որեւէ տվյալ ասել հեռախոսով`նշելով, որ պետք է գալ եւ Տեր հոր հետ պայմանավորվել: Մի շարք եկեղեցիներում էլ հրաժարվում են ասել հոգեհանգիստ անցկացման պայմանները, նշելով. «Տանը տղամարդ չկա՞, թող գա պայմանավորվի քահանաներից մեկի հետ»:
Իսկ ահա, Տեր-Վահրամը հերքում է, որ եկեղեցում հոգեհանգստի արարողություն անցկացնելու համար սակագներ կան: ««Եկեղեցում որեւէ արարողություն սակագին չունի, ինչ որ տրվում է, տրվում է մարդկանց կողմից եւ նրանց ցանկությամբ: Գումարները տարբեր կերպ են տնօրինվում, եկեղեցու հոգեւոր հովիվները գումարները տնօրինում են եկեղեցու կարիքները հոգելու, աշխատակիցների վարձատրության համար եւ այլն»,- ասել է նա:
Նշենք նաեւ, որ գումարից բացի` հոգեհանգստի արարողության համար անհրաժեշտ է նաեւ գինի, ալյուր, ձեթ:






Facebook
Tweet This
Email This Post
