Վազգեն Խաչիկյանը Գերմանիայում է. Նա սրտի հետ կապված խնդիրներ ունի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 17, 2011 20:52

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը,NEWS.am-ի հավաստի տեղեկություններով,  այժմ Գերմանիայում է: Խաչիկյանը Գերմանիա է մեկնել բուժման նպատակով. նա սրտի հետ կապված խնդիրներ ունի: Գերմանիայի հեղինակավոր կլինիկաներից մեկում նա սրտի հետազոտություն է անցնում, սակայն առողջական խնդիրը լուրջ չէ այնքան, որ բանը հասնի վիրահատության:

Ըստ NEWS.am-ի աղբյուրի, Խաչիկյանը Հայաստան կվերադառնա մոտ 20 օրից: Խոսակցություններ կան, որ նրա մոտ առողջական խնդիրներն ի հայտ են եկել  Վերահսկիչ պալատի կողմից Ծառայությունում հայտնաբերված չարաշահումներից հետո: Ժամանակ առաջ պաշտոնից հեռացված պաշտոնյան բուժման կուրս է անցել «Էրեբունի» բժշկական կենտրոնում, քանի որ ճնշման տատանումների արդյունքում կտրուկ վատթարացել էր նրա ինքնազգացողությունը: Ընդհուպ խոսակցություններ շրջանառվեցին, որ նրան ռեստորաններից մեկում փորձել են թունավորել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված կենսաթոշակների նշանակման եւ վճարման ճշտության ստուգման արդյունքներով կազմված ակտերի հիման վրա: Ըստ այդմ` կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով մահացած կենսաթոշակառուների անվամբ, ժամկետանց  լիազորագրերի հիման վրա, կրկնակի թոշակներ նշանակելու  եւ ավել հաշվարկված ստաժի հիման վրա  2009-2010թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից  դուրս է գրվել եւ վճարվել առանձնապես խոշոր չափերի` 113 181 900 դրամ գումար:  Այն յուրացվել է, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է ծանր հետեւանքներ առաջացնող էական վնաս: Ձերբակալվածներ առայժմ չկան:

 

Դիտվել է 1359 անգամ:
Print Friendly

Leave a Reply