Վազգեն Խաչիկյանի ղեկավարած հիմնարկը բյուջեից յուրացրել է 113 մլն-ից ավել գումար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 17, 2011 19:06

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ`յուրացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ:

Դատախազության լրատվական ծաայությունից տեղեկացնում են, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրելով ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված կենսաթոշակների նշանակման և վճարման ճշտության ստուգման արդյունքներով կազմված ակտերի հիման վրա նախապատտրաստված նյութերը, պարզել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կենսաթոշակների նշանակման, վճարման և վերահսկողության բնագավառներում կազմակերպական-տնօրինչական լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ինչպես նաև ծառայողական պարտականությունները չկատարելու, պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով մահացած կենսաթոշակառուների անվամբ, ժամկետանց լիազորագրերի հիման վրա, կրկնակի թոշակներ նշանակելու և ավել հաշվարկված ստաժի հիման վրա 2009-2010թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից դուրս են գրել և վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 181 900 դրամ գումար, որը յուրացվել է, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս: 

Ըստ աղբյուրի, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Ա. Նիկողոսյանի որոշմամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով:

Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատը ստուգումներ էր անցկացրել նախկինում Վազգեն Խաչիկյանի ղեկավարած սոցիալական ապահովության ծառայությունում և բացահայտել անհավանական խախտումներ. մասնավորապես, հայտնաբերվել էր մահացած մարդկանց մի մեծ ցուցակ, որոնց անունով երկար ժամանակ կենսաթոշակ է հատկացվել։ Ստուգումների արդյունքների հրապարակումից հետո նախագահ Սարգսյանի հանձնարարությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքից ազատեց Վազգեն Խաչիկյանին:

Այնուհետև Հայաստանի սոցիալական ապահովության 51 տարածքային կազմակերպություններում կատարած ստուգումների արդյունքում Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողական տեսչությունը բացահայտած խախտումներով 500 էջանոց հաշվետվություն էր մայիսի 11-ին ուղարկել դատախազություն:

Օրերս Ազգային ժողովում անդրադառնալով բացահայտված խախտումներին, վարչապետ Սարգսյանը համոզմունք էր հայտնել, որ «գլխավոր դատախազությունը արդյունավետ կկազմակերպի աշխատանքները»:

panorama.am

 

Դիտվել է 1378 անգամ:
Print Friendly

Leave a Reply