Սոնա Հարությունյան. «Գործազրկության մակարդակը միտում ունի աճելու»
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ | ankakh | August 20, 2009 15:00
Ընթացիկ տարվա օգոստոսի 1-ի դրությամբ հանրապետությունում գործազրկության մակարդակը տարեսկզբի համեմատ աճել է 0.7 տոկոսային կետով և կազմում է 7 տոկոս:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը նշել է, որ «օգոստոսի 1-ի դրությամբ աշխատանք է փնտրում 101 հազար մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 9.2 տոկոսով»:
Աշխատանք փնտրողների թվում 84 հազար 700-ը գործազուրկներ են, որոնցից 71.1 տոկոսը կանայք են:
Հարությունյանը նշել է նաև, որ իրական գործազրկության մակարդակը տարբերվում է պաշտոնականից, քանի որ ոչ բոլոր մարդիկ են հաշվառվում գործակալությունում:
«Շատերը ցանկանում են իրենց ուժերով աշխատանք գտնել,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ ասել է նա,- և որպեսզի մեզ համար հստակ լինի մեր իրականացվող ծրագրերի հասցեականությունը, ևդրանք լուրջ արդյունքներ ունենան, մենք պատվիրել ենք իրականացնել հետազոտություն, որը հնարավորություն կտա գնահատելու հանրապետությունում իրական գործազրկության մակարդակը:
Հուլիսի ընթացքում գործակալություն է ներկայացվել 1.149 թափուր աշխատատեղ, որոնցից կրկնվող է 642-ը: Շարունակում են թափուր մնալ բժիշկների, ուսուցիչների, գործակալների, վարորդների աշխատատատեղերը:
Զբաղվածության ծառայության տարածքային կենտրոնների, ինչպես նաև նրանց շահառուների ակտիվ գործունեության արդյունքում օգոստոսի 1-ի դրությամբ աշխատանքի է տեղավորվել 5.049 աշխատանք փնտրող, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.3 տոկոսով:
Այս տարվա աշխատանքի տեղավորվածներից 3.087-ը կանայք են, 1.159-ը` երիտասադներ: Հարությունյանի խոսքով, հաշվի առնելով տնտեսական ճգնաժամը, տարվա ընթացքում կշարունակի աճել զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառվողների թիվը:






Facebook
Tweet This
Email This Post
