Միջին մասնագիտական կրթություն ունեցող մանկավարժներ այլևս չեն լինի

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 17, 2011 17:18

Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում այլևս ուսուցիչներ չեն պատրաստի. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԿԳՆ փոխնախարար Արա Ավետիսյանը: Նրա խոսքով` մանկավարժական կադրեր պատրաստող բարձրագույն ուսումնական հաստատությունները փակում են դաշտը և այլևս նպատակահարմար չէ  դպրոցում ունենալ միջին մանկավարժական կրթություն ունեցող կադրեր:

Կրճատվել են նաև բուժքույրությանը և իրավագիտությանը հատկացվող տեղերը:

Փոխարենը նախարարությունն  ավելացրել է գյուղատնտեսական, տեխնիկական, շինարարական և սպասարկման ոլորտի մասնագիտություններին հատկացվող տեղերը:

Այս տարի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին հատկացվել է 2300 անվճար տեղ: Այդ թիվը 50 տոկոսով կավելանա 2012-ից, երբ այդ հաստատություններն անցնեն նախարարության ենթակայության տակ:

Արա Ավետիսյանը նշում է, որ հայաստանյան հասարակությունն ունի մտածելակերպի խնդիր. մարդիկ դեռևս նախընտրում են ստանալ ցածրորակ բարձրագույն կրթություն` այն համարելով ավելի հեղինակավոր, քան թե որակյալ միջին մասնագիտական կրթություն:

Ըստ փոխնախարարի` պետք է հասնել նրան, որ աշխատող փնտրելիս պարտադիր պայման լինի ոչ թե գեղեցիկ արտաքինը և բարձրագույն կրթությունը, այլ համապատասխան մասնագիտական կրթությունը:

Այս տարվանից սկսած նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ևս քննություններ իրականացվելու են առանց լրացուցիչ քննությունների` դպրոցի ավարտական քննության գնահատականը հիմք կծառայի նաև ընդունելության համար:

 

Դիտվել է 1143 անգամ:
Print Friendly

Leave a Reply