Աղալճում լողանալը երկարացնում է մարդու կյանքը. առասպե՞լ, թե՞ իրականություն

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | May 31, 2011 14:03


-Բալա ջան, մի հատ ոտներս որ էս ջուրը մտցեմ, կյանքիցս մի տասը տարի էլ հալբաթ կերկարի:

60-ամյա Հայկ Ավետիսյանը բաղձալից մի հայացք ձգեց սառն ու տակավին դատարկ լճի մակերևույթին, որի շուրջբոլորը հարդարված էր հսկայական, հարթ մակերես ունեցող քարաբեկորներով:

Սարի թաղի ստորոտին՝ Թոխմախի հարևանությամբ, ջրային մի տարածք կա, որը շրջակայքի բնակչությունն անվանում է Աղալիճ: Այստեղ ուշ գարնանից սկսած, երբ ջրի ջերմաստիճանը բարձրանում է, մարդիկ լողանում ու պառկում են քարերի վրա` արևի տակ: Նրանք պնդում են, որ ջուրը բուժիչ նշանակություն ունի, հատկապես հոդացավերի ու աղային կուտակումների համար: Այդ  մասին «Անկախին» ասել էր թերթի ընթերցողներից մեկը:

Վաղ գարուն է, և Հայկ Ավետիսյանը, նրա ընկերն ու «Անկախի» խումբն Աղալճի միակ այցելուներն էին: Ավետիսյանը բնակվում է Երևանի կենտրոնում, ժամանակին այստեղ լողացել է և ընկերոջը բերել էր տեղանքին ծանոթացնելու:

Աղալիճը  եռանկյունաձև,  մոտ 300 քմ մակերեսով ու մի մարդաբոյ խորությամբ պղտոր ջրափոս է, որի հատակը լի է տիղմով:  Շրջակայքն ամայի տարածություն է, որից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա կենցաղային և շինարարական աղբակույտեր են: Աղալճի տարածքում նաև գաջի գործարան կա:

Սարի թաղի բնակիչ Սարգիս Զուլֆիգարյանը մեզ պատմեց, որ ամռանն այստեղ ասեղ գցելու տեղ չի լինում. գալիս են ավտոբուսներով կամ սեփական մեքենաներով, մնում են մինչև գիշերվա ժամը 1-ը, երբեմն 2-ն ու հերթափոխով լողանում: Ոչ ոք ուշադրություն չի դարձնում շուրջբոլորը վխտացող մոծակներին. դրանք այնքան շատ են, որ Աղալիճը հայտնի է նաև Մոծակալիճ անունով:

«Ով մի անգամ եկավ, հա՛ կգա,- ասում  է Սարգիսը,- որ մտնում-դուրս ես գալիս, մի տեսակ ոնց որ ջանդ թեթևանա, բուժիչ հատկություն ունի էս Աղալիճը»: Նա պատմում է , որ մարդիկ լողանալուց հետո իրենց մարմինը պատում են հատակից հանված տիղմով ու մի որոշ ժամանակ այդպես տիղմապատ պառկում քարերի վրա: «Էն էլ իրանց դուշն ա, վերջում էլ տակը ցայվում են»,- ժպտալով ասում է Սարգիսը: Աղալիճը երեք  կողմից շրջապատված է թումբերով, և դրանցից մեկի գագաթից մի փոքրիկ ջրվեժ է ցայտում, որը սնուցում է ջրափոսը: Տեղացիները ջրի հոսքն ուղղորդելու և հավաքելու համար  դրա վրա խողովակ են հարմարեցրել, որի տակ էլ կանգնում են լողացողները:

Սարի թաղի բնակիչների ասելով` ինչ հիշում են, Աղալիճն այստեղ գոյություն է ունեցել: «Մենք ստեղ 50-60 տարի ա` ապրում ենք, էդ ջուրը կա, առաջ ավելի մեծ էր, Հայրապետյանը հող լցրեց վրեն, որովհետև ջուրն էթում էր իրա կարի ֆաբրիկայի տակը»,- պատմում է Սարգիսը:

Աղալճի հարևանությամբ գտնվում է նախկին տրիկոտաժի ֆաբրիկան, որը Հայրապետյան եղբայրների սեփականությունն է: Նրանց են պատկանում «Հայաստան» հանրախանութը, «Արարատ» հյուրանոցը: Հայրապետ Հայրապետյանը Ձիասպորտի ֆեդերացիայի նախագահն է: Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Nokia» բջջային հեռախոսների ներկրումը նրանք իրականացնում են Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հետ միասին: Ասում են, որ նրանց է «պատկանում» նաև Պարզ լիճը:  Տեղի բնակիչներն կարծում են, որ Աղալիճն ու հարակից տարածքը նույնպես նրանց սեփականությունն է:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ  կապերի վարչությունից «Անկախին»  տեղեկացրին, որ  Սարի թաղի ներքևում  տարածք կա, որը տեղացիներն անվանել են Աղալիճ. «Այն  ինչ-որ մեկի սեփականությունը չէ: Տարածքը Երևան համայնքի սեփականությունն է»:

Թաղի բնակիչներն ասում են, որ Հայրապետյաններն են ջրափոսի եզրերի շուրջը քարեր շարել, որպեսզի մարդիկ դրանց վրա պառկեն:  Ամենայն հավանականությամբ, Հայրապետյանները  դա արել են, որպեսզի ինչ-որ ձևով քավեն մեծ ջրային տարածքի հողածածկումը:  Աղալիճը հողով ծածկելուց հետո  այն դուրս է տվել երկու փոքրիկ ջրափոսերի տեսքով, որոնք գտնվում են ներկա Աղալճից մի փոքր հեռու:

Սարգիսն ասում է, որ ջրից դուրս գալուց և ցամաքելուց հետո մարդկանց մարմիններն ամբողջությամբ աղակալած է լինում. «Մաշկդ չորանում և ձգվում է»:

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի (հայտնի է  ֆիզիոթերապևտիկ անունով) աշխատակից Կարինե Վլադիմիրովնան «Անկախին» ասաց, որ այդ ջրային տարածքում վերջին անգամ հետազոտություն է կատարվել անցյալ դարի 30-40- ականներին:

«Մեր ինստիտուտի արխիվներում կան այդ արդյունքները, սակայն դրանք այնքան հին են, որ ես դա հիմք ընդունել և որևէ բան ասել չեմ կարող,- ասաց նա:- Անշուշտ, պետք է նոր հետազոտություն անել՝ ստուգելու համար, թե տարիներ շարունակ բուժիչ հատկություններով օգտագործվող ջուրն ինչքանով է համապատասախանում այն նպատակներին, ինչի համար ծառայում է»:

Միաժամանակ նա ասաց, որ  Հայաստանի բոլոր լճերն ու ջրերն էլ բուժիչ հատկություն ունեն, այդ թվում նաև հենց այդ տեղը, քանի որ այն գտնվում է գերեզմանոցի հարևանությամբ, որի առկայությունը ժամանակի ընթացքում ընդերքում ապահովում է օրգանական նյութերի որոշակի քանակություն: «Այն գտնվում է նաև գաջի գործարանի հարևանությամբ,- ասաց Կարինե Վլադիմիրովնան,- իսկ ի՞նչ  է գաջը, կավ: Իսկ կավը հայտնի է իր բուժիչ հատկություններով»:

«Անկախը» Աղալճի բուժիչ հատկությունների վերաբերյալ փորձեց հավաստի տեղեկություններ ստանալ այլ աղբյուրներից: Պարզվեց, որ շատերը գիտեն Աղալճի մասին, սակայն որևէ հետազոտություն որևէ տեղ չկա: Ավելին:  Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հիդրոերկրաքիմիայի լաբորատորիայի վարիչ Հրաչ Շահինյանն ասաց, որ այդ կարգի ջրեր կան Հայաստանի տարբեր վայրերում, ինչպես, օրինակ` Վեդիում, Աղվերանում, Արզաքանում, Սյունիքում և այլուր. «Այդ ջրերի մի մասի վրա մարդիկ նույնիսկ ստեղծել են բաղնիքի նմանվող մի հարմարություն, որտեղ էլ լողանում են»:

Շահինյանն ասում է նաև, որ այդ ջրերի բաղադրությունն էապես տարբերվում է խմելու ջրի բաղադրությունից.  «Այնտեղ  կան, մասնավորապես, ծծումբ և ֆտոր կամ նույն աղերը, որոնց առկայությունը կարող է որոշ ազդեցություն ունենալ մարդկանց օրգանիզմի վրա, ընդ որում, ոչ միանշանակ ազդեցություն»,- ասաց Շահինյանը:

Շահինյանը մանրամասնեց, որ այդ նյութերը մարդկանց վրա կարող են ունենալ ինչպես բարերար, այնպես էլ վնասակար ազդեցություն, ճիշտ այնպես, ինչպես, օրինակ` «Ջերմուկն» ու «Արզնին»: «Ես միշտ ասել եմ, որ Ջերմուկն ու Արզնին պետք է վաճառել դեղատանը, ու այդ մասին շատ եմ խոսել: Սակայն ինչպես որ բոլորը խմում են  «Ջերմուկ» ու «Արզնի», այնպես էլ բոլորը նույն կերպ կշարունակեն լողալ այդ ջրերում»:

Աղալճի մասին որևէ հետազոտություն, փաստորեն, չկա, և մարդիկ տարիներ շարունակ լողանում են այնտեղ, որի հարակից տարածքը վերածված է աղբանոցի:

«Անկախը» ահազանգեց այդ մասին Երևանի քաղաքապետարանին, որտեղից ստացվեց այս պատասխանը. «Վարչական շրջանից Աղալճի հարակից տարածքում շինարարական աղբի կուտակումների վերաբերյալ  տեղեկացնում են, որ շինարարական աղբ թափելն արգելվում է ինչպես Ձեր նշած, այնպես էլ վարչական շրջանի այլ հատվածներում: Շինարարական աղբը կարելի է թափել միայն հատուկ սահմանված վայրերում: Խախտողներն օրենքով սահմանված կարգով ենթարկվում են վարչական տույժի: Ձեր ահազանգի հիման վրա հանձնարարվել է մաքրել լճի շրջակայքը և շուրջօրյա հերթապահություն սահմանել՝  նման երևույթները կանխելու նպատակով»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 3184 անգամ:
Print Friendly

Leave a Reply