Արտահոսք Հայաստանից. կառավարության խթանած գյուղատնտեսական բարեփոխումների արդյունքում փոքր ջերմատները փակվում են

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | May 18, 2011 11:48

Հարություն Հակոբյանը ընտանիքի հետ միասին պատրաստվում է մեկնել Մոսկվա: Նա Գեղանիստ գյուղի բնակիչներից է, հուսալքվել է ու պատրաստվում է լքել հարազատ գյուղը:

Գեղանիստը Երևանից 3 կմ հեռավորության վրա մոտ 1300 տնտեսություն ունեցող գյուղ է, որտեղ գերակշռում է  ջերմոցային տնտեսությունը: Հակոբյանն ասում է, որ գյուղում իր նման ևս 150 ընտանիք պատրաստվում է հեռանալ:

«Հլը մտեք ինտերնետ՝ կտեսնեք,- «Անկախին» ասում է նա,- 150 հոգի գյուղից տուն ա ծախում, ով էլ չի կարում ծախի, մարդ ա ման գալիս, որ տանը մնացող լինի, ինքը թողնի գնա էստեղից, որը Տուլա, որը Կուրսկ, բոլորն էլ գնում են»:

Հարությունի ընտանիքը մոտ 800 քմ ջերմոց ունի, որտեղ հիմնականում աճեցվում է վարունգ և վարդ: Ջերմոցից արտադրություն ստանալու համար նա տարեկան ծախսում է մոտ 4 մլն դրամ, որը ներառում է բոլոր ծախսերը, այդ թվում սածիլների գնումը, պարարտանյութը, գազի ծախսը, ջրի և հողի հարկերը, ապրանքի իրացման ծախսերը:

«Բա ես նաև վարկ ունեմ, որը փակում եմ,- ասում է նա,- «Ակբան» տվել է 20 հազար դոլար, երեք տարվա մեջ 24 հազար պիտի վերադարձնեմ, ես չեմ հասցնում, դոլարով է տվել, վերցրել եմ 300-ի ժամանակ, ու ժամանակ է եղել մինչև 390-ով էլ փակվել եմ, իսկ դրանից առաջ էլ 10 հազար էի վերցրել, չկարեցա փակեմ. սա վերցրեցի, որ նա փակեմ: Սենց էլ հնարավոր չէ: Սաղ գյուղն էդ վիճակում ա, սաղն էլ թողնելու են գնան»:

Գեղանիստը հիմնադրվել է 1950-ականներին, տեղի բնակիչները հիմնականում Նախիջևանից արտագաղթածներ են: Հարությունի մայրը՝ Արզիկը, ծնվել է Նախիջևանում, և երբ այնտեղ դպրոցները փակվել են, 1963 թ. գերդաստանով տեղափոխվել են Հայաստան ու հաստատվել Գեղանիստում, որն այն ժամանակ կոչվել է Գյուգյումբեթ: Գյուղի բնակչության մեծ մասը թուրք է եղել: Գեղանիստին կպած Խաչփար գյուղում ընդամենը մեկ  հայ ընտանիք է ապրել:

Գյուղում ջերմոցային տնտեսությունը զարգացել է 70-ականներից, այն ժամանակ միայն մեխակ էին աճեցնում: 80-ականներին ջերմոցները քանդելու հրաման է եղել՝  դրանք որակելով որպես մասնավոր սեփականություն ունենալու փորձ, որը հակասում էր խորհրդային սկզբունքին:

«Ամբողջ գյուղի ջերմոցները բուլդոզերով դրեցին քանդեցին,- հիշում է Հարությունյունի հարևան Մեխակը,- իսկ էդ ժամանակ Բաքվի թուրքերը եկան ու կոպեկներով մեր ջերմոցների մատերիալը կրեցին Բաքու»:

Ռազմիկը, որ ուներ 800 քմ ջերմոց, 5 տարի բանտ է նստել մեխակ արտահանելու համար: «83-ին դատեցին, մինչև դուրս եկա, վլաստը փոխվեց ու պարզվեց՝ ինչ անում էի, ճիշտ էի անում»,- կատակելով հիշում է նա:

Գյուղի ջերմատներում, լոլիկից ու վարունգից բացի, աճում է հոլանդական վարդ, հերբերա, մեխակ, դրախտաթռչուն, ֆրեզիա, շուշան և այլ ծաղկատեսակներ: Սրանք աճեցնելու իրենց յուրահատկություններն ու բարդություններն ունեն:

Տեղական վարդերն ու մեխակները, որ մի ժամանակ շատ տարածված էին, դուրս են մղվել շուկայից՝ իրենց տեղը զիջելով հոլանդական տեսակներին: Դրա պատճառն այն է, որ տեղական  տեսակները դիմացկուն չէին: Տեղական վարդի գլխիկը, ի տարբերություն հոլանդական վարդի փարթամ ու շքեղ գլխիկի, թերթիկներից աղքատ էր ու շատ արագ թոշնում էր: Իսկ մեխակների ցողունները շատ բարակ էին ու անմիջապես կոտրվում էին: Դրա փոխարեն տեղական վարդն ու մեխակը զգլխիչ բուրմունք ունեին, որից զուրկ են հոլանդական տեսակները:

Մեխակի սածիլներն, օրինակ, պետք է ամեն տարի փոխվեն: Ի տարբերություն վարդի, որոնք մեկ անգամ գնելուց հետո ջերմոցատերերը բազմացնում են, մեխակը տեղական պայմաններում չեն կարողանում բազմացնել:

«Բա հոլանդացիները էնքան խելոք ազգ են ու նենց են ստեղծում, որ միշտ իրենցից առնես»,-դառը կատակով ասում է Հարությունը: Բացի այդ, մեխակ աճեցնելը թանկ արժե: Մոտ 500-600 քմ տարածքով ջերմոցում մեխակ աճեցնելու համար անհրաժեշտ է 5000 դոլար, որն ընթացիկ ծախսեր չի ներառում: «Մեխակն էլ տանում են գերեզմաններ, իսկ հայ ազգը գերեզման սիրող ազգ ա,- ասում է Հարությունը,-ամեն տոնի հաջորդ օրը գերեզման են գնում, դե էդ ժամանակ էլ մեխակ են տանում»:

Հերբերան փոխում են երկու տարին մեկ անգամ: Այն աճեցվում է պոլիէթիլենե տոպրակների մեջ լցված հողում, որն ամբողջությամբ փոխվում է: «Մի ավտո հողն էլ 160 հազար դրամ է, դե քո հաշիվը տես,- ասում է Հարությունը,- 500-600 քմ տարածքում հերբերա աճեցնելու համար 17 մլն դրամ է պետք, էդ դեռ էն պայմաններում, երբ ջերմոցը կա, բա ենթադրենք մարդ կա, որ ուզում ա գործ դնի, ո՞նց կլինի՞»:

Գյուղացիները բողոքում են սպառված գազի նկատմամբ  մտցված 1.1 գործակցից, որ կիրառվում է  նրանց ծախսած վառելիքի դիմաց: Հարությունը, որ այս տարի ջերմոցում ծախսել է 13.600 խմ գազ, պետք է վճարի 15.000 խմ-ի համար: «Հազար անգամ բողոքել ենք, ասել են գազի կորուստ կա,- ասում է նա,- ես ի՞նչ գործ ունեմ գազի կորստի հետ, մենք հետաքրքրվել ենք, ուրիշ շրջաններում ոչ մի գործակից էլ չկա»:

«Անկախին» չհաջողվեց Հայռուսգազարդից որևէ տեղեկություն ճշտել: Ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Սարդարյանը, որ նաև Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարն է, «Անկախին» վրդովված ասաց, որ այդ մասին մի քանի անգամ Գեղանիստի բնակիչներին տեղեկացվել է: «Ինչպես երևում է, նրանք չեն հասկանում և նորից դիմել են լրատվամիջոցի»,- ասաց նա:

Մի ամբողջ օր տևող հեռախոսային բանակցություններից հետո Սարդարյանը ընկերության բաժնի պետի հեռախոսահամար տվեց, ով «Անկախի» համար մեկ անգամ ևս կբացատրեր, թե բանն ինչ է, սակայն այդ հեռախոսահամարն անհասանելի էր, իսկ համացանցում կատարված որոնումներն այդ մասին որևէ արդյունք չտվեցին:

Բացի սպառված գազից, բնակիչները վճարում են նաև գազի սպասարկման դիմաց, որը տարբեր բաժանորդների համար տարբեր է, ընդ որում, անցյալ տարվանից սկսած` գազի սպասարկման գրասենյակը հանում է հաշվիչը լաբորատորիայում ստուգելու համար, որի դիմաց վճարում է քաղաքացին: «Բայց եթե իրենք կասկած ունեն, ե՞ս ինչի պիտի վճարեմ»,- հարցնում է Հարությունը:

Գյուղում ոչ մի ջերմոց ունեցող աշխատող չի պահում, բոլորն ընտանիքով են աշխատում: Իսկ մթերքն ու ծաղիկները վաճառում են Մալաթիայի ու Գնունու շուկաներում, որտեղ առևտուրը կատարվում է գիշերը: Մարդիկ գիշերը առևտուր անելուց հետո էլ գալիս ու մտնում են ջերմոցներ, քնում են ցերեկը:

Հարությունն ասում է, որ Մալաթիայում էլ հիմա քիչ է վաճառվում, որովհետև վարունգը «Երևան սիթիում» նույն գնով է վաճառվում: «Երևան սիթին» պատկանում է Սամվել Ալեքսանյանին, ով «Անկախի» տվյալներով նույնպես ջերմոցներ ունի, որտեղ էլ աշխատում են Գեղանիստի բնակիչներից:

Մեկ այլ բարդություն էլ իր հետ բերում է Հայաստանի մաքսային վարչարարությունը, որի հետևանքով ներկրվող ծաղիկը մրցակցում է տեղական շուկայի հետ,  ու տեղական արտադրությունը չի շահում:

«Շուկայում վաճառվող ծաղիկները բերվում են դրսից, ու մենք չենք կարողանում նրանց հետ մրցել,- ասում է Հարությունը,-  նրանց ծաղիկը հա՛մ մեզնից որակով է, հա՛մ էլ էժան, մենք ձմեռը մի վարդը ծախում էինք 700 դրամով, իսկ նրանք` 550-600 դրամով, Վրաստանը իր երկրից դուրս հանելու համար մաքսազերծման էժան գին է դրել, մեզ մոտ էլ` հակառակը: Հետո ո՞վ իմանա, թե  նրանք ընդհանրապես մաքսազերծում են, թե՝ չէ»:

Ապրիլի 7-ից հետո, երբ ծաղիկների գինը էժանանում է, փաստորեն, վրացիներն ուզում են ծաղիկն այստեղից տանել, բայց քանի որ Հայաստանը երկրից դուրս հանելու համար բարձր մաքս է սահմանել, վրացիները շատ էժան գին են առաջարկում:

Մի հերբերայի համար գյուղում ուզում են 30 դրամ, սակայն արկղի համար, որտեղ 30 հատ ծաղիկ կա, վրացիներն առաջարկում են ընդամենը 500 դրամ: «Որովհետև էստեղի տամոժնին նենց գներ ա դրել, որ իրենք էդ գնի մեջ են տեղավորվում,- ասում է Հարությունը,- դա գալիս է հատը 17 դրամ, եթե արկղի գինն էլ հանես, համարյա 10 դրամ, բա մեր օգուտը ո՞րն ա»:

Չմաքսազերծված գյուղատնտեսական մթերք վաճառելու մասին բարձրաձայնել էին նաև Արարատի և Արմավիրի մարզերի մի խումբ  ջերմոցատերեր, որոնք մայիսի 2-ին կառավարության դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել: Նրանք ասում են, որ լոլիկ և վարունգ արտադրողների ու ներմուծողների համար ստեղծված չեն հավասար մրցակցային պայմաններ:  Նրանք անտրամաբանական են համարում դրսից ներկրված լոլիկի ու վարունգի ցածր գինը: Ներկրողները 370-420 դրամ մաքսային տուրք պիտի վճարեն, մինչդեռ հենց  այդքանով է վաճառվում:

«Բա կառավարությունը սաղ օրն ասում ա, թե խթանում են գյուղատնտեսությունը, բայց իրանք խփում են տեղական արտադրողին,- վրդովված ասում է Հարությունը,- իսկ դուք դեռ չգիտեք, թե ոնց են աճեցնում էդ դրսից բերված վարունգը: Դրանք հողի մեջ չեն աճում, այլ ջրով լցված ամանների մեջ, որտեղ պարարտանյութ է լցվում, մենք էլ ենք պարարտանյութ տալիս, բայց հողը ֆիլտրում ա»:

Բոլոր գործոններն ու խնդիրները հաշվելուց հետո Հարությունը եզրակացնում է, որ տնտեսական իրավիճակը տանում է դեպի բիզնեսի խոշորացման: «Հիմի փոքր՝ 500-600 քմ ջերմոցներ ունեցողներին ձեռ չի տալիս, մարդ պիտի գոնե մի 1500 քմ ունենա, որ էն 1000 քմ ծախսը փակի, էն մնացած 500-ով էլ օգուտ ունենա՝ ապրի,- մեկնաբանում է նա,- հիմի հերթով էն փոքրերը կփակվեն, կմնան մեծերը»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 2067 անգամ:
Print Friendly

Leave a Reply