Որտե՞ղ պետք է մեծանա երեխան. մասնագետներն ասում են` ոչ երբեք խնամքի հաստատությունում

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 17, 2011 16:28

Կենտրոնում՝ Ֆիլարետ Բերիկյան, Լեյլի Մոշիրի, Անահիտ Բախշյան

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNISEF) հանրության ուշադրությանն է ներկայացրել խնամքի հաստատությունների բեռնաթափման իրականացմանն ուղղված ուսումնասիրությունների արդյունքները, որոնք կատարվել են 2009 թ.՝ օգտագործելով 2008 թ. տվյալները:

«Երեխաների խնամքի հաստատությունների արագ գնահատում» և «Դեպի երեխայի խնամքի այլընտրանքային ծառայություններ. խնամքի հաստատությունների և համայնքային ծառայությունների ծախսերի գնահատումը» ուսումնասիրություններն արվել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և ընդհանուր հաշվով 50 հաստատությունում:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ խնամքի հաստատություններում ապրող մոտ 4000 երեխաներից շուրջ 80 տոկոսը մի ծնող ունի: Նրանք այնտեղ հայտնվում են հիմնականում սոցիալ-տնտեսական դժվարությունների հետևանքով: Երեխաների մոտ 40 տոկոսն էլ հաշմանդամ է:

Կառավարությունը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համատեղ դեռևս 2004-ից իրականացնում է  խնամատարության ինստիտուտի ներդրման  փորձնական ծրագիր, որի նպատակն է խնամքի  հաստատությունների բեռնաթափումը: Բայց այն դեռևս հաջողություն չունի:

Հայաստանի կառավարությունը խնամատար ընտանիքներում մեծացող երեխաների փորձը ձեռնարկել է դեռևս 2001-2002 թթ. սկսած: Այդ մասին «Անկախին» ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, «Սոս» մանկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աշոտ Եսայանը:

«Այն ժամանակ մոտ 60 դոլար էր հատկացվում երեխային պահելու համար, և մոտ 10 երեխայի այդ ծրագրում ընդգրկել էինք»,- ասաց նա: Դրանից հետո ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ են մտցվել խնամատարության կարգը հաստատելու համար, իսկ 2008 թ.  կառավարության որոշմամբ սահմանվել է  նաև երեխային  խնամատար ընտանիքին հանձնելու և խնամատար ծնողների վարձատրության կարգը:

Ըստ մասնագետների հաշվարկների՝երեխային մանկատանը կամ խնամքի այլ հաստատություններում  պահելու  տարեկան միջին արժեքը մոտ 3800-4000 դոլար է, իսկ այս ծրագրով մեկ ամսվա համար հատկացվում է 80 000 դրամ, որը նախատեսված է երեխայի կարիքների բավարարման ու խնամատար ծնողի վարձատրության համար:  Դա  տարեկան կազմում է 960 հազար դրամ  կամ 2700 դոլար: Կառավարության  ծրագրով նախատեսված է  տարեկան 25 երեխայի խնամքի ֆինանսավորում:

Եսայանը դրական է գնահատում այդ ծրագիրը, եթե, իհարկե, այն իրականացվի ըստ  դրա գաղափարախոսության: «Դա շատ լավ միջոց է, որ երեխաները կյանքի դժվարին պայմաններում ապրելու համար հարմարվողականություն ձեռք բերելու մի փոքր հնարավորություն ունենան,- ասում է նա,- դա նրանց կիսաանկախ պայմաններ է տալիս»:

Այսօր Հայաստանում ընդամենը 20 խնամատար ընտանիք կա, որոնք խնամում են 22 երեխայի:

Մանկատանը գտնվող երեխայի վրա ծախսվող գումարի չափը մեծ զարմանք պատճառեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին:  «Պարզ է դառնում, թե ինչու են մանկատան տնօրենները այդպես շահագրգռված, որ մանկատները լինեն,- ասաց նա,-  դա կոռուպցիայի աղբյուր է, և ահա թե ինչու մանկատան դռները փակ են, և շատ դժվար է այնտեղ մտնել»:

Տիկին Բախշյանին հակադարձեց նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը: Նրա խոսքով` մանկատան դռները միշտ էլ բաց են, և վերջին անգամ  անցկացված ստուգումները ոչ մի բացասական արդյունք չեն տվել:

Աշոտ Եսայանին այդ գումարն այնքան էլ արժանահավատ չթվաց, սակայն նա համարում է, որ երեխայի հետ գործ ունենալու պարագայում առաջնայինը փողը չէ: «Պետք է պարզապես լավ ընտանիք գտնել երեխայի համար, ոչ թե երեխա՝ընտանիքի համար,- ասում է նա,- իսկ խնամքի հաստատությունները բեռնաթափելը, այո, ճիշտ է»: Ըստ նրա` եթե անգամ հետագայում լինեն էլ խնամքի հաստատություններ, ապա ճիշտ կլինի, որ դրանք դուրս գան պետության գործառույթների շրջանակից, և դրանցով զբաղվեն հասարակական կազմակերպություները:

UNISEF-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլի Մոշիրիի կարծիքով` խնամքի  հաստատությունների վերացումն արդարացված է տնտեսական տեսանկյունից, քանի որ խնամատար ընտանիքի դեպքում մանկատանը տրվող տնտեսված գումարները կուղղվեն խնամատար ընտանիքին: «Սակայն պետք է հասկանալ, որ դա մեկ ամսվա կամ մեկ տարվա գործընթաց չէ և  կարող է երկար տևել,- ասաց նա,- ինչպես այլ երկրներում, որտեղ հիմա այսպիսի հաստատություններ չկան: Բայց դրա համար պետք է հասարակության համաձայնությունը»:

Այդ իսկ պատճառով UNISEF-ը նախաձեռնել է «Երեխան պետք է ապրի ընտանիքում» մեկ տարի տևողությամբ քարոզարշավ,  որի նպատակն է հասարակության մեջ արմատավորել այն   ըմբռնումը, որ երեխայի համար ապրելու լավագույն վայրն ընտանիքն է:

Այս խնդիրն ընդգրկված է Երեխաների պաշտպանության 2004-2015 թթ. ազգային ծրագրում:

Ուսումնասիրությունների քննարկմանը հրավիրված էր նաև աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, ում ակնհայտորեն դուր չեկան տիկին Մոշիրիի այն դիտարկումները, թե ՀՀ կառավարությունը, որը որդեգրել է մանկատները բեռնաթափելու քաղաքականությունը, դեռևս շարունակում է պետական հիմնական միջոցներն ուղղել մանկատներին:

Պարոն Բերիկյանը դժգոհություն հայտնեց UNISEF-ի հետ կառավարության համագործակցությունից, քանի որ, ըստ նրա գնահատման, UNISEF-ը վերջին երկու տարում չի կատարել համագործակցությունը վավերացնող հուշագրում ամրագրված պարտավորությունները. «Ցավում եմ, որ UNISEF-ը սոցիալական ոլորտում նախարարության հետ կնքած իր բուն հուշագրից բխող աշխատանքները չի արել»:

Խոսքը վերաբերում էր UNISEF-ի ներկայացրած այդ երկու ուսումնասիրություններին, որոնք արվել են 2009 թ. և չեն արտացոլում ներկա իրավիճակի պատկերը:

Բերիկյանն ասաց, որ խնամատար ընտանիքի մասին խոսակցությունները նոր չեն, և Հայաստանն այդ քաղաքականությունը որդեգրել է 8 տարի առաջ:

«Այսպիսի ցուցադրություններ կազմակերպելու և միկրոֆոնի առաջ ներկայացնելու փոխարեն լավ կլինի համագործակցել այդ ոլորտում գործող կազմակերպությունների հետ,- ասաց նա,- Հայաստանը երեխաների պաշտպանության համակարգով ԱՊՀ երկրների շարքում առաջնային տեղ է զբաղեցնում»:

Փոխնախարարի ելույթից հետո տիկին Մոշիրին առաջարկեց հարձակումներ չանել և մտածել այն ուղղությամբ, թե ինչպես ավելի լավ իրագործել ծրագիրը: Իր խոսքից հետո Ֆիլարետ Բերիկյանը  լքեց քննարկումը:

Փոխնախարարի հետ համաձայն չէին  Անահիտ Բախշյանն ու ՕԵԿ-ի պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը: «Մեր պետությունը պարտավոր է հոգալ մեր երեխաների հետ կապված խնդիրները,- ասաց տիկին Բախշյանը,- և եթե UNISEF-ը փորձում է օգնել ավելի լավ ծախսել մեր գումարները, ապա դրա համար պետք է միայն շնորհակալ լինել»:

Հայաստանում 11 մանկատուն կա,  որոնցից 7-ը պետական են, իսկ 4-ը գործում են բարեգործական հիմնադրամների միջոցներով:

UNISEF-ի կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ խնամատար ընտանիքների ծրագրին անցնելու դեպքում պետությունը կարող է տարեկան տնտեսել 1 մլն 800 հազար դոլար, որը կարելի է ուղղել այդ ոլորտը բարելավելուն:

 

Դիտվել է 1401 անգամ:
Print Friendly

Leave a Reply