Հանդիպում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 17, 2011 14:01
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը 2011 թվականի մայիսի 16-ին ընդունեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն դոկտոր Ջաթինդեր Չիմային:
Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից կարեւորվեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցությունը, արձանագրված ձեռքբերումները: Հանդիպման ընթացքում քննարկվեց «Կոռուպցիան Հայաստանում. տնային տնտեսությունների 2010թ.» ուսումնասիրությունը:
Ա. Դանիելյանը նշեց. «Կոռուպցիայի դեմ պայքարը ներկայումս գտնվում է ինչպես Հայաստանի Հանրապետության պետական իշխանության բարձրագույն մարմինների, այնպես էլ իրավապահ մարմինների, այդ թվում` ՀՀ դատախազության ուշադրության կենտրոնում: Այդ տեսակետից ՀՀ դատախազությունը ողջունում է Հայաստանում կոռուպցիայի ցանկացած անաչառ ու անկողմնակալ հետազոտություն»:
Պարոն Ա. Դանիելյանը դոկտոր Ջ. Չիմային հանգամանալից ներկայացրեց վերոհիշյալ ուսումնասիրության մեջ տեղ գտած տեխնիկական եւ իրավական անճշտությունները, որոնք խեղաթյուրում են ՀՀ դատախազության գործունեության մասին պատկերացումը եւ իրական վիճակը չեն արտացոլում:
«Ուսումնասիրության մեջ նշված որոշ եզրահանգումներ, տվյալներ և ձևակերպումներ հիմանվորված և հստակ չեն եւ տեղիք են տալիս թյուրընկալումների»,-նշել է Ա. Դանիելյանը:
Դոկտոր Ջ. Չիման տեղեկացվեց նաեւ, որ ուսումնասիրության մեթոդիկայի վերաբերյալ հայցվել եւ ստացվել է նաեւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իրավունքի, սոցիոլոգիայի եւ փիլիսոփայության ինստիտուտի կարծիքը:
Դոկտոր Ջ. Չիման ափսոսանք հայտնեց` ուսումնասիրությունների մեջ տեղ գտած թյուրիմացությունների համար եւ Ա. Դանիելյանի առաջարկությամբ պատրաստակամություն հայտնեց օժանդակելու նոր հետազոտության անցկացմանը` մասնավորապես իրավապահ ոլորտի վերաբերյալ` ներգրավելով նաեւ իրավական ոլորտի փորձագետների:
Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանը եւ դոկտոր Ջ. Չիման հետագա փոխգործակցության կանոնակարգման, սերտացման նպատակով համաձայնություն ձեռք բերեցին` ԱՄՆ ՄԶԳ-ի եւ ՀՀ գլխավոր դատախազության միջեւ փոխհամագործակցության մասին հուշագրի կնքելու մասին:
Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն հայտնեցին միմյանց` բովանդակալից եւ արդյունավետ քննարկման համար:






Facebook
Tweet This
Email This Post
