Այս անգամ ևս նախարարը երաշխավորել է արդար և օբյեկտիվ քննություններ
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 17, 2011 13:59
Երևանի թիվ 114 ավագ դպրոցում այսօր մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար քննությունների հանձնման երկրորդ փուլը։ Քննություններին մասնակցության հայտ են ներկայացրել 1066 հավակնորդ: Այս փուլում հավակնորդները քննությունները կհանձնեն երկու օրում՝ նախ գրավոր, ապա հաջորդ օրը՝ բանավոր: Մեկնարկի առաջին օրը քննության էին ներկայցել 94 հավակնորդ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով քննության մասնակիցներին, նշել է, որ այս գործընթացը ներդնելիս որոշ շրջանակներ փորձում էին քննադատել և վարկաբեկել նախարարությանը, սակայն հավաստագրերի հանձնման ժամանակ բոլորը միանշանակ փաստել են, որ քննություններն անցել են օբյեկտիվ ու արդար: “Այս անգամ ևս կարող եմ տեղեկացնել, որ նախարարությունը երաշխավորում է արդար, օբյեկտիվ քննություններ, գործընթացի օրինականություն”,- նշել է նախարարը և հավելել, որ բոլոր այն “միջնորդները”, որոնք կփորձեն ուսուցիչներին և տնօրեններին այլազան ծառայություններ առաջարկել, հայտնվելու են անհարմար իրավիճակներում:Նախարարը հավաստիացրել է, որ որևէ կողմնակալ մոտեցում չի լինելու և բոլոր բողոքները, որոնք կվերաբերեն քննությունների օբյեկտիվությանը, մանրամասն քննարկվելու են: “Այս գործընթացով փորձում ենք հայկական դպրոցում տնօրենի նոր նշաձող ձևավորել, կառավարման որակը դարձնել ընկալելի և ընդունելի այսօրվա պայմաններին, կոտրել այն կարծրատիպերն ու կաղապարները, որ մեր դպրոցում կարող են աշխատել նաև տգետ մարդիկ”,-նշել է նախարարը, ավելացնելով, որ հանրակրթության ոլորտի բարեփոխումներն անկասելի են և յուրաքանչյուր փոփոխություն, չնայած որ դժվար է ընկալվում, բայց բերում է դրական արդյունքների: Նախարարը, հաջողություն մաղթելով քննության մասնակիցներին, նշել է, որ հնարավորության սահմանում կփորձի մասնակցել բոլոր քննություններին:






Facebook
Tweet This
Email This Post
