Այս տարի կշահագործվի Հայ բարերարների ճեմուղին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 17, 2011 10:23

Այս տարվա ընթացքում’ երրորդ եռամսյակում, կշահագործվի Հայ բարերարների ճեմուղին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Կամո Սարգսյանը, նախնական տվյալներով’ բարերարների ճեմուղին շահագործման կհանձնվի սեպտեմբերի 21-ին:

Նախապես հայտարարվել էր ճեմուղում տեղադրվելիք արձանների նախագծման մրցույթ, որում հաղթող էր ճանաչվել քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը: Բարերարների ճեմուղու համար նախատեսված տարածքը Երեւանի Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածն է’ Միքայել Նալբանդյանի արձանի հարեւանությամբ, որտեղ այս տարի կտեղադրվի 7 արձան, որից մեկը լինելու է հայ բարերարի ընդհանրական կերպարն արտացոլող կոթող: Ճեմուղում կտեղադրվեն նաեւ Հովհաննես եւ Հովակիմ Լազարյան եղբայրների, Ալեքսանդր Մանթաշյանի, Պողոս Նուբարի, Գալուստ Գյուլբենկյանի, Ալեք Մանուկյանի, Միքայել Արամյանի արձանները: Կ. Սարգսյանի խոսքով’ արձաննների ստեղծման աշխատանքներն արագ կերպով ընթանում են, որոշներն արդեն ավարտման փուլում են:

Բարերարների ճեմուղում արձանների տեղադրման գործընթացը շարունակական բնույթ է կրելու, եւ հետագայում այլ բարերարների արձաններ նույնպես տեղադրվելու են: Կտեղադրվեն այն բարերարների արձանները, որոնք իրենց գործունեության ընթացքում մեծ հետք են թողել հայոց պատմության մեջ, լուրջ ներդրում կատարել Հայաստան-Սփյուռք գործակցության հարցում, մասնակցել Հայաստանի համար կարեւոր ազգային ծրագրերի իրականացմանը: Նախատեսված չափանիշերից է նաեւ այն, որ բարերարի մահվանից առնվազն 10 տարի պետք է անցած լինի:

Վարչության պետը նշեց, որ արձանների տեղադրմանը զուգահեռ, բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն ճեմուղու համար նախատեսված տարածքում:

 

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply