Թե ինչ հետևանք ունեցավ Նուբարաշենի հատուկ դպրոցի աշակերտի անկեղծ շարադրությունը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 16, 2011 18:59

«Գիշերօթիկում ամառային արձակուրդները հունիսից էին նշանակված, իսկ մինչ այդ բոլոր ուսուցչները,  դաստիարակներն ու ավարտական դասարանը  զբաղված էին  վերջին զանգով  ու քննություններով:  Վերջին զանգ: Այդ օրը, ի տարբերություն տարվա մնացած օրերի, առաջինն արթնանում էին մեծերը, բայց ոչ սովածությունից, այլ սեփական պարտքը կատարելու պարտադրանքից: Հագնում էին տոնական զգեստները. չէ որ օրվա բոլոր  էքսկլյուզիվ իրավունքները իրենց էր պատկանում, աղջիկները պճնվում են չճանաչվելու աստիճան, ու բոլորով բղավելով վեր ու վար էին անում:

Չնայած որ վերջին զանգը գիշերօթիկի կարևոր իրադարձություններից էր, այդ տարվա վերջին զանգը մյուսներից տարբերվում էր իմ, Արթուրի և Գոռի դեմքի կապտուկներով: Բանն այն է, որ տարեվերջյան ստուգողականի համար հանձնարարված էր գրել շարադրություն՝ «Մեր դպրոցը» թեմայով: Ես էլ, որպես  անկեղծության կողմնակից, շարադրել էի այսպես. «Մեր դպրոցը գտնվում է գյուղում, ավելի ճիշտ՝ ավանում, մեկուսացված լինելու պատճառով  անվանում եմ գյուղ: Դպրոցը շրջապատված է 3 մետրանոց քարե պարիսպներով, փախչելն ուղղակի անհնար է: Դպրոցը ոչ թե չի զիջում տերթոդիկյան դպրոցին, այլ գերազանցում է 5 անգամ: Ծեծն այստեղ  համարվում է դրախտից եկող, դաստիարակչական աշխատանքների թիվ առաջին անհրաժեշտություն: Ուսուցիչներն ասում են, որ ծեծը թարմացնում է հիշողությունը, նպաստում ուղեղի լավ աշխատելուն ու զգոնությանը: Այս ութը տարիների ընթացքում մեր դպրոցում շատ բան սովորեցի՝ խաբել, գողանալ,  սառնասրտորեն նայել հարազատ ընկերոջ անկմանը, ուրախանալ ուրիշի դժբախտության վրա, հանուն ավել  պատառի մոռանալ ինքնասիրությունը, բարոյականությունը…»:

Այս «ինքնախոստովանությունից» ցնցվել էր մեր հայոց լեզվի ուսուցիչը, և նա որոշել էր «մշակել» թե´ նյութը, թե´ դրա հեղինակին` վերջինիս ուղղորդելով տնօրենի սենյակ՝ «վերամշակման»:

Բարեբախտաբար, տնօրենն ուշքի եկավ, երբ ներս մտնող ուսմասվարը հորդորեց վերջ տալ «վերամշակման» գործընթացին, ու ինձ ուղարկեցին լվացվելու:

Գրեթե նույնն էր կատարվել Արթուրի և Գոռի հետ, երբ փորձել էին նույնությամբ արտագրել իմ տետրից՝ չցանկանալով մի փոքր ուղեղներին զոռ տալ և հասկանալ, թե ինչ են արտագրում: Դեպքից հետո մոտ երեք ամիս ողջ դպրոցը խոսում էր եռյակի «քյալագյոզության» մասին:

Այդ վերջին զանգը հիշողությանս մեջ է գամվել նաև այլ պատճառով. այդ օրը  շրջանավարտներն էնպիսի խաղ խաղացին, որ տնօրենը մի շաբաթ մեղավորներին էր ման գալիս, որ պատժեր, բայց չէր գտնում. դէ ո՞վ ռիսկ կաներ՝ ասեր, թե  դրանք տզերի սարքած օյիներն էին: Ախր բոլորը դողում էին դրանցից:

Վերջին զանգի միջոցառումից հետո տզի գլխավորությամբ մի խումբ շրջանավարտներ դպրոցի պարսպի վրայից թռել-փախել ու  ավտոբուսով հասել էին   քաղաք: Քաղաքն իրենց էր անծանոթ, իրենք՝ քաղաքին: Շրջելով խանութները` ով ինչով կարողացել, գրպանները լցրել էր: Խանութներից մեկում հերթական թալանից հետո, երբ փորձել էին աննկատ դուրս գալ, վաճառողուհին նկատել էր և օգնություն կանչել: Դա հեչ, մի կերպ ծլկել էին: Հետո մեծ ոգևորությամբ պատմում էին թէ ոնց, ինչ  հնարքներով էին կողոպտել մարդկանց:

Երեկոյան «խրախճանքն» ավարտելուն պես մեր հերոսները  բռնել էին դպրոցի ճամփան: Մի կերպ հասել էին կանգառ, բայց ավա¯ղ, վերջին ավտոբուսը մեկնել էր 20 րոպե առաջ:  Հասել էին մետրո՝ հասարակական կարգը խախտելով, մարդկանց առարկությանը բանի տեղ չդնելով: Սակայն րոպեներ անց ոստիկանության աշխատողների կողմից բռնվել ու տեղափոխվել էին նախ բաժին, ապա դպրոց…»:

 

Աշոտ Գրիգորյան

Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին սան

 

 

Դիտվել է 2620 անգամ:
Print Friendly

Leave a Reply