Հայաստանի նախագահ. Առանց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հաշտեցում չի կարող լինել

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 16, 2011 18:00

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցում կարող է սկսվել այն ժամանակ, երբ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանութունը։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այս մասին ասել է «Մոսկովսկիե նովոստի» թերթի, «ՌԻԱ Նովոստիի» եւ «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի համատեղ նախագիծ հանդիսացող հարցազրույցի շրջանակներում։

«Առանց ճանաչման հաշտեցում չի կարող լինել։ Սխալվում են նրանք, ովքեր փորձում են Թուրքիայի հետ հարաբերությոեւնների հաստատման փորձերը ներկայացնել որպես հաշտեցման փորձ»,- ասել է նախագահը՝պատասխանելով հարցին, թե կհաջողվի՞ 1915 թվականի ողբերգության 100-ամյակին այնպես անել, որպեսզի այն դադարի այդքան կարեւոր դեր ունենալ երկու երկրների փոխհարաբերություններում։

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է լիարժեք տնտեսական աճ՝ առանց աշխարհաքաղաքական խնդիրների լուծման, առանց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, Սերժ Սարգսյանն ասել է, որ այդ հարցը ուղիղ եւ միանշանակ պատասխան չունի՝ «այո, աճը հնարավոր է» կամ «ոչ, հնարավոր չէ»։ «Որովհետեւ եթե «ոչ», ապա ինչպե՞ս ենք զարգանում արդեն 20 տարի։ Իսկ եթե «այո», ինչո՞ւ ենք զարգանում այսպիսի տեմպերով։ Իհարկե, առանց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մենք սովից չենք մեռնի։ Բայց վերադառնամ նրան, ինչը շատ անգամ ասել եմ. մենք տնտեսական ասպեկտը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հիմնական մոտիվացիա չենք համարում։ Ինչպես ասել է Նապոլեոնը, «երկրի աշխարհագրությունը կերտում է նրա պատմությունը»։ Աշխարհագրությունը ճակատագիր է»։

«Մենք այստեղ ենք ապրում եւ պետք է որոշակի հարբերություններ ունենանք հարեւանների հետ։ Իհարկե, ոչ ամեն գնով։ Ոչ մի դեպքում։ Երբ մենք սկսում էինq Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, շատ ընդդիմախոսներ ասում էին, որ դա կխոչընդոտի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ամբողջ աշխարհում։ Այդ կանխատեսումները, փառք Աստծո, չիրականացան։ Ցեղասպանության փաստն անվիճելի է, եւ մենք պետք է ջանքեր ներդնենք, որպեսզի Թուրքիան վերջապես ճանաչի այն։ Սա պայքար է արդարության եւ անվտանգության համար»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը։

news.am

 

Դիտվել է 1597 անգամ:
Print Friendly

Leave a Reply