Թանգարանային գիշեր Հայաստանում
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | Աննա Մուրադյան | May 16, 2011 17:17
Այս տարի «Թանգարանային գիշեր» ծրագրին մասնակցել է 12604 այցելու, որից ամենաշատ այցելություն է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահը՝ 4400 այցելու: Երկրորդ տեղում է Հայաստանի պատմության թանգարանը՝ 1300 այցելու , երրորդ տեղում՝ Հովհ. Թումանյանի թանգարանը՝ 1175 այցելու: Ակցիային մասնակցել է հայաստանյան 60 թանգարան:
Արդեն յոթերորդ տարին է, որ Հայաստանում անցկացվում է «Թանգարանային գիշեր» նախագիծը, որը տեղի է ունենում թանգարանների միջազգային օրվան` մայիսի 18-ին նախորդող շաբաթ օրը` միավորելով այս 2 տոները:
Հայաստանում այդ օրը երեկոյան ժամը 18.00-ից մինչև 24.00-ը բոլոր թանգարանները բաց են, և մուտքն անվճար է, սակայն այլ երկրներում ակցիան գործում է ամբողջ գիշեր:
Մայիսի 18-ը` թանգարանների միջազգային օրը, առաջարկվել է 1977 թ. Մոսկվայում կայացած Թանգարանների միջազգային խորհրդի գլխավոր խորհրդաժողովում: Դրանից առաջ՝ դեռ 70-ականներին՝ մայիսյան մի օր, թանգարանները դառնում էին անվճար, և դա անվանում էին «Թանգարանների գարուն»: 1997 թ. Բեռլինում տեղի ունեցավ մի ակցիա. Բեռլինի քաղաքային իշխանությունները ամբողջ գիշերը բաց թողեցին քաղաքի թանգարանների դռները, որից հետո այդ երևույթը մեծ ժողովրդականություն սկսեց վայելել, և գերմանական 20 քաղաք միացավ այս միջոցառմանը: Ակցիան կոչվեց «Թանգարանների երկար գիշեր»:
Իսկ 1999 թ. Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով օր որոշվեց, որպեսզի թանգարանները բաց լինեն հասարակության համար: Այն միջազգային տարածում ունեցավ 2001-ից, և նախաձեռնությունը գրավեց Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող 39 երկրների ուշադրությունը:
Ակցիան վերջին տարիներին հովանավորում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն, իսկ այս տարվանից նախաձեռնությանը միացել է Թանգարանների միջազգային խորհուրդը:
Այս տարի Թանգարանների եվրոպական գիշերվա կարգախոսն էր` «Թանգարանը և հիշողությունը»: Իսկ Հայաստանում այն անցավ «Գրավոր հիշողություն» խորագրի ներքո, քանի որ մյուս տարի տոնելու ենք Հայ գրավոր ժառանգության 500-ամյակը:
Հայաստանի պատմության թանգարանը «Գրավոր հիշողություն» խորագրի ներքո ցուցադրել է հնատիպ գրքեր, իսկ Հայաստանի ազգային պատկերասրահում փոքրիկ այցելուները դիտել են «Ռոբերտ Սահակյանց» ստուդիայի պատրաստած մուլտֆիլմերը:
Ժամանակակից արվեստի թանգարանում ժամը 21:00-ից ջազի համերգ էր, մեկ ժամ հետո թեյի հյուրասիրության ընթացքում Սարյանի տուն-թանգարանի այցելուները ծանոթացան վարպետի հարուստ գրական ժառանգությունը ներկայացնող վավերագրերին` նամակներին, օրագրերին, հոդվածներին և գրառումներին: Իսկ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում նույն ժամին թեյի սեղանի շուրջ արդեն «Կինոսեր» հասարակությունը հարցեր էր տալիս «Ավետիք» ֆիլմի ռեժիսոր` Ռուբեն Քոչարին: Փարաջանովի երկրպագուներն էլ իրենց հերթին հնարավորություն ունեցան ծանոթանալու ռեժիսորի մասին պատմող նոր փաստաթղթերին, որոնք բերվել են Ուկրաինայից:
2009 թ. «Թանգարանների գիշեր» ակցիային մասնակցել է հայաստանյան 26 թանգարան, 2010 թ.` 42 թանգարան:






Facebook
Tweet This
Email This Post
