Անհանդուրժողականություն քաղաքն աղտոտողների նկատմամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 16, 2011 15:50
Մայիսի 21-ը մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակի օր: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը աշխատակազմի համապատասխան կառույցներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ապահովել համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին, ինչպես նաև պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին` գործընթացն առավել հասցեագրված իրականացնելու համար. “Շաբաթօրյակ ասելով միայն չի նշանակում, որ պետք է իջնենք և թափված թղթերն ու պոլիէթիլենային տոպրակները հավաքենք: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել նաև բարեկարգմանն ու կանաչապատմանը”,- նշել է քաղաքապետը:
Հանձնարարվել է լուրջ ուշադրություն դարձնել բակային տարածքների մաքրման և կանաչ տարածքների ու սիզամարգերի խնամքի աշխատանքներին. <<Ցանկալի է, որ մեր բնակիչները հրաժարվեն որոշ բակերում առկա <<բոստանային>> տարածքներից: Փոխարենն այդ տեղերում համոզված եմ ավելի բարեկարգ ու աչք շոյող միջավայր կունենանք>>,-ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Անդրադառնալով Երևանի աղբահանության կազմակերպմանը, Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ մաքուր և բարեկարգ մայրաքաղաք ունենալու հարցում շատ կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու հոգատար վերաբերմունքն իր քաղաքի նկատմամբ: Ըստ այդմ, քաղաքապետն առաջարկել է հնարավոր բոլոր եղանակներով երևանցիներին անհանդուրժողականություն քարոզել քաղաքն աղտոտողների նկատմամբ:
Քաղաքապետի կողմից շարունակական վերահսկողության պահանջ է դրվել մայրաքաղաքի տրանսպորտային երթուղիները սպասարկող կազմակերպությունների մասով: Կարեն Կարապետյանը հանձնարարել է խիստ միջոցներ ձեռնարկել նաև հասարակական տրանսպորտում ծխող վարորդներին վարչական տույժերի ենթարկելու ուղղությամբ, որը ևս օրենքի կոպիտ խախտում է:
Այս համատեքստում քաղաքապետը նաև հանձնարարել է ներկայացնել առաջարկներ հանրային սննդի օբյեկտներում ծխողների և չծխողների համար առանձնացված գոտիներ ստեղծելու վերաբերյալ:
Քաղաքապետը հանձնարարել է նաև շարունակել հետևողական վերահսկողությունը մայրաքաղաքում գործող շուկաներում և ավտոշուկաներում անհրաժեշտ պայմանների, սանիտարական պատշաճ վիճակի ապահովման մասով:
Անդրադառնալով տնտեսավարողների կողմից վարձակալած տարածքների հարակից հատվածները բարեկարգելու և կանաչապատելու խնդրին, քաղաքապետը աշխատակազմի համապատասխան կառույցներին հանձնարարել է ամբողջ քաղաքի մասով ընդհանուր պատկեր ունենալու համար ստեղծել տեղեկատվական բազա:
Քաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում, Կարեն Կարապետյանը հատուկ ուշադրություն է հրավիրել գլխավոր մայրուղիների, կամուրջների, ինչպես նաև շենքային համալիրների արտաքին գեղարվեստական լուսավորման, մաքրման և կանաչապատման խնդիրներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
