Ամրագոտիների տուգանքը 5000 է, բայց կարելի է ավելի էժան պրծնել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 20, 2009 14:42

g_image1«Մեր երկրում ավտովթարների հետևանքով մարդկային զոհերի ցուցանիշները մի քանի անգամ գերազանցում են այլ երկրների ցուցանիշները,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանն` օգոստոսի 13-ի կառավարության նիստում,- և դրա հիմնական պատճառն այն է, որ անվտանգության կանոնները չենք պահպանում»:

Ելույթից անմիջապես հետո  ճանապարհային ոստիկանները սկսեցին ավելի խիստ վերաբերվել ամրագոտիներ չօգտագործող վարորդներին։ Նույն խորհրդակցության ժամանակ Կառավարությունը հաստատել է «ՀՀ և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարություն»-ը և հինգ տարվա գործողությունների ծրագիրը :

Հանրապետությունում այս տարվա հունվարի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ավտոմեքենաների ամրագոտիները չկապելու համար տուգանվել է 8 հազար 852 վարորդ:

Վարորդից բացի ամրագոտիներ պետք է կապեն ոչ միայն ավտոմեքենայի առջևի հատվածում, այլև հետևում նստած ուղևորները: Պահանջը խախտելու դեպքում տուգանքի չափը 5 հազար դրամ է:

Տուգանքը կարելի է մուծել տեղում, կամ ոստիկանի տված կտրոնով` բանկում: 1 ամսվա ընթացքում չմուծելու դեպքում տուգանքը եռապատկվում է, իսկ 2 ամսվա ընթացքում `հնգապատկվում:

Դավիթն (ազգանունը չուզեց ասել) ասում է, որ այսօրվանից արդեն ամրագոտին կապում է. «Չեմ ուզում տուգանք տամ, բայց միլիցու հետ միշտ էլ կարելի է լեզու գտնել: Եթե կարամ 3000 կամ 2000 տամ ու պրծնեմ, խի՞ 5000 տամ»,- ասում է նա:

Վարորդները մեծամասամբ իրազեկված են և կապում են ամրագոտիները:

Սակայն Դավիթն ասում է, որ սովետական արտադրության ավտոմեքենաների մեծ մասում ամրագոտիները հանված են, որովհետև քշելու ժամանակ աղմուկ  են հանում. «Ու հիմա էդ վարորդները բոլորը կանգնած են փաստի առաջ։ Ռեմենները` տեղադրումով հանդերձ արժեն 20.000 դրամ»:

Այդպիսի մի վարորդ էլ Հրաչն է, ում մեքենայում ևս ամրագոտիներ չկան: Երեկ երեկոյան իր երեխաներին Գառնի տանելու ճանապարհին հանդիպած ոստիկանի հետ 5000 դրամի շուրջ մոտ 10 րոպե բազարից հետո 3000-ով հարցը փակեց:

«Ցանկալի կլինի, որ ոստիկանությունը հենց ինքը իրենից սկսի,- ասում է վարչապետը,- ոստիկաններն առաջին հերթին իրենք պետք է օգտագործեն ամրագոտիները, որպեսզի իրավունք ունենան մնացած վարորդներից պահանջելու»:

Դիտվել է 1522 անգամ:
Print Friendly

Leave a Reply