Ապօրինի ծառահատումները ՀՀ գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 16, 2011 10:38

ՀՀ գլխավոր դատախազությունում 2011 թվականի մայիսի 11-ին տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն` ապօրինի անտառահատումների դեմ տարվող պայքարի արդյունավետության բարձրացման, ապօրինի ծառահատումներ կատարած անձանց, անտառտնտեսությունների աշխատակիցների գործողություններին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու ու միատեսակ իրավակիրառ պրակտիկա ապահովելու, ոլորտում իրավախախտումները ժամանակին արձանագրելու և իրավապահ մարմիններին ուղարկելու, պետական շահերի պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքները արդյունավետ դարձնելու խնդիրների շուրջ: Խորհրդակցությունը վարում էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:

Նիստին մասնակցում էին ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության, ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները և ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության, ՀՀ մարզերի եւ մարզերի դատախազությունների պետական շահերի պաշտպանության ոլորտը սպասարկող դատախազները:
Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի, արձանագրված փաստերի, ապօրինի ծառահատումների վերաբերյալ նյութերը ժամանակին իրավապահ մարմիններին ուղարկելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ ընդարձակ զեկուցումով հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ Ն. Հակոբյանը:

Քննարկվող հարցերի շուրջ ելույթներ ունեցան ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Ա. Նիկողոսյանը, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դատախազներ` Կ. Շահբազյանը, Ա. Մանթաշյանը եւ Վ. Մարգարյանը, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցներ` Ա. Անդրեասյանը, Հ. Մադաթյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Ա. Գևորգյանը, նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Համբարձումյանը, «Հայանտառ»  ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռ. Պետրոսյանը, մարզերի դատախազությունների պետական շահերը սպասարկող դատախազներ եւ այլոք:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեց խնդրի կարևորությունը` մասնավորապես շեշտելով, որ ապօրինի անտառահատումների դեմ տարվող պայքարը պետք է դարձնել արդյունավետ եւ այդ ուղղությամբ մշտական, հետեւողական ու շարունակական  միջոցառումներ պետք է իրականացնել: Նա ներկաներին տեղեկացրեց, որ նախատեսվում է հիշյալ ոլորտում խստացնել պատժողական քաղաքականությունը եւ այդ կապակցությամբ ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագիծ:

Ա. Թամազյանը հատկապես կարեւորեց, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հայտնաբերված խախտումների կապակցությամբ ձեռնարկված միջոցների, մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու, պետությանը պատճառված նյութական վնասը վերականգնելու, հանցակազմ պարունակող իրավախախտումների մասին նյութերն իրավապահ մարմիններին ժամանակին ուղարկելու, արձանագրված իրավախախտումներին պատշաճ ձեւով ընթացք չտալու դեպքերի առկայության, չբացահայտված ապօրինի անտառահատումների փաստերով պետությանը պատճառված վնասի, վարչական տույժերի նշանակման եւ դրանց գանձման, իրավախախտման գործիքների, միջոցների, առգրավված անտառանյութի տնօրինման վերաբերյալ հարցադրումներին:

Միաժամանակ հանձնարարվեց մարզերի դատախազներին` ապօրինի ծառահատումների, ոլորտի վերաբերյալ օրենսդրության խախտումների բոլոր դեպքերը ենթարկել հաշվառման` համագործակցելով իրավասու մարմինների տարածքային ստորաբաժանումների հետ, ինչպես նաեւ միատեսակ իրավակիրառ պրակտիկա ապահովելու նպատակով հատուկ քննարկման առարկա դարձնել ապօրինի ծառահատումներ կատարած անձանց, անտառտնտեսությունների աշխատակիցների արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու հարցերը:

Դիտվել է 1135 անգամ:
Print Friendly

Leave a Reply