Foreign Policy Journal. Միջուկային աղետի վտանգը Հայաստանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | May 15, 2011 9:40

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Foreign Policy Journal-ում հրապարակված Ռիչարդ Ռուսոյի հոդվածը:

Ֆուկուսիմայում տեղի ունեցած աղետի քաղաքական եւ ռադիոակտիվ հետեւանքների տարածմանը զուգահեռ շարունակում է լուրջ տարածաշրջանային անհանգստություն տարածել հնացող Մեծամորի ԱԷԿ-ը: Ֆիզիկական խզման գծի վրա գտնվող ատոմակայանը հայտնվել է նաեւ անկայուն քաղաքական միջավայրում, որտեղ խաչվում են էթնիկ եւ կրոնական հակասությունները, հատկապես, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որոնք քաղաքական, տարածքային եւ հիմնավորված բնապահպանական անվտանգության հարցերի պատճառով լարված հարաբերություններ ունեն Հայաստանի հետ:

Թեեւ բոլոր կողմերը շահագրգռված են Մեծամորի ատոմակայանի հետ խնդիր չունենալու մեջ համոզվելու հարցում, սակայն Ֆուկուսիմայի միջուկային աղետը մեծացրեց անվտանգության եւ բնապահպանության առիթով տարածաշրջանային սուբյեկտների անհանգստությունը, եւ դա ազդում է նաեւ նրանց քաղաքական հարաբերությունների վրա:

Դեպի ծով ելք չունեցող Հայաստանը միջուկային էներգետիային կարճաժամկետ այլընտրանք քիչ ունի: Մեծամորի ռեակտորն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը: Այն փոխելու փորձերն ամեն անգամ ձախողվել են, իսկ էներգիայի այլընտրանքային աղբյուրներ գտնելու կամ վերահսկողության եւ պահեստային համակարգի ամենաարդիական տարրերով հագեցած նոր միջուկային ռեակտորի կառուցման ջանքերն առայժմ անպտուղ են: Սակայն անհրաժեշտ է քայլ անել, քանի որ ժամանակն անցնում է: 2008թ. հոկտեմբերին Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը հայտարարեց, որ նոր ԱԷԿ-ի շինարարությունը կսկսվի 2011-ին եւ շահագործման կհանձնվի 2017-ին:

Հայաստանի Կանաչների միության ղեկավար եւ քիմիկոս Հակոբ Սանասարյան 2003 թվականին հայտարարեց, որ Մեծամորի ԱԷԿ-ը չի համապատասխանում միջուկային անվտանգության միջազգային նորմերին, քանի որ այն չունի պաշտպանիչ թաղանթ, որը վթարի դեպքում կկանխի ռադիոակտիվ արտանետումը: Բացի այդ ԱԷԿ-ը գտնվում է 1988թ. երկրաշարժի էպիկենտրոնից ընդամենը 75 կմ հեռավորության վրա, հզոր երկրաշարժերի անցյալ ունեցող տարածքում, Հայաստանի մայրաքաղաք Երեւանից 30 կմ հեռավորության վրա:

Այդուամենայնիվ, երեւանյան չինովնիկները պնդում են, որ Հայաստանը երաշխավորված է Ճապոնիային խոցած միջուկային արտակարգ պատահարից, նույնիսկ, եթե երկիրը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտիում: Հայաստանի պաշտոնական դեմքերի համաձայնեցված հայտարարությունները ցույց են տալիս, որ միջուկային հիմնախնդրի վերաբերյալ նրանք միասին են:

Սակայն խորհրդային տարիներին կառուցած ատոմային էլեկտրակայանը բավական անվտանգ չեն համարում արեւմտյան կառավարությունները: Մինչեւ այժմ տպավորություն է ստեղծվում, որ միջուկային աղետի սպառնալիքն ու վնասը, որ այդ պոտենցիալ սպատնալիքը հասցնում է Հայաստանի միջազգային հարաբերություններին այն գինն է, որը Հայաստանի կառավարությունն արժանի է համարում վճարել ներքին սպառողների եւ միջազգային լոբբի առջեւ դեմքը չկորցնելու դիմաց:

Մտավախության մյուս աղբյուրն այն փաստն է, որ 2003 թվականից Մեծամորի ԱԷԿ-ը շահագործվում է ռուսաստանյան «Росатом» պետական կորպորացիային պատկանող  «Интер РАО ЕЭС»-ի կողմից: Պայմանագիրը գործում է մինչեւ 2013 թվականը: Ադրբեջանն ու հարակից երկրները պետք է հատկապես անհանգստացած լինեն «Росатом»-ի «գործնական վարքականոններով»: Լինելով խորհրդային համակարգի վերապրուկը` «Росатом»-ը շարունակում է աշխատել հիմնականում լիակատար ինքնավարությամբ եւ առանց վերահսկողության: Կորպորացիայի գործունեությունը չի գտնվում որեւէ անկախ գործակալության վերահսկողության տակ: Բացի այդ, կասկածներ կան, որ կորպորացիայի չինովնիկներն ու գիտնականները ներքաշված են փողերի լվացման, տեխնոլոգիաների գաղտնի տարածման սխեմաներում եւ այլ մութ գործարքներում: Սառը պատերազմի տարիների գաղտնիությամբ գործող «Росатом»-ը լաբորատորիաների եւ գաղտնի փակ քաղաքների համալիր է, որտեղ հիմնականում նախկին խորհրդային գիտնականները ներքին եւ արտաքին շուկաների համար նախագծում եւ կառուցում են ատոմային էլեկտրակայաններ:

 

 

Դիտվել է 1681 անգամ:
Print Friendly

Leave a Reply