Արտգործնախարարը հանդիպեց ԵՊՀ դասախոսների եւ ուսանողների հետ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 14, 2011 1:02

Մայիսի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելեց Երեւանի Պետական համալսարան, ուր հանդիպում ունեցավ մայր ԲՈւՀ-ի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ:

Հանդիպումը նախաձեռնել էր ԵՊՀ ուսանողական խորհուրդը` Հայաստանի Հանրապետության 20-ամյա տարեդարձի շրջանակներում:

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն ասաց.

«Սիրելի երիտասարդներ, ձեզ երեւի թե հաճախ են ասում, որ դուք եք երկրի ապագան։ Դա պարզ ճշմարտություն է, եւ դրա վառ օրինակն է այն, որ հենց այս համալսարանի շրջանավատներն են հանդիսանում  ԱԳՆ նորաստեղծ դիվանագիտական դպրոցի առաջին ունկնդիրներն ու շրջանավարտները, որոնց մի մասն արդեն անցել է դիվանագիտական ծառայության: Այս երիտասարդները, որ դեռ երեկ նստած էին ձեր ուսանողական նստարաններին, այսօր արդեն աշխատում են արտաքին գործերի նախարարությունում եւ վաղը կերտելու են մեր երկրի արտաքին քաղաքականությունը:

Դուք մոտավորապես նույն տարիքն ունեք, ինչ մեր նորանկախ պետությունը, որի քսանամյակը լրանում է այս տարի։ Դուք ծնվել եք մեր նորանկախ պետության հետ միասին եւ ինչքան էլ մեծանաք կունենաք մեր երկրի տարիքը։ Նրա հոգսերն ու հաջողությունները, դժվարություններն ու հաղթանակները կազմել են ձեր կյանքի, ձեր առօրյայի մասը։ Մաղթում եմ ձեզ հաջողություններ, ձեր հաջողությունները մեր երկրի հաջողություններն են լինելու:

Ես կարեւորում եմ ուսանողության հետ արդեն ավանդական դարձած այսպիսի ձեւաչափով շփումները, քանի որ այդ հանդիպումների ընթացքում հնարավորություն է ընձեռնվում ոչ միայն ներկայացնել Հայաստանի կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունը, այլեւ ծանոթանալ ձեր տեսակետներին:»

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից ներկայացրեց արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, հարաբերությունները տարբեր երկրների հետ եւ դրանց ընդլայնման ուղղված քայլերը, միջազգային բեմահարթակում ընթացող գործընթացների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները, արտերկրում Հայաստանի եւ նրա քաղաքացիների շահերի պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Նախարար Նալբանդյանը մանրամասնորեն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերին:

 

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply