Նորաձև սանրվածքներ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | May 13, 2011 17:17

Երկար խնամված մազերն ու սանրվածքները միշտ հիացրել են: Բոլոր կանայք էլ գիտեն, որ տղամարդիկ սիրում են հաստ, երկար, գեղեցիկ մազեր, ուստի ջանք չեն խնայում իրենց մազերին փայլ հաղորդել, հաստություն և գեղեցիկ, ծավալուն գանգուրներ: Երկար մազերը տալիս են սանրվածքի ընտրության մեծ հնարավորություն, դրանք համապատասխանում են ցանկացած տեսակի դեմքի: Սովորաբար երկար մազերը ենթադրում են կանացիություն:

Փոքրիկ մազահանգույցը գլխին, ըստ ոճաբանների, երբևէ հորինված ամենականացի և ամենահեշտ սանրվածքն է: Հատկապես երկար մազեր ունեցողներն այս սեզոնին կարող են հետաքրքիր ու նոր կերպար ձեռք բերել`ամուր կապելով մազերը, ոլորելով և ամրացնելով ծոծրակին, գլխի միջնամասին, գլխի աջ կամ ձախ հատվածին:

Ազատ ոճի սիրահարները կարող են իրենց լիակատար համարձակ ու ինքնավստահ զգալ, քանի որ այս սեզոնին նորաձև են ազատ, թեթև սանրվածքները: Առանց մեծ ջանքեր թափելու և գեղեցկության սրահներ հաճախելու` կարող եք ստանալ հետաքրքիր և յուրօրինակ սանրվածքներ, եթե լվանալուց հետո մազերը չսանրեք, խառնեք մատներով, խոնավացնող էֆկտով որևէ յուղ կամ մուս քսեք: Դուք կստանաք հիանալի տեսք առանց ժամանակ ու ֆինանսներ ծախսելու:

Նորաձև են 70-ականների խոշոր գանգուրները կամ միջնադարյան խոպոպները, ինչպես նաև հոլիվուդյան ոճը` խոշոր կիսագանգուրներ: Ինչ վերաբերում է գույներին, ապա նորաձև են մուգ գույները: Շեկ մազերի սիրահարներին խորհուրդ է տրվում ընտրել պարզ, բաց դեղնավունը:

Որպեսզի սովորական սանրվածքը ստանա շշմեցնող արդյունք, սանրվածքին կարելի է ավելացնել մի որևէ հետաքրքիր մազակալ: 2011 թվականի ամենանորաձև աքսեսուարները` նախատեսված մազերի համար, կարող են ոգեշնչել նոր սանրվածքի, գլամուրային տեսքի ստեղծմանը: Նորաձևության աշխարհում գերժամանակակից աքսեսուարներն են համարվում` մազակալները, ժապավենները, ինչպես նաև բնական ծաղիկները:            Մազակալն օգնում է տարբերվելու, լինելու գեղեցիկ և յուրօրինակ: Այն պետք է ընտրվի սանրվածքին համապատասխան: Սանրվածքին ավելացնելով մազակալ` կարող եք համոզված լինել, որ կունենաք նորաձև և գեղեցիկ տեսք: Ինչ վերաբերում է ժապավենին, ապա այս աքսեսուարի դեմ իրոք ժամանակն անզոր է: Մազերի համար նախատեսված ժապավենները  յուրաքանչյուր ոճի տալիս են հեքիաթային տեսք: Փետուրով ժապավենը հնարավորություն է տալիս դառնալու անկրկնելի:

Զարդարեք սովորական բարձր սանրվածքը կամ սովորական հարթ մազերը նմանատիպ աքսեսուարներով և կշշմեցնեք բոլորին ձեր երիտասարդ և նորաձև, բոհեմական ոճի սանրվածքով: Իսկ բնական ծաղիկների օգնությամբ կարող եք ստանալ ավելի նուրբ և ռոմանտիկ կերպար: Այս աքսեսուարներն անմոռանալի տպավորություն են թողնում, այնպես որ, եթե ցանկանում եք տպավորիչ լինել, ապա ավելացրեք սրանք ձեր սանրվածքին:

 

Դիտվել է 6921 անգամ:
Print Friendly

Leave a Reply