Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգը» մինչ օրս ՏՄՊՊՀ-ին չի ներկայացրել պահանջված տեղեկատվությունը
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 13, 2011 16:50
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ), ի թիվս շատ այլ ընկերությունների, տեղեկատվություն է պահանջել նաեւ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս գրիգ» ընկերությունից, սակայն, պահանջված տեղեկատվությունը մինչ օրս Հանձնաժողովին չի տրամադրվել, ինչն օրենքի խախտում է:
Հանձնաժողովի մամոլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Ալեքս Գրիգ» ընկերության ներկայացուցիչը այսօր կայացած նիստի ընթացքում ընդունել է օրենքի խախտման փաստը նշել, որ ընկերությունը պարտավորվում է ներկայացնելու պահանջվող փաստաթղթերը:
Տեղեկատվությունը Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում չներկայացնելու համար «Ալեքս Գրիգ» ընկերությունը տուգանվեց 500 հազար դրամով, ինչն այս դեպքում օրենքով սահմանված առավելագույն պատժաչափն է:
Տեղեկացնենք նաեւ, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նոր փոփոխություններով, որը համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո կմտնի ուժի մեջ, նման դեպքում կիրառվող տուգանքի չափը կազմում է մինչեւ 5 միլիոն դրամ:






Facebook
Tweet This
Email This Post
