Իրավաբանական օգնության իրավունքը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | May 13, 2011 15:41

ԱՄՆ պետդեպարտամենտի “Մարդու իրավունքներ” ամենամյա զեկույցն այս տարի ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրեց, որ Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դեռ շատ անելիքներ ունի: Համաձայն այս զեկույցի` 2010 թ. ընթացքում Հայաստանի պետական տարբեր համակարգերում, այդ թվում` դատաիրավականում, արձանագրվել են մարդու իրավունքների խախտման տասնյակ դեպքեր: Այս ցավալի իրողությունը բազմաթիվ պատճառներ ունի, որոնցից են նաև մարդկանց իրավագիտակցության   ցածր մակարդակը և որակյալ իրավաբանական օգնության անբավարարությունը:

Մարդկանց իրավագիտակցության ցածր մակարդակի պայմաններում կարևորվում է իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի ապահովումը հատկապես քրեական դատավարության ընթացքում:

Իրավաբանական օգնության իրավունքի ապահովումը քրեադատավարական համակարգի սկզբունքներից է և բխում է ՀՀ Սահմանադրության  20-րդ հոդվածից. “Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին: Յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, խափանման միջոցի ընտրման կամ մեղադրանքի առաջադրման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունք”:

 ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է քրեական դատավարության բոլոր մասնակիցների իրավաբանական օգնության իրավունքը. “Յուրաքանչյուր ոք սույն օրենսգրքով նախատեսված կարգով իրավունք ունի ստանալու իրավաբանական օգնություն” (ՀՀ քր. դատ. օրենսգրքի 10-րդ հոդված):

Քրեադատավարական ոլորտում առավել քան կարևոր է կասկածյալի և մեղադրյալի  որակյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը,  որն իրականացվում է փաստաբանական լիցենզիա ունեցող պաշտպանի միջոցով: Կասկածյալը և մեղադրյալն իրենց ցանկությամբ և իրենց միջոցներով կարող են պաշտպան հրավիրել, սակայն օրենքը երաշխավորում է նրանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը նաև անվճարունակության դեպքում և ապահովում պաշտպանի մասնակցությունը պետական միջոցների հաշվին (ՀՀ քր. դատ. օրենսգրքի 10-րդ հոդվածի 5-րդ մաս): Օրենքով նախատեսված դեպքերում պաշտպանի մասնակցությունը պարտադիր է (ՀՀ քր. դատ. օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մաս ), սա վերաբերում է, մասնավորապես, այն դեպքերին, երբ կասկածյալը կամ մեղադրյալը չի տիրապետում կամ բավարար չափով չի տիրապետում քրեական դատավարության լեզվին, հանցանքը կատարելու պահին կասկածյալը կամ մեղադրյալն անչափահաս է, մեղադրյալը ժամկետային ծառայության զինծառայող է, կասկածյալը կամ մեղադրյալն անգործունակ է և այլն:

Չնայած այն հանգամանքին, որ տուժողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը պետության գործառույթն է, քիչ չեն նաև նրանց իրավունքների խախտման դեպքերը հենց վարույթն իրականացնող մարմինների կողմից, և այս պայմաններում ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը արդարացիորեն նախատեսել է տուժողի և նրա օրինական ներկայացուցչի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը: Տուժողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում է նրա կողմից հրավիրված փաստաբանը, որը գործին մասնակցում է որպես տուժողի ներկայացուցիչ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է նաև քաղաքացիական հայցվորի կամ նրա օրինական ներկայացուցչի, կասկածյալի և մեղադրյալի օրինական ներկայացուցչի, ինչպես նաև քաղաքացիական պատասխանողի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը իրենց կողմից հրավիրված ներկայացուցչի միջոցով (ՀՀ քր. դատ. օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մաս ): Ի դեպ` վերջիններիս ներկայացուցիչներ կարող են լինել ինչպես փաստաբաններ, այնպես էլ այլ անձինք:

ՀՀ քրեադատավարական օրենսդրության նորամուծություններից է վկայի` քրեական վարույթն իրականացնող մարմին փաստաբանի հետ ներկայանալու իրավունքը (ՀՀ քր. դատ. օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետ ):

Այսպիսով, օրենքը երաշխավորում է նաև վկայի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է 2546 անգամ:
Print Friendly

Leave a Reply