Ահաբեկչություն /մաս 2-րդ/

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | May 17, 2011 15:00

Հրապարակման 1-ին մասը տես այստեղ

«Սև սեպտեմբեր» (Սև սեպտեմբերի ձեռք) պաղեստինյան, արաբական կազմակերպությունը ստեղծվել է 1971 թ.` անջատվելով Պաղեստինի ազատագրման կազմակերպությունից (ՊԱԿ): Հիմնադիրը Աբու Նիդալն է (Ալի Հասան Սալահեղ), որ հայտնի էր նաև Կարմիր արքայազն մականվամբ: Նա գժտվեց Յասեր Արաֆաթի հետ և հեռացավ ՊԱԿ-ից: ՊԱԿ-ն անցյալ դարի 70- ականներին համարվում էր աշխարհի ամենահզոր ահաբեկչական կազմակերպություններից մեկը: Կազմակերպությունն աջակիցներ ունի Հյուսիսային Աֆրիկայում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, որի նախկին նախագահ Սադամ Հուսեյնն ուղղակի հովանավորում էր այս կազմակերպությանը: Այժմ գտնվում է «Ֆաթհ» կուսակցության ազդեցության ոլորտում:

1970 թ., երբ իսրայելական բանակը գրավեց Հորդանան գետի արևմտյան ափը, Պաղեստինից մոտ 200000 փախստականներ հայտնվեցին Հորդանանի Հաշիմյան թագավորության տարածքում: Հորդանանը, փաստորեն, կորցրեց վերահսկողությունը փախստականներով բնակեցված տարածքների նկատմամբ, և երկրի բանակն ակտիվ գործողություններ սկսեց`տարածքներում վերահսկողություն սահմանելու համար: Այս գործողությունը կոչվեց «Սև սեպտեմբեր»: Եվ պաղեստինյան գրոհայինները, ի սկզբանե նպատակ դնելով վրեժ լուծել Հորդանանի կառավարությունից, իրենց խմբավորումն էլ անվանեցին հենց այդպես:

Այժմ կազմակերպությունը գտնվում է պաղեստինյան «Ֆաթհ» և Պաղեստինի ազատագրության կազմակերպության ազդեցության ներքո: Նրա «նվաճումների» շարքում են 1971 թ. Հորդանանի վարչապետ Վասֆի Թելի և մի քանի հորդանանյան գործարարների սպանությունը, մի շարք ահաբեկություններ դեսպանների, քաղաքական գործիչների նկատմամբ, ինքնաթիռի գրավում, 1972 թ. Մյունխենի օլիմպիադայում իսրայելական  պատվիրակության  գերեվարումը, 1973 թ. Սուդանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան գրավումը, երբ գնդակահարվեցին այնտեղ գտնվող ամերիկյան դիվանագետներն ու դեսպանը:

«Գերմանական Կարմիր բանակ և հեղափոխական բջիջներ» խմբավորումը ձախ, արմատական կազմակերպություն է, որ հանդես է գալիս մարքսիզմի և կոմունիզմի դիրքերից:

«Սենդերո Լումինոսոր» (Լուսավոր ուղի) կազմակերպությունը գործում է Պերուում, Կոլումբիայում և լատինամերիկյան մյուս երկրներում: Անդամների թիվն անցնում է մի քանի հազարից: Կազմակերպությունը ստեղծվել է 1964 թ. Աբիմայել Գուսմանի նախաձեռնությամբ և պայքարի հիմնական թիրախ է ընտրել ԱՄՆ տնտեսությունն ու դիվանագիտական ներկայացուցչությունները: Կազմակերպությունը հենց սկզբում հանդես է եկել որպես Պերուի կոմունիստական կուսակցություն և ըստ էության` մաոիստական կազմակերպություն է: Իրականացրել է տասնյակ ահաբեկչություններ, սպանություններ, որոնք կատարվել են առանձնակի սառնասրտությամբ ու դաժանությամբ:

«Ջիհադ» (արաբերեն` ջանք). ըստ իսլամի, ամեն օրինավոր մահմեդական պիտի պայքարի հանուն Ալլահի: Եվ Ջիհադն այսօր ստացել է սրբազան պատերազմ նշանակությունը: Այս պատերազմի մասնակիցները կոչվում են մոջահեդներ, իսկ զոհերը` շահիդներ: Ջիհադի չզոհված, դեռևս ողջ մարտիկները կոչվում են ղազիներ:

Այս ծայրահեղ իսլամիստական կազմակերպությունն անցյալ դարի 70-ականների ծնունդ է, բազմահազար մոլեռանդների զինված բանակ ունի: Գործում է Աֆղանստանում, Պակիստանում, Սուդանում, Իրանում, Պաղեստինում: Մասնաճյուղեր ունի նաև եվրոպական երկրներում: Սերտ համագործակցում է Ալ-Քաիդայի հետ: Այս կազմակերպությունից  է անջատվել պաղեստինյան «Իսլամական ջիհադը»:

Իտալական «Կարմիր բրիգադները» ծայրահեղական, կոմունիստական խմբավորում են: Նրանք 1978 թ. սպանեցին երկրի վարչապետ Ա. Մորոյին:

«Կոլումբիայի ազգային ազատագրական բանակ» կազմակերպությունը մեծաթիվ համակիրներ ու աջակիցներ ունի: Այս ձախ արմատական կազմակերպությունը ստեղծվել է 1964 թ.` ուսանող Ֆաբիո Վասկեզի նախաձեռնությամբ: Նրա շարքերում հաշվառված է մինչև 6000 գրոհային: Գաղափարախոսության հիմքում մարքսիզմն է: Գործում է Լատինական Ամերիկայի երկրներում: Աջակցություն է ստանում Կուբայից, հակաամերիկյան ուղղվածություն ունի: Սերտ կապեր ունի թմրաբիզնեսի աշխարհի հետ:  Կազմակերպությունն աչքի է ընկել Կոլումբիայում պետական ապարատի և խաղաղ բնակչության դեմ կատարած մի շարք ահաբեկչական գործողություններով: XXI դարասկզբից խնդիրների խաղաղ կարգավորման նպատակով ապարդյուն բանակցություններ է վարում կառավարության հետ:

«Աբու Սայաֆ» իսլամական անջատողական կազմակերպությունը մինչ օրս գործում է Ֆիլիպիններում և աչքի է ընկել մի քանի մեծամասշտաբ ահաբեկչական գործողություններով: Հայտնի է նաև «Իսլամական շարժում» անվամբ: Ստեղծվել է 1990- ականներին Աբդուռաջակ Ջանաջանալիի կողմից: Իրականացնում է պայթյուններ, առևանգումներ… 2007 թ. ԱՄՆ կառավարության հատուկ ջոկատայինները կարողացան վնասազերծել կազմակերպության առաջնորդներ Քադաֆի Ջանջանալիին և Աբու Սուլեյմանին: Խմբավորումն այսօր ավելի քան 400  զինյալ ունի: «Աբու Սայաֆի» գործունեության նպատակը պանիսլամիզմն է:

«Անարխիստների ոչ ֆորմալ իտալական կազմակերպություն». սրանց գաղափարախոսության հիմքում մարքսիստական տարրեր կան: Վերջերս (2010 թ. դեկտեմբեր)  աչքի ընկան Իտալիայում Շվեյցարիայի և Չիլիի դեսպանատների պայթեցումներով: Նրանք ահաբեկության փորձեր ձեռնարկեցին նաև Դանիայի, Մարոկկոյի, Հունաստանի, Վենեսուելայի դեսպանատների դեմ:

«Հարաքաթ ուլ Մուջահեդին». ստեղծվել է 1985 թ. Աֆղանստան ներխուժած խորհրդային զորքերի դեմ պայքարելու նպատակով, կենտրոնը պակիստանյան Քաշմիրի շրջանն է, չնայած ցանցեր ունի ողջ երկրում, Հնդկաստանում, Աֆղանստանում, Սաուդյան Արաբիայում: Ազդեցիկ ու ծայրահեղական կազմակերպություն է: Համագործակցում է Ալ- Քաիդայի հետ::

«Սիոկո Ասահարայի խումբ». սա ճապոնական ծայրահեղական աղանդ է, որ հայտնի է նաև «ԱՈւՄ Սինրիկյո» անվամբ: Աշխարհի տարբեր երկրներում տասնյակհազարավոր հետնորդներ ունի: Հայտնի է զանգվածային ինքնասպանություններով և ահաբեկչությամբ: 1995 թ. այս տխրահռչակ աղանդի գործն էր Տոկիոյի մետրոյի գազային հարձակումը, որ բազմաթիվ մարդկանց կյանք խլեց:

«Ալժիրի իսլամական միություն» խմբավորումը երիտասարդ, հակակառավարական կազմակերպություն է: Ստեղծվել է 1992 թ. և աչքի է ընկնում իշխանությունների դեմ իրականացվող ահաբեկչական գործողություններով: Բազմանդամ կազմակերպություն է, աջակիցներ ունի աֆրիկյան այլ երկրներում:

«Կախ» ահաբեկչական կազմակերպությունն Իսրայելում երբեմն մարում է, երբեմն հիշեցնում  իր մասին:

«Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ» կազմակերպությունը տասնամյակներ շարունակ համարվում էր ահաբեկչական ամենահզոր կազմակերպություններից, որ գործում էր Մերձավոր Արևելքում: Աջակցություն էր ստանում Իրանից և Սիրիայից: Պայքարի թիրախը Իսրայելն էր, նպատակը` Պաղեստինի պետության ստեղծումը:

ՀԱՄԱՍ` «Դիմադրության իսլամական շարժում» կազմակերպությունը Պաղեստինի ազատագրման շարժման ջատագովներից ու առաջատարներից էր: Հիմնադրվել է 1987 թ.: Անդամների թիվը տասնյակ հազարներով է հաշվվում: Հզոր աջակցություն ունի Իրանից, Սիրիայից, Սաուդյան Արաբիայից և լավ զինված բազմահազարանոց ջոկատներ:

«Հզբոլլահ»` Աստծո բանակ. կենտրոնը գտնվում է Լիբանանում: Մեծ աջակցություն է ստանում Իրանից և Սիրիայից: Ամբողջ աշխարհում տասնյակհազարավոր անդամներ ու համակիրներ ունի: Թիվ 1 թշնամի է համարում Իսրայելը: Ունի լավ վարժված, կարգապահ զինված ուժեր:

Ճապոնական «Կարմիր բանակը» միջազգային ահաբեկչական կազմակերպություն է, և դավանում է արմատական կոմունիստական գաղափարներ, ունի հազարավոր համակիրներ:

«Աբուլ Աբբասի պաղեստինյան ազատագրման ճակատ». կենտրոնակայանը գտնվում է Լիբիայում: Ստեղծվել է 1970-ականներին և պայքարի թիրախն Իսրայելն է:

«Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատն» ունի հազարավոր անդամներ, կենտրոններ` Լիբանանում, Սիրիայում, Լիբիայում: Դավանում է մարքսիզմ-լենինիզմ: Նպատակը պաղեստինյան պետության ստեղծումն ու Իսրայելի ոչնչացումն է:

Թուրքական «Գորշ գայլեր» արմատական կազմակերպության պայքարի թիրախները քրդական և հայկական շարժումներն են: Գործում է 1970-ականներից: Կազմակերպությունն ավելի քան 30000 անդամ ունի և շուրջ 80 մասնաճյուղ` աշխարհի տարբեր երկրներում: Իրենց գործունեության ընթացքում «Գորշ գայլերը» ոչնչացրել են մոտ 1000 քաղաքական հակառակորդների:

«Հեղափոխական ժողովրդական պայքար» հունական ահաբեկչական կազմակերպությունը ստեղծվել է 1971 թ.: Պայքարում էր Հունաստանի կառավարության դեմ: Ունի անարխիստական ուղղվածություն:

Հունաստանում հայտնի է նաև արմատական «Նոյեմբերի 17» կազմակերպությունը:

Աշխարհի գերտերություններն այսօր մշակում են միասնական մարտավարություն` ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու համար: Բայցևայնպես այս ծայրահեղական կազմակերպությունները հիմնականում խաղալիք և գործիք են դառնում մեծ պետությունների միջև պայքարում և հաճախ այդ գերտերություններն են կանգնած նրանց ստեղծման ու հովանավորման ակունքներում:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 1544 անգամ:
Print Friendly

Leave a Reply