Շուշին հայաշունչ դարձավ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | May 13, 2011 18:00

Մայիսը միշտ էլ բախտորոշ ամիս է եղել հայ ժողովրդի համար: Մայիսին են տեղի ունեցել Ավարայրի ու Սարդարապատի ճակատամարտերը: Մայիսին ազատագրվեցին նաև Շուշին ու Քաշաթաղը (Լաչին):

Շուրջ երկու դար, սկսած Մելիք Շահնազարյանի կողմից Շուշվա բերդը Փանա Խանին հանձնելու ժամանակներից, անառիկ այդ բնակավայրը իշխել է  Արցախ աշխարհի վրա ու խռովել նրա խաղաղությունը:

Հայոց հինավուրց այդ բերդաքաղաքը շատ բարդ ու ողբերգական ճակատագիր է ունեցել: Վերջին ողբերգությունը 1920 թ. մարտին էր, երբ թուրք զորապետներ Նուրին և Խալիլը հրո ճարակ դարձրին «Փոքրիկ Փարիզ» անունը կրող այս բնակավայրը: Մազապուրծ եղած հայ բնակչության մյուս մասն էլ այստեղից ստիպված էր հեռանալ 1988-90 թթ. ազերիների հերթական բարբարոսությունների պատճառով:  Չորս տարի Շուշին ոչ միայն հայաթափ մնաց, այլև այդ բարձունքից շարունակ մահ ու ավեր էին սփռում շրջապատի վրա, իսկ Ստեփանակերտում կյանքը նկուղ էր տեղափոխվել: Գիտակցելով, որ Շուշին է վճռելու հայոց նորօրյա ազատամարտի ելքը, հիշելով Դրոյի «Ով տիրում է Շուշին, նա էլ տիրում է Ղարաբաղին» իմաստուն խոսքը, ողջ արցախահայության ուշադրությունը շարժման սկզբից գամվեց այդ բարձունքին:

Բերդաքաղաքի ազատագրման պլան- օպերացիայի քարտեզը վաղուց էր պատրաստ, իսկ մինչ այդ արդեն մեկիկ-մեկիկ վնասազերծվել էին ադրբեջանաբնակ մի շարք  գյուղերում տեղակայված կրակակետերը: Հետախուզությունն էլ աննկատ իր գործն էր անում,  և պարզվեց, որ եղած մարդկային պաշարներն ու  զինուժը, հակառակորդի համեմատ, փոքր է  Շուշիի պես անառիկ ամրոցը գրավելու համար,  ավելին, ըստ  գեներալ-մայոր Դալիբալթայանի` հարձակվող կողմի հնարավորությունները 2-3 անգամ պետք է գերազանցեն թշնամու ուժին: Ասել է թե` ոչ ավելի, ոչ պակաս 10 հազար զինվոր ունենալը պարտադիր պահանջ էր: Իսկ ողջ Արցախի եղածն անգամ  դրանից պակաս էր: Ռազմական տեսության դասական հաշվարկը, համենայն դեպս, դա էր պահանջում: Տեսությունը` տեսություն, բայց իրական կյանքն ու փաստն այլ բան ապացուցեցին` այդ դասական հաշվարկները փոքր ազգերի համար չեն: Մերը կամքն ու ոգին  է, որը հաշվարկի չի ենթարկվում և որն էլ Շուշիի ազատագրման հիմնական գրավականը դարձավ:

1992 թ. մայիսի 8-ին` ժամը 2:30-ին,  սկսվեց Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» ծածկանունով գործողությունը, որին մասնակցեց 70 ջոկատ: Մեծ ու փոքր կռիվներ եղան, դժվարին ու անհավանական դեպքեր ու պահեր հաղթահարելու խնդիրներ, իսկ վերջնական արդյունքում, ի վերջո, թշնամու նյարդերը չդիմացան: Գող` սիրտը դող: Օգտվելով գիշերային խավարից` թե՛ բնակիչները, թե՛ զինվորները լեղապատառ  հեռացան քաղաքից, ինչպես կասեին մեր ապուպապերը` «կրունկները դեսը»: Փախչում էին, որովհետև գիտեին, որ մեր հողը քոչվորի համար հայրենիք չի դառնա: Փախչում էին, որովհետև արմատ չունեին այս հողում, իսկ անարմատ ծառը թեթև քամուց էլ շուռ է գալիս:

Մահ ու ավեր  սփռող, անառիկ ամրոց հիշեցնող քաղաքն ընկավ 26,5 ժամում: Մայիսի 9-ի առավոտյան արդեն հայոց եռագույնը փողփողաց  Ղազանչեցոց եկեղեցու գմբեթին:  Շուշին վերջապես հայաշունչ դարձավ: Ամենուր թնդում էր զուռնայի զիլ ձայնը, և երկարում էր հայկական ավանդական քոչարին:

Թշնամին այդ հողի վրա դիմակայելու կամք չունեցավ, քանի որ բանակը վարձու էր, հողը` օտար, քանի որ Ղարաբաղի խնդիրը  հայի համար կյանքի ու հայրենիքի հարց էր, իսկ ադրբեջանցու համար` տարածքի:  Համեմատելի՞  են այդյոք այդ չափանիշները: Իհարկե, ոչ: Ադրբեջանցիները, որ Շուշիում կրած պարտության պատճառը  հրամանատարության դավաճանությունն էին  համարում` մեղադրելով հատկապես Շուշիի զորամասի հրամանատար Էլբրուս Օրուջևին, այդպես էլ գլխի չընկան, որ այդ խաղը տանուլ տվեցին դեռևս 1991 թ. դեկտեմբերին` Կրկժանի, այնուհետև Մալիբեյլիի, Ղուշուլարի կրակակետերի լռեցմամբ, իսկ1992 թ. հունվարին` Քարինտակի հերոսամարտում,  և վերջապես, Խոջալուի ազատագրմամբ: Նրանց վերջին հույսը հզոր զինանոց հիշեցնող Աղդամն էր, որի հնարավորությունից էլ օգտվեցին շռայլորեն, բայց դա էլ չփրկեց նրանց:

Այդ օրը Եռաբլուր այցելելու 19-ամյա մի բարի ավանդույթ է դարձել: Պանթեոնը թաղվում է բազմերանգ ծաղիկներով: Տխրությունը, ուրախությունն ու հպարտությունը միախառնվում են: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն Լևոն Մելիք -Շահնազարյանի կարծիքով` Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի պահանջն էր.  «Որովհետև Ստեփանակերտի գլխին կախված բերդը, որպես այդպիսին, պիտի ոչնչացվեր և վերադարձվեր հայ ազգին` որպես մշակութային քաղաք: Մեր ազգի, հատկապես արցախյան հատվածի համար  հատկապես հատկանշական է այն, որ հակառակորդին հասկացնել տվեցինք, որ մենք այլևս  զոհասեղանի գառնուկ չենք, այլ մի ժողովուրդ, որը կարող է և՛ պաշտպանվել և՛ կերտել իր ապագան, իհարկե, այս տղաների շնորհիվ, որոնց հիշատակը մենք պարտավոր ենք միշտ վառ պահել»:

Ուղղաթիռների ջոկատի հրամանատար Ստեփան Օհանյանի անձնակազմը ստիպված էր ՄԻ-8 և ՅԱԿ-40 ինքնաթիռներով   ռազմական գործողություններ իրականացնել. պատերազմի տարիներին ռազմական ավիացիա չունեինք: Հետևաբար ինչպես ռազմամթերք, այնպես էլ վիրավորներ տեղափոխելու դժվարին գործը  նրանց բաժին հասավ: Փառք ու պատվով դուրս եկան փորձությունից, բայց, ցավոք, 15 փորձառու օդաչու կորցրին:  Շուշվա օպերացիայի ողջ զենք-զինամթերքը, վառելիքը  տեղ հասցնելու համար մեկ ամիս է պահանջվել:  Շուշի- Լաչին- Գորիս մարդասիրական միջանցքը դեռ նոր պիտի ազատագրվեր: Արցախ տանող Ճանապարհը շուտ շուտ էին փոխում, որ թշնամին չնկատի: «ՅԱԿ-40-ում  5 տոննա նավթով լցված մի փուչիկ պատկերացրեք, որն ամեն գնով պետք է Շուշի հասցվեր: Ինքնին հրկիզվող մասսա»,- ասում է հրամանատարը` հետևությունները մեզ թողնելով: Այդ հաղթանակը մեզ տրվեց 55 մարդկային կորստով:

Զոհված ազատամարտիկ Վարդան Ստեփանյանի (Դուշման) շիրիմի մոտ Տիգրան Դավթյանը «Հայոց մարտիկ» երգով շատերին է անակնկալի բերել, որն իր նախապատմությունն ունի:  Երբ Վարդանը Շուշիի ազատագրման ավետիսը հայտնում է Սղնախում գտնվող ազատամարտիկներին, ուրախությունը պատում է Տիգրանին, ու ակամա նրա թավ ձայնը լցնում է անտառը:

Այդպես Շուշին դարձավ Լաչինի բանալին, դուռ բացեց դեպի Լաչին: Հայ ազատամարտիկները մայիսի 19-ին արդեն ազատագրել էին Լաչինը (Բերձոր):

 

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

 

Դիտվել է 1498 անգամ:
Print Friendly

Leave a Reply