Ոչ քրիստոնյա հայ. ո՞վ է նա

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 17, 2011 16:35

Հաճախ ենք լսում, երբ կնունքի (և ոչ թե մկրտության. եզրույթ, որը երբեմն սխալմամբ օգտագործվում է կնունքի փոխարեն, մկրտությունը կրոնածիսական այլ երևույթ է և քննարկման այլ թեմա) արարողությունից հետո քահանան հայտարարում է. «Դու արդեն իսկական հայ ես»: Ակամա հարց է ծագում` իսկ 1700 տարի առա՞ջ, երբ չկար քրիստոնեական կնունքը, մի՞թե հայը չկար, կամ ո՞վ էր հայը:

Ոչ ոք չի կարող հերքել, որ պետականության կորստի ժամանակ հայ եկեղեցին ստանձնեց ազգն առաջնորդելու, հայի էթնիկ հավաքականությունը պահպանելու և ուծացումից զերծ պահելու առաքելությունը: Բայց ամենահամեստ հաշվարկներով, հայերի էթնիկ ինքնագիտակցությունն առնվազն 4500 տարվա պատմություն ունի, իսկ որոշ ուսումնասիրողներ (և ոչ անհիմն) հայերի` որպես ինքնուրույն էթնոսի էթնիկ հավաքականությունը գնահատում են 8-10 հազար տարով և հայերին համարում են Մերձավոր ու Միջին Արևելքի (և ոչ Այսրկովկասի) հնագույն էթնոսը: Մինչդեռ այս պարզ ճշմարտությունը խորությամբ չի ընկալվում, և շարունակում է գերակշռել այն սխալ մտայնությունը, թե իսկական հայը քրիստոնյա հայն է: Ո՞ր քրիստոնյա, առաքելակա՞ն, կաթոլի՞կ, բողոքակա՞ն, քաղկեդոնակա՞ն… Այս հարցը բաց է մնում: Չգիտես ինչու, չենք կարողանում հաշտվել, որ մեր ազգի մի զգալի մասը կարող է այլադավան լինել, ինչը ոմանց հիմք է տալիս ոչ քրիստոնյա հայերին ընդհանրապես հայ չհամարելու:

Մեզանում պետք է լուրջ վերանայման ենթարկվեն ազգ հասկացության հետ կապված պատկերացումները: Եթե միայն առաքելական, ծայրահեղ դեպքում` քրիստոնեական եկեղեցուն պատկանող մարդը պետք է համարվի հայ, իսկ մեր ազգի մի զգալի մասը 70 տարի աթեիստ է եղել, ուրեմն նրանք հայեր չե՞ն եղել: Եթե ազգային պատկանելության հիմնական չափանիշը համարենք լեզուն (մեր կարծիքով` գլխավորներից մեկը), ապա ֆրանսախոս, ռուսախոս և այլ լեզուներով խոսող հայերին անտեսե՞նք: Այս գաղափարը նույնիսկ մեր օրերում, եկեղեցուց թափանցելով պետական կառավարման համակարգ, շարունակում է նոր միս ու արյուն ստանալ` հայկականությունից օտարելով ոչ քրիստոնյա մի հսկա զանգվածի: Նույնիսկ ՀՀ պետական այրերը, խոսելով հայերի մասին, հիշատակում են սոսկ 9 մլն թիվը: Եվ խոսքը քրիստոնյա հայերի մասին է. հայկականությունից կամա թե ակամա օտարվում է հայերի ոչ քրիստոնյա մասը:

Մինչդեռ պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ նույնիսկ այս պարագայում խոսք կարող է լինել 11 մլն-ի մասին. 3,2 մլն ՀՀ-ում + 2,5 մլն ՌԴ-ում + 2 մլն ԱՄՆ-ում + 0,5 մլն Ֆրանսիայում + 0,5 մլն Իրանում+ 0,3 մլն Ուկրաինայում + 0,3 մլն Վրաստանում + 0,1 մլն Արգենտինայում + 0,1 մլն Կանադայում + 0,2 մլն Սիրիայում + 0,15 մլն Լիբանանում + 0,15 մլն ԼՂՀ-ում + 0,07-ական մլն Թուրքիայում և Ուզբեկստանում + 0,05-ական մլն Աբխազիայում, Ավստրալիայում, Գերմանիայում, Բրազիլիայում + 0,03-0,04-ական մլն Հունաստանում, Հորդանանում, Թուրքմենստանում, Բուլղարիայում, Բելառուսում + այլուր): Այս պարագայում ո՞վ է հեթանոս, մահմեդական, բուդդայական հայը: Մեզանում առավել խանդով են վերաբերվում հատկապես մահմեդական հայերին` նրանց նկատմամբ երբեմն ավելի անհանդուրժողականություն դրսևորելով, քան նույնիսկ մեր հակառակորդների ու անգամ թշնամիների նկատմամբ: Հայությունից գիտակցաբար թե անգիտակցաբար օտարելով մահմեդական հայերին` բնական դաշնակցի փոխարեն ձեռք ենք բերում բնական թշնամիներ:

Ինչպես ցույց է տալիս ազգերի ձևավորման համաշխարհային պատմությունը, միմյանց հանդեպ առավել անհանդուրժող են այն ազգերի երկու հատվածները, որոնց մեջ, հիմնականում կրոնական հողի վրա, երկփեղկում է առաջանում և խորանալով պատճառ է դառնում նոր ազգերի ձևավորման: Ասվածի ամենավառ վկայությունը նույն էթնոսից բաժանված ուրդուների (մահմեդականներ) ու հինդուների (հինդուիստներ), սերբերի (ուղղափառ քրիստոնյաներ) ու բոսնիացիների (մահմեդականներ) և այլոց միջև առկա թշնամությունն է:

1990-ականներից մեզանում և բասկերի գիտական շրջանակներում սկիզբ է առել մի գնահատելի գործընթաց. փորձում են վերականգնել հայերի և բասկերի մերձավոր ազգակցական կապը և որոշ հաջողություններ են արձանագրվել: Մինչդեռ, աստիճանաբար մոռացության տալով` օտարվում են մահմեդական հայերը` նրանց դրդելով ինքնուրույն էթնոսի ձևավորման: Չնայած վերջին շրջանում Թուրքիայում ապրող համշենահայերը, նույնիսկ թրքախոսները, սկսել են ավելի հաճախ շեշտել իրենց հայ լինելը, այնուամենայնիվ համշենի բարբառով խոսողներն իրենց բարբառն ավելի ու ավելի հաճախ են անվանում համշեներեն, իսկ իրենց` համշենլի (կրոնափոխ համշենցիներին, ինչպես հայերը, այնպես էլ թուրքերն անվանում են «կեսկեսներ»): Պիտի նշել, որ ոչ բոլոր համշենցիներն են կրոնափոխ եղել: Օրինակ` եղնովիտցիները պահպանել են քրիստոնեական հավատը, իսկ բացի Համշենի, Խալայի և Վիժեի հայերից, ովքեր իսլամ են ընդունել, Համշենի գավառակի մնացած բնակավայրերը կրոնական առումով խառը բնակչություն ունեն: Նույնիսկ թուրքական կառավարական շրջանակների տրամադրած տվյալներով` այսօր Թուրքիայում ապրում է ավելի քան 200 հազար համշենահայ` թուրք-հեմշիլ: Արևմտյան Հայաստանի և առհասարակ Թուրքիայի ամբողջ տարածքում այսօր, նվազագույն հաշվարկներով, 3-3.5 մլն համշենահայ և ծպտյալ կամ կլեպտոհայեր են ապրում: Որոշ հետազոտողներ նույնիսկ նշում են 10-12 մլն, բայց թիվը չէ կարևոր: Եթե Թուրքիայում նույնիսկ ապրեր հազար հայ, ապա նույնքան կարևոր կլիներ նրանց ճակատագրով հետաքրքրվելը:

Անհրաժեշտ է գտնել հայությանը միավորող, ոչ թե բաժանող եզրեր: Իսկ միավորողը մեր ընդհանուր պատմական ճակատագիրն ու մեր ընդհանուր ազգային խնդիրն է: Համշենահայերին լիարժեքորեն հայկականության մեջ ներգրավելու համար, կարծում ենք, նոր-նոր ձևավորվող մշակութային և այլ տիպի շփումներից (2005 թ. հոկտեմբերի 13-15-ը Սոչիում անցկացված «Համշենը և համշենահայերը» միջազգային գիտաժողովը), անհրաժեշտ է նաև պետական հոգածություն, որն առաջին հերթին իր ուսերին պիտի վերցնի ՀՀ սփյուռքի նախարարությունը: Համշենահայեր են եղել Թուրքիայի նախկին վարչապետ Յըլմազ Մեսութը [Յըլմազի հայկական ծագման մասին տե՛ս «Հանրապետական», թիվ  7 (49), 2007, էջ 48],  Թուրքիայի նախկին փոխվարչապետ Քարայալչըն Մուրադը, Թուրքիայի կրթության նախարար, Համշենի Գոմնո գյուղում ծնված Ահմեդ Թեֆիկ Իլերին, Անկարայի նախկին քաղաքագլուխ, այժմ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Մուրադ Կարայալչընը, 1850-ականներին Օսմանյան կայսրության գլխավոր վեզիր Դամաթ Մեհմեդ Ալի փաշան և այլք:

1990-ականներին ՀՀ-ում սոցիոլոգիական հարցում անցկացրած մի արևմտյան կազմակերպության ստացած տվյալներն ավելի քան անհավանական էին, այդ մասին հրապարակումներ եղան նաև հայաստանյան մամուլում: Ըստ այդ հարցման արդյունքների` ՀՀ բնակչության ավելի քան 1/3-ն իրեն համարում է հեթանոս: Ինչքանով են այս թվերը համապատասխանում իրականությանը` դժվար է ասել: (Տողերիս հեղինակի կարծիքով, սոցհարցումները մեծ մասամբ անց են կացվում իրական պատկերն աղավաղելու նպատակով և խորքում այլ նպատակներ են հետապնդում:) Այնուամենայնիվ, Արցախյան ազատամարտի բազմաթիվ մասնակիցներ իրենց հեթանոս էին անվանում և դրանց մեջ առաջինը Հեթանոս Գագոն է (Գագիկ Ստեփանյանը), ում մասին նույնիսկ թշնամի երկրի զորահրամանատարն է նշել. «Ունենայի այսպիսի 500 զինվոր` 3 ամիս հետո Երևանը մերը կլիներ»: Հայտնի հայերից հեթանոս են եղել Գարեգին Նժդեհը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Լևոն Շանթը, Րաֆֆին և այլք: Բուդդայական հայ է եղել Բիրմայի առաջին վարչապետ Բա Մաոն (Բաո Մակ, Եղյա Կարապետյան), ով հպարտացել է իր հայկական ծագումով և հայանպաստ գործունեություն է ունեցել [Բա Մաոյի հայկական ծագման մասին տե՛ս «Զարթոնք» (30. 01. 1964) ]: Ի՞նչ է, հրաժարվե՞նք նրանցից:

Ապագային միտված ազգային և պետական լուրջ ծրագրեր իրականացնելու համար, բոլորովին էլ չանտեսելով կրոնի դերը, առաջնայնությունը հայկական գենին պիտի տրվի, իսկ ազգային պատկանելության հիմքում պետք է դրվի ազգային գիտակցությունը:  Կրոնը, հանուն պետականության, երբեմն կարելի է նաև ետին պլան մղել, ինչպես հանուն պետության և պետականության պահպանման հաճախ վարվել են վրացի շատ թագավորներ: Գործոն,  որին, ցավոք, մինչ օրս հասու չեղավ հայկական դիվանագիտությունը:

 

Գագիկ ԱՐԾՐՈւՆԻ (ՍԱՀԱԿՅԱՆ)

 

Դիտվել է 2073 անգամ:
Print Friendly

Leave a Reply