Հայաստանը կմասնակցի հարկադիր աշխատանքին եւ թրաֆիքինգի դեմ պայքարին նվիրված համաժողովի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 13, 2011 10:43
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մայիսի 18-19-ը կանցկացվի միջազգային համաժողով’ նվիրված հարկադիր աշխատանքին եւ թրաֆիքինգի դեմ պայքարին: Համաժողովը կազմակերպում է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց կազմակերպության հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Նվեր Սարգսյանը, համաժողովին կմանակցեն Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, ինչպես նաեւ նրանց համար թրաֆիքինգի տեսանկյունից նպատակակետ հանդիսացող երկրների’ Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի եւ այլ պետությունների պատվիրակությունները:
Ն. Սարգսյանի խոսքով’ մասնակիցների ուշադրության կենտրոնում են լինելու թրաֆիքինգի, հարկադիր աշխատանքին վերաբերող հարցերը, ինչպես նաեւ’ թե նախորդ համաժողովներին ներկայացրած առաջարկներից բխող ինչ քայլեր են իրականացվել:
«Պետք է հասկանալ, թե նախորդ համաժողովներին ներկայացված առաջարկները, խնդիրների լուծման տարբերակները որքանո՞վ են կիրառվում գործնականում, կամ կիրառվելու դեպքում ի՞նչ արդյունքներ են գրանցվել»,-ասաց նա:
Համաժողովին մասնակցելու են նաեւ Գործատուների միջազգային միությունը, Արհեստակցական միությունների միջազգային ֆեդերացիան, իրավապահ մարմիններ: Հայաստանից կմեկնեն նախարարությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ, հասարակական, միջազգային կազմակերպություններ, գործատուներ: Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցչի խոսքով’ համաժողովը նպաստում է նաեւ տեղի եւ այլ երկրների կազմակերպությունների, գերատեսչությունների միջեւ կապերի հաստատմանը:
Խոսելով նախորդ համաժողովի արդյունքներից’ Ն. Սարգսյանը նշեց, որ 2010թ-ին ձեռք բերած նման համագործակցության արդյունքում հնարավոր է եղել կազմակերպել թրաֆիքինգի զոհ դարձած անձի հետ վերադարձը:
Համաժողովի հիմնական նպատակն է մասնակիցների ուշադրությունը հրավիրել տարածաշրջանային խնդիրների վրա, թրաֆիքինգի եւ հարկադիր աշխատանքի դեմ պայքարում հաջողություն գրանցած պետություններն էլ կներկայացնեն իրենց փորձը:






Facebook
Tweet This
Email This Post
