Քննարկվել են զբոսաշրջային ոլորտին առնչվող խնդիրներ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 12, 2011 21:11

Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման հիմնական մոտեցումներն ու ծրագրերն են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և զբոսաշրջային ու այդ ոլորտի շահագրգիռ ավելի քան 90 կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Քաղաքապետն ընդգծել է, որ զբոսաշրջային հնարավորությունների թիրախավորված առանձնահատկությունները պետք է մատնանշեն այդ ոլորտում մասնագիտացած մասնավոր ընկերությունները: Կարևորելով Երևանի զբոսաշրջության զարգացման հրամայականը, ինչպես նաև մայրաքաղաքի զբոսաշրջային միասնական հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը, Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է փոխգործակցել շահագրգիռ բոլոր կառույցների հետ. ՙԵրևանը աշխարհին ներկայանալու լավ հնարավորություններ ունի, բայց ցավոք այդ ամենը շատ վատ է կազմակերպված: Ըստ էության, Երևան բրենդը ընդհանրապես ներկայացված չէ աշխարհում ու դա, կարծում եմ կհամաձայնեք, որ հիմնականում ձեր բացթողումն է: Մենք պատրաստ ենք լսել կառուցողական ցանկացած առաջարկ, որպեսզի միասին կարգավորենք այս դաշտը՚,- նշել է քաղաքապետը: Կարեն Կարապետյանը գործակալություններին առաջարկել է ակտիվորեն համագործակցել Երևանի քաղաքապետարանի հետ, ներկայացնել ծրագրային հստակ առաջարկներ, ինչպես նաև կարծիքներ, թե ինչ սպասելիքներ ունեն զբոսաշրջային գործունեության դաշտում ներգրավված ընկերությունները քաղաքապետարանից` Երևանը զբոսաշրջության առումով առավել գրավիչ դարձնելու հարցում:  Ողջունելով Երևանի քաղաքապետի նախաձեռնությունը, ընկերությունների ներկայացուցիչները խոստացել են առաջիկայում առավել հստակ առաջարկների փաթեթ ներկայացնել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply