Գյուղացիները կոտրված տաշտակի առջև են. սոված չմնալու համար ստիպված են արտագնա աշխատանքի մեկնել

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | May 16, 2011 10:45

Աշոտ Թովմասյանը դեռ չգիտի, թե ինչպես է այս տարի կերակրելու իր ընտանիքին և վճարելու վարկը

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչ Աշոտ Թովմասյանը դեռ մի քանի օր ժամանակ ունի մտածելու, թե ինչպես է այս տարի պահելու իր ընտանիքը. մայիսի վերջին կրտսեր տղային էլ բանակ կճանապարհի (ավագ որդին ծառայում է ԼՂՀ-ում), որից հետո կա՛մ պետք է արտագնա աշխատանքի մեկնի, կա՛մ նորից վարկ վերցնի` քայքայված տնտեսությունը վերականգնելու հույսով:

Յոթ տարվա ընթացքում ստեղծված ֆերմերային  տնտեսությունը Թովմասյանները կորցրեցին երեք ամսում. իրար հերթ չտալով` սատկեցին մինչև 6 ամսական 68 խոճկորները, մայրացու խոզերը  և 87 հավերը: Գոմը միանգամից դատարկվեց: «Ոչ մեկս չիմացանք, թե ինչից էր, մի մասն ասում է` կերից է,մնացածն ասում են` վարակ է: Բուժման հնար չկար, ժամանակին կատարված պատվաստումներն էլ անօգուտ էին: Ինչ ունեի-չունեի, սատկեց, նույնիսկ շունս»,- ասում է 15 տարվա անասնապահության փորձ ունեցող Աշոտը, որ ամեն դեղ ու ճար անելուց հետո խոզերին անգամ օղի է տվել` հույսով, որ գոնե այդպես կփրկվեն կենդանիները:

Խոզերի հետ մեծ հույսեր կապած Թովմասյաններն անցած տարի աշնանը  բանկից 1,6 մլն դրամ  վարկ են վերցրել` 22 տոկոսով և երկու տարի ժամանակով: Գումարը պետք  էր խոզերին կերակրելու համար. օրական 15 հազար դրամի կեր էր անհրաժեշտ: Հինգ  ամիս վարկի գումարով խոզերին կերակրելուց հետո բոլորը սատկել են: «Տղայիս աշխատանքի արդյունքն էր. չնայած Երևանում ուսանող էր, բայց առավոտյան գիշերով վեր էր կենում,
որ խոզերին կերակրի, նոր դասի գնա, երեկոյան էլ շտապ քաղաքից հասնում էր ու գոմ մտնում: Բա հիմա տղաս ի՞նչ սրտով բանակ գնա. աշխատանքը ջուրն ընկավ, մեր տնտեսությունն էլ քայքայված վիճակում է: Ի՞նչ սրտով պիտի ծառայի, երբ հերն ու մերն էստեղ անմխիթար վիճակում են»:

Աշոտը մտածում է արտագնա աշխատանքի գնալու մասին, որ գումար բերի ու վարկը փակի: Սակայն գնալու համար էլ է գումար հարկավոր. տոմսը թանկ արժի. «Չգիտեմ` ինչ ա լինելու: Եթե ստացվի, երևի մի անգամ էլ բախտս եղջերավոր անասուններ պահելով փորձեմ»:


Աշոտը մխիթարվում է այն մտքով, որ միայն ինքը չէ նման վիճակում. գյուղում բոլոր անասնատերերն են կոտրված տաշտակի առջև հայտնվել. «Բոլորի գոմը դատարկ է, ով էլ դեռ անասուն ունի, հիմա են սատկում»:

Անելանելի վիճակում է նաև Բաղեյանների ընտանիքը: Հինգհոգանոց ընտանիքի
ղեկավար Ալբերտ Բաղեյանը կորցրել է իր ունեցած բոլոր հավերը և  20 խոզը, որոնց էլի վարկային գումարներով է կեր ապահովել:  «Էլ ի՞նչ հայ, որ վարկային պարտք չունենա»,- կատակում է Ալբերտը: Նա և իր եղբայրն այս տարի հաստատ արտագնա աշխատանքի են մեկնելու, արդեն որոշված է: Բաղեյանները նշում են, որ ամեն տարի չէ, որ արտագնա աշխատանքի են մեկնում. «Միայն այն տարիներին, երբ բնությունը չար կատակ է խաղում գյուղացու հետ. խոպան ենք գնում` ընտանիքին կերակրելու համար»:

2011-ը նման տարիներից է. գոմը դատարկվել է, մկնանման կրծողները վնասել են 0,5 հա պտղատու այգին. 7-8 տարեկան 65 ծառ արդեն չորացել է, հաջողվել է փրկել ընդամենը 14 ծառ: Սոված չմնալու համար այլընտրանքային եկամուտ է պետք: «Երեք երեխա ունեմ, հո սոված չե՞մ թողնելու»,- ասում է Ալբերտը:

Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն ասում է, որ անցած տարի հանրապետությունում մոտ 6 հազար խոզ է սատկել աֆրիկյան ժանտախտից: Իսկ հավերի անկման պատճառը եղել է կեղծ ժանտախտ կոչվող հիվանդությունը:

Մկրտչյանը հավաստիացնում է, որ այս տարի հանրապետությունում նշված հիվանդությունների ակտիվ օջախներ չկան, և անկման դեպքեր չեն գրանցվել: «Ձեր աչքով սատկած անասուն տեսե՞լ եք,- հարցնում է Մկրտչյանն ի պատասխան նկատառման, թե գյուղում դեռ շարունակում են կենդանիներ սատկել,- եթե ոչ, գյուղացիների ասածը հիմք մի ընդունեք, հանրապետությունում ակտիվ օջախներ չկան»: Նա ասում է, որ կեղծ ժանտախտի դեմ պայքարելու համար այս տարի էլի պետպատվերի շրջանակներում վակցինացիա են արել. անցած տարի պետպատվերի շրջանակներից դուրս էր մնացել: Իսկ աֆրիկյան ժանտախտի դեմ պատվաստանյութ չկա:

Անդրադառնալով գյուղացիների ֆինանսական փոխհատուցմանը` Մկրտչյանն ասում է, որ իրենք ցուցակներ են կազմում, թե որ գյուղացին ինչ կորուստներ է կրել, իսկ փոխհատուցման համար ֆինանսավորում պետք է հատկացնի կառավարությունը: 2007-ից հետո, սակայն, փոխհատուցման համար գումար չի հատկացվել:

Ըստ գյուղատնտեսության նախարարության տվյալների` 1 տարվա ընթացքում խոզերի գլխաքանակը կրճատվել է 4600-ով.  հանրապետությունում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ բուծվում է 108 հազար խոզ` անցած տարվա նույն ժամանակահատվածի 112,6 հազարի փոխարեն:

 

 

 

Դիտվել է 1487 անգամ:
Print Friendly

Leave a Reply