Լևոնն ընդունել է իր սխալը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | May 14, 2011 7:00

Կազանում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցամարտերը շարունակում են մնալ իմաստուն խաղի երկրպագուների ուշադրության կիզակետում: Ռուսաստանի ներկայացուցիչները մեծ հույսեր են փայփայում: Քանի որ հարազատ հողում են մրցամարտերը կայանում, նրանք ակնկալում են, որ իրենց երկրի շախմատիստներից որևէ մեկը` Ալեքսանդր Գրիշչուկը կամ Վլադիմիր Կրամնիկը, կկարողանա հաղթահարել արգելքները և աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթհան Անանդի հետ կպայքարի ուժեղագույնի կոչման համար: Իսկ մենք ամենամեծ սպասելիքներն ունենք Լևոն Արոնյանից, որ բոլոր մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի: Ի դեպ, մրցաշարի պարգևատրման հիմնադրամը բարձր է` 420 հազար եվրո: Քառորդ եզրափակչից դուրս մնացողները կստանան 30 հազար եվրո, կիսաեզրափակչից` 60 հազար եվրո: Իսկ եզրափակչի մասնակիցներից յուրաքանչյուրը, անկախ դրա արդյունքից, կհարստանա 180 հազար եվրոյով:

Թեև Արոնյանը մեկնարկային փուլում խաղում էր տանը հանդես եկող Գրիշչուկի հետ, ակնկալվում էր, որ նա հեշտորն կհաղթի մրցակցին:  Ընդ որում, 4 հիմնական հանդիպումից բաղկացած մրցամարտի առաջին իսկ պարտիայում սպիտակ խաղաքարերով հանդես եկող մեր շախմատիստը մոտ էր հաջողությանը, սակայն նա  վրիպեց, չնկատեց հաղթանակի տանող քայլը: Մինչդեռ, Արոնյանը միջնախաղից հետո առավելություն, մեկ զինվոր ավելի ուներ: Բայց անցունակ զինվորն այդպես էլ չհայտնվեց 8-րդ հորիզոնականում: Իսկ Գրիշչուկը, ի վերջո, հասավ այն բանին, որ տևական պայքարից հետո, 70-րդ քայլին, արձանագրվեց  ոչ-ոքի: 3-րդ պարտիայում, երբ Արոնյանը կրկին խաղում էր սպիտակներով, նավակային վերջնախաղում մեկ զինվոր ավելի ուներ, սակայն դարձյալ բավարարվեց խաղաղ արդյունքով: Իսկ Գրիշչուկը սպիտակներով գրեթե միանման անցկացրեց 2-րդ և 4-րդ պարտիաները: Դրանք կարճատև էին, համապատասխանաբար կատարվեցին 20 և 17 քայլ և ավարտվեցին ոչ-ոքի:

Մրցամարտի հաշիվը դարձավ 2:2: Այնպես որ, բանը հասավ թայ-բրեքին. մրցամարտի հաղթողին որոշելու համար գրոսմայստերները մեկ օրում   չորս պարտիա պետք է անցկացնեին: Այսինքն` Լևոնը վտանգավոր իրավիճակում հայտնվեց, քանի որ կարճացված ժամանակով պարտիաներն անկանխատեսելի են, բախտը շատ բանով կարող էր վճռորոշ լինել: Իսկ նրա 27-ամյա մրցակիցն ամենևին էլ  նվեր չէր: Գրիշչուկը եղել է կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, հաղթել է Ռուսաստանի առաջնությունում, Լինարեսի գերմրցաշարում:

Ընդ որում, թայ-բրեքից առաջ, երբ 28-ամյա Արոնյանին հարցրել էին, թե երազում չի­՞ տեսնում մրցակցի հետ անցկացրած առաջին պարտիան, որում ձեռքից բաց է թողել հաղթանակը, նաև մրցամարտի ելքն իր օգտին վճռելու հնարավորությունը, պատասխանել է, որ հասկանում է իր սխալը: Նա նշել է, որ ինքը պրոֆեսիոնալ է և առաջին անգամը չէ, որ կորցնում է հաղթանակը, և  ինչքան էլ  դա տհաճ լինի, պետք է շարունակել ապրել: Ի դեպ, 2-րդ պարտիայում էլ հայ  գրոսմայստերը սկզբնախաղից հետո լավ դիրք էր ստացել: Նա այդ մասին պարզաբանել է, որ ինքը չի ցանկացել բավարարվել հավասար արդյունքով, թերևս գերագնագատել է իր դիրքը, իսկ իրականում գոհ է եղել, որ պարտիան կարճատև է և կարող է  հանգստանալ ու նախապատրաստվել հաջորդ հանդիպմանը:

Արոնյանն ակամա հայտնվեց  մրցամարտում լինել, թե չլինելու իրավիճակում: Եվ կատարվեց անցանկալին. պարտվեց 1,5:2,5 հաշվով: Նա մրցակցին զիջեց 1-ին, 4-րդ պարտիաներում, հաղթեց 2-րդում, իսկ 3-րդ հանդիպումն ավարտեց ոչ-ոքի: Այսպիսով, Արոնյանի աշխարհի չեմպիոն դառնալու երազանքը մնաց անկատար: Իսկ մայիսի 12-ին կիսաեզրափակչում պայքարը կշարունակեն Գրիշչուկը և Կրամնիկը, Գատա Կամսկին (ԱՄՆ) և Բորիս Գելֆանդը (Իսրայել):

 

 

 

 

 

 

Դիտվել է 1107 անգամ:
Print Friendly

Leave a Reply