Բացահայտումներ` արյան գնով

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | May 15, 2011 15:00

Դոպինգի հետ կապված աղմկահարույց  միջադեպերը  աշխարհում քիչ չեն: Թերևս ուրախալի է, որ վերջին տարիներին այս առումով Հայաստանի ներկայացուցիչները ուշադրության կենտրոնում չեն հայտնվում: Անկասկած, դա որոշակի զգուշավորության, ներքին կարգով բացահայտումների միջոցով իրավիճակը վերահսկելու արդյունք է: Սակայն դա ամենևին էլ չի նշանակվում, թե այս առումով ոչ մի խնդիր չունենք:

Մասնավորապես,  տարբեր, այդ թվում նաև այն մարզաձևերում, որոնցում մեր երկրի ներկայացուցիչները եղանակ են ստեղծում աշխարհում, Հայաստանի առաջնություններում փորձաքննություն չի կատարվում: Եվ քիչ չեն դեպքերը, երբ Հայաստանի առաջնությունում տպավորիչ մրցելույթներ ունեցած մարզիկները միանգամայն անօգնական վիճակում են հայտնվում միջազգային մեկնարկներում, չեն դրսևորում այն ամենը, ինչը ցույց են տվել մեր երկրի առաջնությունում: Մասնավորապես, կասկած է առաջացնում, որ Հայաստանի առաջնությունում հաջողության հասած մի շարք ըմբիշներ հետագայում հին աշխարհամասի, աշխարհի առաջնություններում անցանկալի տեղեր են զբաղեցնում: Այս մասին հայտնեց Հայաստանի սպորտային բժշկության և հակադոպինգային կենտրոնի դոպինգի բաժնի ղեկավար, Արևելյան Եվրոպայի հակադոպինգային խորհրդի անդամ, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը:

Եվ քանի որ նա վերջերս մասնակցել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (ՎԱԴԱ) Լոզանում կազմակերպված գիտաժողովին, հետաքրքիր էր, թե ինչ ուշագրավ իադարձություններ են եղել: Հովհաննիսյանը կարևորեց, որ Հայաստանի ներկայացուցիչն առաջին անգամ է մասնակցել այդ գիտաժողովին, որտեղ պատվիրակներ են ունեցել 89 երկրներ: Քննարկվել է այն հարցը, որ առաջիկայում դոպինգի ստուգման ժամանակ պարտադիր կիրառվի նաև արյան ստուգում: Բանն այն է, որ մշակվել են նոր մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս որոշելու արյան կարմիր գնդիկների քանակը բարձրացնող արգելված նյութերը և դրանց քայքայման միջոցները: Գիտաժողովում առանձնացվել են այն մարզաձևերը, որոնց ներկայացուցիչներն առավել շատ են դիմել արգելված դեղամիջոցների օգնությանը: Իսկ ավելի հաճախակի կարգազանցների թվում են հայտնվել հեծանվային սպորտի,  լողի, թիավարության և դահուկային սպորտի ներկայացուցիչները:

Գիտաժողովին մասնակցելը հնարավորություն է տվել նաև ներկայացնելու այդ ուղղությամբ Հայաստանում կատարվող աշխատանքը: Հովհաննիսյանը հայտնեց, որ Հայաստանի կազմակերպությունը ոչ միայն հեղինակություն ունի, այլև Արևելյան Եվրոպայում ճանաչվել է  լավագույններից  մեկը: Այսպես, 2010-ին 300-ից ավելի փորձաքննություն է կատարել, կրթական սեմինարներ անցկացրել, հրատարակել է «Դոպինգ, սպորտ և առողջություն» գրքույկը, արգելված դեղամիջողների ցանկը: Բացի այդ, ֆիլմ է պատրաստվել «Դոպինգը` դարի առեղծված» վերնագրով:

Փորձառու մասնագետը գաղտնիք չհամարեց,  որ, այդուհանդերձ, Հայաստանում մարզիկներից շատերը տեղյակ չեն, թե ինչպիսի վնասակար ազդեցությունների, նաև տխուր հետևանքների կարող է հանգեցնել արգելված դեղամիջոցների օգտագործումը, ասվեց, որ մարզիկների մեծ մասը չգիտի, թե տարեկան քանի անգամ կարող են իրեն փորձաքննության  ենթարկել և այլն: Հայաստանն ունի  միջազգային կարգի  դոպինգի ստուգումներ անցկացնող 8 սպա: Նրանց աշխատանքի ծավալն աստիճանաբար մեծանում է: Մեր երկրի մասնագետներին արդեն վստահում են ոչ միայն սպասարկել, փորձանմուշներ վերցնել Հայաստանում կազմակերպվող խոշորամասշտաբ ստուգատեսների մասնակիցներից, այլև նույնն անել արտասահմանում:

Այդուհանդերձ, ներկայումս գերիշխում է այն տեսակետը, որ ազնիվ մրցակցությանն ապավինող մարզիկներն ի վերջո ստիպված են լինելու պարտվել այն մրցակիցներին, ովքեր դիմում են արգելված դեղամիջոցների օգնությանը, սակայն չեն բռնվում այդ հանցանքում: Եվ քանի որ գիտությունն աստիճանաբար առաջ է շարժվում, թերևս  կարգազանցներին բացահայտելն էլ գրեթե անհնարին կդառնա: «Ամենևին այն կարծիքին չեմ, որ աշխարհի առաջնություններում, օլիմպիական խաղերում հաղթում են բացառապես խթանիչներ օգտագործած մարզիկները: Միայն մեկ օրինակ բերեմ: Ճամայկացի հանրածանոթ արագավազորդ Ուսեյին Բոլտը, որ գահընկեց է արել աշխարհի ռեկորդները, տարեկան 12-16 անգամ փորձաքննության է ենթարկվում: Բոլոր բարձրակարգ մարզիկները պարբերաբար ստուգվում են: Այնպես որ արգելված դեղամիջոցների օգտագործումը, առավելևս` հանրածանոթ մարզիկների կողմից, պարզապես անհնարին է դառնում: Ի դեպ,  չպետք է անտեսել, որ սպորտային գիտությունն օրեցօր առաջ է շարժվում, և նոր հնարավորություններ են հայտնաբերվում, որպեսզի մարզիկները դրսևորեն առավելագույն կարողությունները, հաջողության հասնեն առանց իրենց առողջությունը վնասող դեղամիջոցների: Մարզական գիտության զարգացման այս տեմպերի պահպանման պայմաններում հեռու չէ այն ժամանակը, երբ խթանիչներն ինքնըստինքյան դուրս կմղվեն սպորտից»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:

Այդուհանդերձ, ուսումնասիրությունները բացահայտել են, որ  ԱՄՆ-ում  պատանի մարզիկների 80 տոկոսը պատրաստ է արգելված դեղամիջոցների օգտագործման օնությամբ օլիմպիական բարձունքներ նվաճել: Ի դեպ, Հայաստանում ևս հարցում է անցկացվել: Ընդ որում, պատասխանողներն իրենց անունները չեն գրանցել: Եվ պարզվել է, որ մեր երկրի պատանիների միայն  12 տոկոսն է պատրաստ փառքի հասնելու այդ տարբերակին: Ի դեպ, բացահայտվել է, որ մեր բարձրակարգ մարզիկներն այս հարցում զգուշավորություն են դրսևորում, քանի որ հաճախակի են միջազգային մեկնարկների մասնակցում, բռնվելու հավանականությունը մեծ է: Հովհաննիսյանի ենթադրությամբ` չի բացառվում, որ երիտասարդ մարզիկները, ովքեր ճանաչման չեն հասել, այդպիսի ապօրինությունների դիմեն, իսկ ամեն բան կարելի է հստակեցնել միայն պարբերաբար ստուգումներ անցկացնելու միջոցով, որի համար զգալի  ֆինանսներ կպահանջվեն:

Եվ քանի որ այժմ  շատ է խոսվում այն մասին, որ դոպինգի և գրավախաղերի ոլորտում նրկայումս տիրություն են անում միջազգային հանցագործ խմբավորումները, հատկապես` ֆուտբոլում դա ակնառու է, հետաքրքրվեցինք, թե հնարավոր է,  որ այդ երևույթներն իրենց արձագանքն ունենան նաև մեր երկրում: Պրոֆեսորը համաձայնեց, որ ֆուտբոլում այդ առումով կան անցանկալի իրողություններ, սակայն այլ մարզաձևերում արդարությունը հիմնականում պահպանվել է: Ինչ վերաբերում է այդ երևույթի ներհայաստանյան դրսևորումներին, ապա խուսափողական պատասխան տրվեց: Իսկ պատճառաբանությունն այն է, որ քանի դեռ պաշտոնական զանգվածային ուսումնասիրություններ չեն կատարվել, իմաստ չունի այդ մասին խոսել: Այդուհանդերձ, որ Հայաստանի մարզիկների համար արգելված դեղամիջոցների օգտագործումը չի բացառվում, վկայում են մի շարք բացահայտումներ:

Նախկինում ունեցել ենք խթանիչներ օգտագործելու համար պատժված մարզիկներ: Ի դեպ, ոմանք անտեղյակ են եղել, թե ինչ դեղամիջոցներ են օգտագործում: «Դա արել են չիմանալով: Օրինակ` ճանաչված, խորհրդային տարիներին փառքի հասած մեր մարզիկներից մեկն ինձ պատմել է, որ մրցման մասնակցելուց առաջ լեզվի տակ հաբ էին դնում և հավատացնում էին, թե մեղրից է պատրաստված: Մինչդեռ այն մեստերոնա հայտնի խթանիչն է, որը լեզվի տակ է պահվում, որպեսզի դեղանյութն արագ արյան մեջ ներծծվի: Մարզիչներն իրենց սաներին հավատացնում էին, որ դա վիտամին է: Փաստորեն, նրանք խաբում էին: Այդ դեղամիջոցն օգտագործում էին  նախկին ԽՍՀՄ-ի, ԳԴՀ-ի և ԱՄՆ-ի հավաքականների ներկայացուցիչները: Այն տարիներին մրցումներից առաջ մարզիկներին փորձաքննության չէին ենթարկում: Իսկ չբռնվելու համար զգուշավոր մեթոդներ էին կիրառում: Ի դեպ, 1988-ին Սեուլում կայացած օլիմպիական խաղերի ժամանակ ԽՍՀՄ հավաքականի հակադոպինգային լաբորատորիան կորեական նավահանգստում գտնվող նավի վրա էր: Եվ խորհրդային մարզիկները նախքան մեկնարկի դուրս գալը ստուգվում էին: Եթե նրանցից ոմանց մոտ կասկածելի որևէ բան էր հայտնաբերվում, հայտարարվում էր, որ վնասվածքի պատճառով չեն մասնակցի մրցումների»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Դիտվել է 1769 անգամ:
Print Friendly

Leave a Reply