Ի՞նչ է գործարքը և ինչպե՞ս ճիշտ ձևակերպել այն

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | May 18, 2011 7:00

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 18-րդ գլխի 289-րդ հոդվածի համաձայն` «գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն»:

Գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ: Պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:

Օրենքին, այլ իրավական ակտերին կամ կողմերի համաձայնությանը համապատասխան միակողմ գործարք կնքելու համար անհրաժեշտ և բավարար է մեկ կողմի կամքի արտահայտությունը:

Գործարքները կնքվում են բանավոր կամ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձևով: Գործարքը, որը կարող է կնքվել բանավոր, համարվում է կնքված նաև այն դեպքում, եթե անձի վարքից ակնհայտ է գործարք կնքելու կամքը: Օրենքով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում լռությունը համարվում է գործարք կնքելու կամքի արտահայտություն:

Գործարքը, որի համար օրենքով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված չէ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձև, կարող է կնքվել բանավոր: Բանավոր կարող են կնքվել կնքման պահին կատարվող բոլոր գործարքները, բացառությամբ այն գործարքների, որոնց համար սահմանված է նոտարական ձև, և այն գործարքների, որոնց հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրանց անվավերության, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ:

Գրավոր պայմանագրի կատարմանն ուղղված գործարքները կարող են կողմերի համաձայնությամբ կնքվել բանավոր, եթե դա չի հակասում օրենքին, այլ իրավական ակտերին և պայմանագրին:

Գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրվում է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից:

Օրենքով, այլ իրավական ակտերով և կողմերի համաձայնությամբ կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ, որոնց պետք է համապատասխանի գործարքի ձևը (որոշակի ձևաթղթի վրա կնքելը, կնիքով դրոշմված լինելը և այլն), և կարող են նախատեսվել այդ պահանջները չպահպանելու հետևանքներ: Եթե նման հետևանքներ նախատեսված չեն, ապա կիրառվում են գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելու հետևանքները (298-րդ հոդվածի 1-ին կետ):

Ինչպես նշված է օրենսգրքի 297-րդ հոդվածում, բացառությամբ նոտարական վավերացում պահանջող գործարքների, հասարակ գրավոր ձևով պետք է կնքվեն`

1) իրավաբանական անձանց` միմյանց միջև և քաղաքացիների հետ գործարքները.

2) քաղաքացիների միջև աշխատավարձի սահմանված նվազագույն չափի քսանապատիկ գումարը գերազանցող, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` անկախ գումարի չափից, գործարքները:

Գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելուց, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից: Օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Արտաքին տնտեսական գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:

Գործարքի նոտարական վավերացման կարգը սահմանվում է «Նոտարիատի մասին» օրենքով: Գործարքի նոտարական ձևը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության: Նման գործարքն առոչինչ է: Եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում: Գործարքի նոտարական վավերացումից անհիմն խուսափող կողմը պետք է մյուս կողմին հատուցի գործարքը կնքելու ուշացման հետ կապված վնասները:

Անշարժ գույքի կապակցությամբ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: Շարժական գույքի վերաբերյալ գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:

 

Ավետիք Հարությունյան

 

 

 

Դիտվել է 3343 անգամ:
Print Friendly

Leave a Reply