Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգապետ Ռենցո Տոնդոյի գլխավորած պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | May 12, 2011 15:50

Նախագահը նշել է, որ հայ-իտալական բարեկամական հարաբերություններն ավանդական բնույթ ունեն, և պատմությունը շատ լավ հիմք է ստեղծել այդ հարաբերությունները զարգացնելու համար: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Իտալիայի հետ բազմաբնույթ կապերի և համագործակցության խորացմամբ ու չափազանց կարևորում է քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական հարաբերությունների, առևտրատնտեսական, կրթամշակութային, զբոսաշրջության և այլ ոլորտներում փոխգործակցությունը: Նախագահ Սարգսյանն անհրաժեշտ է համարել նաև Հայաստանի և Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը` ողջունելի համարելով Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգի և Տավուշի մարզի միջև ամրապնդվող հարաբերություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ուղղությամբ աշխատանքը:

Նահանգապետ Ռենցո Տոնդոն հույս է հայտնել, որ ՏԻՄ մակարդակում հարաբերությունների սերտացումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների կառավարությունների միջև համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար: Ընդգծելով հայ-իտալական տնտեսական բաղադրիչի կարևորությունը` նա նշել է, որ գործարար շրջանակների միջև անմիջական շփումները խթանելու նպատակով իր գլխավորած պատվիրակության հետ Հայաստան են ժամանել իտալացի գործարարներ, ովքեր հայ գործընկերների հետ կքննարկեն փոխշահավետ ու հեռանկարային համագործակցության հնարավորությունները:

Հայաստանյան այցից ներկայացնելով իր տպավորությունները` Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգապետը նշել է. «Հայաստան կատարած այցի ընթացքում մենք գտանք մեր ընդհանուր քրիստոնեական արմատները: Ես անչափ տպավորված եմ ձեր գեղեցիկ երկրով»:

Նահանգապետն այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որի մասին ասել է, թե իր համար չափազանց հուզիչ է եղել այն, ինչ տեսել ու լսել է:-

 

Դիտվել է 2195 անգամ:
Print Friendly

Leave a Reply