Քաղցից մարդը հիմարանում է. ո՞ր մթերքներն են օգնում ուղեղի աշխատանքին

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | May 14, 2011 7:00

Համակրելի մարդը ոչ միայն պետք է ուղիղ դիմագծեր ունենա, այլև առողջ մաշկ, մազեր ու գեղեցիկ կեցվածք: Քիչ մարդ  կգտնվի, որ ուշադրություն չի դարձնում իր հասցեին հնչած «գեղեցիկ է, բայց հիմար» արտահայտությանը:

Ածխաջրեր ուղեղին

Որպեսզի գլուխն աշխատի ինչպես հարկն է, ինչպես և մկաններին, գլխին հարկավոր է էներգիա, որի հիմնական աղբյուրը գլյուկոզան է: Իսկ այն կարելի է ստանալ  ածխաջրերով հարուստ մթերքներից: Բոլոր ածխաջրերը բաժանվում են երկու խմբի` արագ-դանդաղ ու բարդ: Արագ ածխաջրեր կան  քաղցրավենիքի մեջ (կոնֆետ, թխվածքաբլիթ, մեղր, ինչպես նաև միրգ ու կաթ): Դանդաղ ածխաջրերով հարուստ են կարտոֆիլը, մակարոնեղենը, ապուրները, հացն ու ընդեղենը: Շոկոլադն, օրինակ, կարող է ուղեղն արագ ապահովել էներգիայով, բայց կարճատև ժամանակով: Իսկ  օրինակ` ապուրը, էներգիա է «մատուցում» աստիճանաբար, փոքր չափաբաժիններով, որը կբավականացնի երկար ժամանակ: Դանդաղ ածխաջրերն են նպաստում ուշադրության կենտրոնացմանն ու հիշողության պահպանմանը:

Քաղցածները հիմարանում են

Ուղեղը 60%-ով կազմված է ճարպերից: Ուստի չպետք է սահմանափակել ճարպաթթուներով հարուստ մթերքների օգտագործումը: Ուղեղը հատկապես սիրում է «զեյթունի ձեթ» ու ձկան յուղոտ տեսակներ:

Մեր «համակարգիչն» առանց սպիտակուցային սննդի նույնպես չի կարող յոլա գնալ: Սպիտակուցները տրոհվում են ամինաթթուների, որոնց մի մասը կարևոր դեր է կատարում ուղեղի աշխատանքի համար (տրիպտոֆան, գլիցին, տիրոզին, ֆենիլալանին): Ամինաթթուների համալիր է պարունակում միսը, ձուկը, ձուն, կաթնամթերքը: Սպիտակուցի անբավարարության դեպքում առաջանում է տկարություն, նվազում է նույնիսկ ինտելեկտի գործակիցը: Այնպես որ բուսական միատարր սննդակարգի հետևորդները (օրինակ` կաղամբային կամ բրնձային)  վտանգում են իրենց առողջությունն ու ինտելեկտը և կարող են պարզապես հիմարանալ:

Մտքի պայծառությունը  երկարատև պահպանելուն օգնում է E վիտամինը, որոնցով հարուստ են մաղադանոսի տերևները, ձեթը, կաղամբը, նարինջը, թուրինջն ու խաղողը: Հետաքրքրական է, որ նույն այդ վիտամինն օգտակար է նաև մաշկի համար: Այն ճիշտ սնուցելու համար կարևոր են «Օմեգա-3» և «Օմեգա-6» ճարպաթթուները, որոնցով հարուստ են ծովաձկան յուղոտ տեսակները: Ի դեպ, ձկան մեջ մեծ քանակությամբ սպիտակուցներ կան: Դրանց անբավարարությունը կարող է հանգեցնել  մաշկի տոնուսի կորստի, ինչը հետևանքով մաշկը թոշնում է ու ճաքճքում:

Աղիքային խնդիրներ ունեցողները չեն կարող  գեղեցիկ մաշկով հպարտանալ: Մաշկի վատ գույնը, պզուկները, գրգռված մաշկն անառողջ աղիքների մասին են խոսում: Օգտագործեք մածուն, յոգուրտ, կեֆիր: Դրանք վերականգնում են  աղիքային միկրոֆլորան, խանգարում են  հիվանդածին մանրէների բնադրմանը, կարգավորում են նյութափոխանակությունը: Վիտամինների պակասը լրացնելու համար միայն ճիշտ սնունդը բավարար չէ: Երբեմն հարկ է դրանք լրացուցիչ ստանալ դրսից: Դա բարդ չէ, իսկ դեղատներում էլ մեծ ընտրություն կա:

Երիտասարդացնող մթերքներ

Հաճախ ենք լսում` «Մենք այն ենք, ինչ ուտում ենք» արտահայտությունը:  Կան շատ օգտակար մթերքներ, որոնք օգնում են պահպանելու երիտասարդությունն ու գեղեցկությունը: Օրական հինգանգամյա սննդակարգը լավագույնն է առողջ ու շողշողացող մաշկ ունենալու համար: Այդպիսով օրգանիզմը հագեցնում ենք մեծ քանակությամբ վիտամիններով, հանքանյութերով, հյուսվածքներով ու ջրով: C վիտամինն ամրացնում է  մազանոթները, բարելավում  կոլագենի մշակումը, C և E վիտամինները (որոնցով հարուստ են կիվին ու ավոկադոն) և բետա- կարոտինը (գազարի, ծիրանի  ու մանգոյի մեջ  եղած պիգմենտը,) չեզոքացնում են ազատ ռադիկալների ազդեցությունը, որոնք նպաստում են վաղաժամ ծերացմանը:

C վիտամինի աղբյուր են համարվում ցիտրուսային հյութերն ու մրգերը, ելակը, տոմատները, քաղցր տաքդեղը և կանաչ ոլոռը:  Բոլոր մրգերի  ու բանջարեղենի մեջ կալիում կա, որը կարգավորում է հյուսվածքներում հեղուկի մակարդակը և օգնում պայքարելու այտուցի, օրգանիզմում ջրի կանգի դեմ: C վիտամինով, բետա-կարոտինով ու ազատ ռադիկալների գործունեությունը դադարեցնող հատկություններով է օժտված հապալասը: Առհասարակ մեծ օգուտ է տալիս թարմ հատապտուղը, քանի որ դրա մեջ սննդարար նյութերն ու վիտամիններն ավելի շատ են: Ինչպես ծլած ցորենը, այնպես էլ մյուս հացազգիները պարունակում են սելենիում, հանքային հակաօքսիդանտներ, որոնք օգնում են ուլտրամանուշակագույն ճառագայթների  ազդեցության նվազեցմանը: Հետազոտություններով պարզվել է նաև, որ դրանք օգնում են մաշկի քաղցկեղի դեպքում: Թեփով հացահատկի մեջ պարունակվում է նաև ցինկ, որը նպաստում է մաշկի առաձգականությանը, հետևաբար` կնճիռների կանխարգելմանը:

Պրոտեիններ. եթե ձեր օրգանիզմում սպիտակուցների քանակն անբավարար է,  ապա  դա բացասաբար է անդրադառնում մազերի, մաշկի, ատամների ու եղունգների վրա: Օրգանիզմի համար հիմնարար մթերքներ են համարվում ընտանի թռչնամիսը, ձուն, միսը, պանիրը չորացրած ոլոռը, ընդեղենը, հացահատիկներն ու սոյան: Ձուկը պրոտեինի ու սննդարար նյութերի  հիմնական աղբյուր է:

Կենարար ջուր. մեր օրգանիզմի 2/3-ը կազմված է ջրից: Այն անհրաժեշտ է մարսողության ու  դրա արգասիքների հեռացման համար: Իսկ երբ այն անբավարար է, հյուսվածքներում կուտակվում են թույներ, որոնք մաշկի վատ գույնի, օրգանիզմի ընդհանուր վատ զգացողության ու արագ ծերացման պատճառ են դառնում:

Սննդակարգից հեռացնելով ճարպերն ու յուղերը (հատկապես չհագեցած)` մենք անդառնալի վնաս ենք հասցնում օրգանիզմին: ճարպերն անհրաժեշտ տարրեր են, որոնք         ապահովում են մաշկի խոնավությունը: Ինչ վերաբերում է խոլեստերինին, ապա գոյություն ունի դրա երկու տեսակ` լավ ու վատ: Լավ խոլեստերինն  օգնում է խուսափելու սրտային անբավարարությունից (ավելացրեք օրվա չափաբաժնում հատիկավորների քանակը, զեյթուն, գետնանուշ, ընկույզներ, ձուկ): Եթե ձուկ չեք ուտում կամ չեք սիրում, դրա փոխարեն կարող եք օգտագործել վուշի ձեթ, որը հարուստ է օմեգա-3 թթվով:

 

Դիտվել է 3219 անգամ:
Print Friendly

Leave a Reply