Ծառատունկ՝ Երկրի օրվա շրջանակներում. «Զատիկ» մանկատան նախկին սանը երջանիկ է

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 14, 2011 15:00

Տեսնելով պատի տակ կողք կողքի շարված տնկիները՝ մտածեցի, որ դրանք հազիվ մի քանի ամսական կլինեն: Պարզվեց՝ ոչ. դրանք ոչ թե մի քանի ամսական, այլ երկու տարեկան էին, չնայած ծառի համար այդ տարիքը «նորածնային է»:

Տնկիները 32-ն էին՝ հացենի և ընկուզենի, որոնք Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից նախատեսված էին Զատիկավանում և Նորատուսի 3-րդ դպրոցում տնկելու համար: Եվ այսպես, ճանապարհ ընկանք՝ «նորածիններին» հանձնելու մայր հողի խնամքին:

Զատիկավանը Երևանից 15 կմ հեռավորության վրա է ՝ մի գեղատեսիլ վայրում: Այս ինքնատիպ ավանը ստեղծել է «Զատիկ» մանկատունը՝ կացարան, աշխատանք և ընտանիք ունենալու հնարավորություն տալով այն երիտասարդներին, ովքեր, ավարտելով մանկատնային կյանքը, դառնում են անօթևան: Այս պահին այնտեղ մոտ 15 բնակիչ է ապրում՝ երեք ընտանիք, չնայած ծրագիրը մեկնարկել է 5-6 տարի առաջ:

Զատիկավանում մեզ դիմավորեցին ավանի սակավաթիվ բնակիչները: 20 տնկի հանձնեցինք երիտասարդ ընտանիքներից մեկին, որ ավանում է արդեն 5 տարի: Երիտասարդ տանտիրուհին՝ Միլանան, պատմեց, որ 1995 թ. սոցիալական վատ պայմանների պատճառով մայրն իրեն ու եղբորը հանձնել է «Զատիկ» մանկատան խնամքին: 8-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Ավանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ, բայց երկրորդ կուրսում՝ 16 տարեկանում, ուսումը կիսատ է թողել և ամուսնացել մանկատան ընկերներից մեկի՝ Արտյոմի հետ: 10 տարի անց Միլանան վերականգնել է ուսումը. այս տարի նա կավարտի քոլեջը:

Միլանան նաև պատմեց, որ մինչ Զատիկավանում հաստատվելն իրենք պետությունից բնակարան են ստացել, որտեղ ապրելն անհնար է եղել. «16 կվարտալում, կիսանկուղային հարկում մի փոքր սենյակ տվեցին,- հիշում է նա,- ժամանակին էդ տարածքում դեղատուն էր եղել, որը պետությունը վերցրել, 6-7 ընտանիքի համար տներ էր սարքել: Մեր գլխավերևում 16-հարկանի շենքի խողովակներն էին անցնում, և մի օր կոյուղու խողովակը պայթեց, ամբողջ  կեղտը լցվեց տներից մեկի մեջ»:

Ըստ նրա` նախապես վերանորոգված տուն են ցույց տվել և մեկ օրում «թղթերը դեմ տվել», որ ստորագրեն: «Դե մենք էլ խամ-խամ ստորագրեցինք, հետո հասկացանք, որ էդ տան մեջ ապրել չի լինի,- ասում է նա,- մի տարվա ընթացքում մեծ տղաս էնքան հիվանդացավ, որ չգիտեինք ինչ անել, հիվանդանոցների դռներն էինք ընկել: Հիմա էդ «ռեմոնտ» արած տան մեջ սնկեր են աճում»:

Միլանայի խոսքով, այս պահին պետության տրամադրած կացարաններում գրեթե ոչ ոք չի ապրում. «Մի աղջիկ կա, որ ստիպված էնտեղ ապրում է, բայց ամեն օր տան գույքը տեղափոխում է այս ու այն կողմ, որ ջրերը չլցվեն վրան, փչացնեն»,-ասում է նա:

Զատիկավանի կացարանում Միլանան, Արտյոմն ու նրանց երկու որդիները միայնակ չեն. նրանց հետ է ապրում նաև Արտյոմի եղբոր ընտանիքը: Միլանան ասում է, որ ամուսնու եղբոր կինն իր համար հարազատ քրոջ պես է, իրար շատ են սիրում, ապրում են հաշտ ու համերաշխ: Մի խոսքով, նա իրեն երջանիկ է զգում:

Պետք է խոստովանել, որ վերջին շրջանում մանկատների և հատուկ դպրոցների նախկին շրջանավարտների հետ ունեցած բազմաթիվ զրույցներից Միլանայի հետ զրույցը եզակի էր՝ որպես հաջողված պատմություն. մնացած դեպքերում այդ պատմությունները լի են տարաբնույթ խնդիրներով և անորոշ հեռանկարով:

«Զատիկ» մանկատան տնօրեն Աշոտ Մնացականյանն ասում է, որ միշտ իր սաների կողքին է՝ պատրաստ աջակցելու նրանց ցանկացած հարցում. «Զատիկավանը մի ծրագիր է, որը ոչ թե նստել, սուրճ եմ խմել և երազել, այլ անմիջական պատասխանն է եղել այն բոլոր հարցերի և խնդիրների, որ իմ առջև եղել են»,-ասում է նա:

Զատիկավանի բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ՝ ինքնուրույն հոգալով իրենց հացի խնդիրը:

Ճիշտ է, ավանում անելիքներ դեռ շատ կան, առաջին հերթին` նոր կացարանների կառուցումը, որի շնորհիվ առավել մեծ թվով ընտանիքներ հնարավորություն կունենան բնակվելու, բայց կարևորն այն է, որ նման բան Հայաստանում արդեն կա:

«Զատիկավանի բնակարանները 10 տարի ժամկետով կտրամադրվեն բնակիչներին, և եթե մենք տեսնենք, որ այդ տներում ընտանիք է ստեղծվում, վատ նպատակների համար չի օգտագործվում, ապա դա նրանց կտրվի սեփականության իրավունքով՝ որպես պարգևատրում»,-նշում է Մնացականյանը:

Ինչպես հույս հայտնեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցներից մեկը, Երկրի օրվան նվիրված բնապահպանական միջոցառումների շրջանակներում Զատիկավանում տնկված ընկուզենիներն ու հացենիները հաստատուն արմատներ կգցեն՝ նպաստելով ավանի բարգավաճմանն ու զարգացմանը:

 

 

Դիտվել է 1309 անգամ:
Print Friendly

Leave a Reply