Երիտասարդ գիտնական. «Հայաստանում գիտությամբ զբաղվելը շռայլություն է»

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | May 13, 2011 2:00

27600 դրամ. այսքան է ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում աշխատող երիտասարդ ֆիզիկոսի ամսական աշխատավարձը:

28-ամյա Ռուզան Սոխոյանը ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, արտերկրում գիտական աստիճան ստանալուց հետո վերջերս է Հայաստան վերադարձել: Գիտնականի «աղքատավարձով», սակայն, Ռուզանը Հայաստանում երկար մնալու մտադրություն չունի, աշխատանքի կանցնի արտերկրի գիտահետազոտական կենտրոններում, իր  խոսքով` կմեկնի արտագնա աշխատանքի վերադառնալու մտադրությամբ: «Ես Հայաստանում եմ, քանի որ հույս ունեմ` այստեղ դեռ իրավիճակը կարող է փոխվել,- ասում է նա:- Հասկանում եմ, որ մեր բյուջեն փոքր է, և հայաստանցի գիտնականը ամերիկացի գիտնականի նման բարձր աշխատավարձ ունենալ չի կարող, սակայն կարծում եմ, որ պետական վերաբերմունք պետք է լինի»:

Պետական այրերի հայտարարությունները գիտելիքահեն տնտեսության մասին  Ռուզանին էլ են հույս տվել, որ վերջապես գործնական քայլեր կկատարվեն և գիտնականի աշխատանքն ըստ արժանվույն կգնահատվի, բայց ապարդյուն: «Գիտելիքահեն տնտեսությունն ինչպե՞ս են պատկերացնում առանց գիտելիքի կրողների, առանց գիտնականների: Չէ՞ որ երբ ասում են, թե 26 հազար դրամ աշխատավարձ կտան, անուղղակիորեն ասում են` վեր կաց գնա: Այդ գումարով հնարավոր չէ ապրել Հայաստանում»:

Գեղեցիկ խոստումներն արդեն գործի վերածված տեսնելու համար Ռուզանը միացել է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնող խմբին:  Նրա խոսքով` բացի գիտության ֆինանսավորման խնդիրը լուծելուց,  կարևոր է նաև հասարակական թյուր ընկալումները գիտնականի ու գիտության դերի մասին փոխելը: «Քննարկումներից մեկի ժամանակ մի երիտասարդ ասաց` «ուրեմն 30 հազարի եք աշխատում, որ այդքան եք ստանում. շուկա է»: Ինձ համար ցավալի է տեսնել նման վերաբերմունք գիտնականի  նկատմամբ»,- ասում է Ռուզանը:

Ֆիզիկոսը նշում է, որ եթե որոշիչ դեր կատարեր շուկան, ապա  Հայաստանում որևէ գիտնական չէր մնա, որովհետև կգնային և այլ երկրում բարեկեցիկ կապրեին իրենց աշխատանքով. «Հայրենասիրությունն է գիտնականներին Հայաստանում պահում, այլապես բոլորը մեկ օրում կարող են գնալ»:

Ռուզանը ֆինանսավորման խնդիրների լուծման իր տարբերակն է առաջարկել, ըստ որի` պետք է 100-150 հազար դոլարի չափով ֆինանսական օժանդակություն հատկացնել ԱՄՆ-ի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամին (ANSEF), որը տարեկան հայաստանցի գիտնականների մինչև  ծրագիր է երաշխավորում ֆինանսավորման (ամեն ծրագրին հատկացվում է 5 հազար դոլար), սակայն ֆինանսական սուղ միջոցների պատճառով գումար է հատկացնում միայն 20-25-ին:  «Սա մեծ գումար չէ, բայց գոնե մի քանի տասնյակ խմբերի տարեկան լրացուցիչ ֆինանսավորմամբ կապահովի»:

Գիտության նկատմամբ վերաբերմունքի տարբերությունը  Հայաստանում և արտերկրում Ռուզանը ներկայացնում  է երկու օրինակով. «Եթե ԱՄՆ-ում մնայի, տարեկան կստանայի 56 հազար դոլար աշխատավարձ, իսկ այստեղ իմ տարեկան աշխատավարձը հազար դոլար է: Հասարակության վերաբերմունքն էլ այլ է. Արևմուտքում  գիտնականը հարգված է, գիտնականը բարձր  դասի մարդ է համարվում: Իսկ Հայաստանո՞ւմ:  Մասնագիտությունների մասին խոսելիս, երբ ֆիզիկոս դառնալու մասին է խոսք եղել, քրոջս դասարանցին ասել է, թե «ավելի լավ է մարդ բոմժ դառնա, քան թե ֆիզիկոս»: Սա վիրավորական է, բայց Ֆինանսական առումով ո՞վ է ավելի շատ գումար վաստակում. բո՞մժը, թե՞ գիտնական-ֆիզիկոսը: Հայաստանում գիտնականի նկատմամբ հարգանք չկա»:

Գիտնականը նա է, ով ստեղծում է նոր գիտելիք, իսկ նորի չափանիշը միջազգային հեղինակավոր ամսագրերում տպագրված հոդվածներն են: Ռուզանն այսպես է բնութագրում գիտնականին ու հավելում, որ այն ամենը, ինչով մենք այսօր շրջապատված ենք, գիտության վրա է հիմնված, ամեն ինչի հիմքը գիտությունն է: Եթե չլինի գիտելիքը, շղթայի մնացած մասն էլ արդյունք չի ունենա. համապատասխան մասնագետները պետք է գիտնականի մտքի արդյունքը վերածեն նյութական արտադրանքի:

«Ծիրան շատ եմ սիրում, բայց միայն դրանով չի կարելի ապրել»,- ասում է Ռուզանը` մատնանշելով  միջազգային ասպարեզում երկրների մրցակցությունը գիտության ոլորտում,-  Զարգացած երկրները գիտությանն այդքան մեծ գումարներ են հատկացնում ոչ այն բանի համար, որ էլ չգիտեն, թե ոնց ծախսեն, պարզապես շատ լավ են հասկանում գիտության նշանակությունը»:

Գիտնականն ասում է, որ Ֆիզիկական հետազոտությունների  ինստիտուտում առաջադեմ գիտնականները 60-ն անց են: Երբ նրանք թոշակի անցնեն, նրանց այլևս փոխարինողներ չեն լինի, քանի որ երիտասարդ գիտնականներ չեն մնացել. «Գիտության ֆինանսավորման խնդիրը պետք է շտապ լուծել, որովհետև հիմա   Հայաստանում գիտնականի համար  գիտությամբ զբաղվելը շռայլություն է»:

 

Գիտության խնդիրների մասին տես նաև`

Գիտնականները պահանջում են վերջ դնել «ճակատագրի հեգնանքին» և  ավելացնել գիտության  ֆինանսավորումը

 

Դիտվել է 3799 անգամ:
Print Friendly

Leave a Reply