Վիճահարույց օրինագիծն ընդունվեց. կստեղծվի պաշտոնյաների ունեցվածքն ուսումնասիրող էթիկայի հանձնաժողով
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | Անի Գասպարյան | May 12, 2011 13:48
Ազգային ժողովն այսօր 59 կողմ, 12 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին վիճահարույց նախագիծը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ իրենք նախագծին դեմ չեն, սակայն կան որոշ դրույթներ, որոնց հետ նրանք համաձայն չեն: Ուստի իրենք օրինագծին կողմ կքվեարկեն՝ պայմանով, որ երկրորդ ընթերցմամբ ընդունելու ժամանակ հաշվի առնված լինեն իրենց առաջարկները:
ԲՀԿ խմբակցությունը ևս նույն պայմանով կողմ քվեարկեց: Օրինագծին դեմ քվեարկեց միայն ՀՅԴ խմբակցությունը: Խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտենց, որ իրենք դեմ կքվեարկեն օրինագծին, քանի որ նախորդ օրը նախագիծը ներկայացնող Արդարադատության նախարարն իրենց մտավախություններին սպառիչ պատասխանների չի տվել:
ԱԺ նախագահը հորդորեց պատգամավորներին իրենց առաջարկությունները նախարարին ներկայացնել գրավոր՝ միաժամանակ հիշեցնելով, որ ժամանակը կարճ է, իսկ նախագիծը կառավարության կողմից ճանաչվել է անհետաձգելի:
Հիշեցնենք, որ նախօրեին Արդարադատության նախարարը, ներկայացնելով պաշտոնատար անձնանց գույքն ու եկամուտները ուսումնասիրող էթիկայի հանձնաժողովի գործունեությունը, ընդգծել էր, որ այն ունի հակակոռուպցիոն ուղղվածություն: Ըստ օրենքի, շուրջ 600 պաշտոնատար անձիք պարտավոր կլինեն յուրաքանչյուր տարի իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը ներկայացնել էթիկայի հանձնաժողովին, իսկ հանձնաժողովը կհամեմատի, թե արդյո՞ք դրանք միմյանց համապատասխանում են:






Facebook
Tweet This
Email This Post
