Հայաստանում ՁԻԱՀ-ից մահացել է 40 կին եւ 5 երեխա

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | May 12, 2011 10:55

1988թվականից մինչ այս տարվա ապրիլի 30-ը Հայաստանի Հանրապետությունում ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1040 դեպք, որոնցից 148-ը’ 2010թ-ի ընթացքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից, ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները’ 747 մարդ, իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 293 դեպք, 22 դեպք էլ արձանագրվել է երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների 57,6 տոկոսը 25-39 տարիքային խմբում է:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը եւ թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը: Սրանցից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհներով, մորից երեխային ու արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

ՄԻԱՎ վարակով հիվանդներից 505-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում’ 94-ի մոտ’ 2010թ-ի ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 242 դեպք: Մահացածների թվում կան 40 կին եւ 5 երեխա: Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, ընդ որում’ նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել եւ, ըստ ուսումնասիրությունների, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակվել է ՌԴ-ում ու Ուկրաինայում: Բացի այդ, բոլոր ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց մեծամասնությունը’ 54,9 տոկոս, նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով:

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երեւանում’ 432 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 41,5 տոկոսը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է’ 11,5 տոկոս:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով’ հանրապետությունում կա 1900 ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:

 

Դիտվել է 1058 անգամ:
Print Friendly

Leave a Reply