Նպատակն է ապահովել հայրենական արտադրության ապրանքների հեշտացված մուտքը դեպի Եվրոպական շուկա
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 11, 2011 18:04
Մայիսի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հանդիպեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Հավատարմագրման գործակալության, Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության, Չափագիտության ազգային ինստիտուտի և Ստանդարտների ազգային ինստիտուտի աշխատակազմերի ներկայացուցիչների հետ
Հանդիպման ընթացքում Էկոնոմիկայի նախարարն անդրադարձավ որակի ենթակառուցվածքի ոլորտում բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, մինչև տարեվերջ ակնկալվող արդյունքներին, ինչպես նաև վերոնշյալ կառույցներում գործող կառավարման համակարգի խնդիրներին:
Տ. Դավթյանը, կարևորելով ոլորտում էական փոփոխությունների անհրաժեշտությունը` շեշտեց, որ արմատական բարեփոխումներ պետք է իրականացվեն թե՛ քաղաքականության, թե՛ կազմակերպչական, թե՛ կառուցվածքային և թե՛ կադրային առումներով:
«Ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը պետք է ոչ թե նվազեցնենք, այլ պետք է բացառենք: Աշխատանքը հավուր պատշաճի չիրականացնողները կենթարկվեն ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվության»,- ասաց Էկոնոմիկայի նախարարը, հավելելով, որ այս խաղի կանոնները վերաբերում են բոլորին անխտիր:
Տ. Դավթյանն ընդգծեց, որ որակի ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող բարեփոխումներն առաջնահերթ են կառավարության համար: Այս համակարգի լավ աշխատանքից է կախված նաև մեր տնտեսության զարգացումը, արտահանման ներուժը և եվրաինտեգրման գործընթացը:
Նախարարի խոսքով ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցային գործընթացի մեկնարկի նախապայմաններից մեկը` հենց այս ոլորտի բարեփոխումների իրականացումն է:
«Մեր հիմնական նպատակն է` ապահովել մեր հայրենական արտադրության ապրանքների հեշտացված մուտքը դեպի Եվրոպական շուկա»:
Հանդիպումից հետո Տիգրան Դավթյանը այցելեց և Չափագիտության ազգային ինստիտուտի ստանդարտ նմուշների լաբորատորիա, Ստանդարտների ազգային ինստիտուտի սննդամթերքի փորձարկման լաբորատորիա ու Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության նավթամթերքների փորձարկման շարժական լաբորատորիա:






Facebook
Tweet This
Email This Post
