ԼՂՀ տնտեսական աճը 2010թ. կազմել է 5.5 տոկոս
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 11, 2011 17:08
ԼՂՀ Ազգային ժողովում այսօր պաշտոնապես ներկայացվել է ԼՂՀ 2010թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որով եւ մեկնարկել են փաստաթղթի նախնական քննարկումները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից, միջոցառումը վարել է տվյալ փաստաթղթի գծով գլխադասային’ ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը:
Ներկա են եղել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը եւ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, մշտական հանձնաժողովների եւ խումբ-խմբակցությունների անդամներ, նախարարներ, գերատեսչությունների ղեկավարներ:
Կառավարության լիազորմամբ հանդես գալով բյուջեի կատարողականի վերաբերյալ հաղորդմամբ’ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը ներկայացրել է հաշվետու տարում հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ու ոլորտներում արձանագրված ցուցանիշները, նշել զարգացման միտումները: Մասնավորապես, ինչպես նշել է նա, հաշվետու տարում տնտեսական աճը կազմել է 5.5 տոկոս, անվանական արտահայտութամբ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)’ 118.2 մլրդ դրամ’ նախորդ տարվա 102.3 մլրդ դրամի դիմաց, ծախսերի եւ դեֆիցիտի ծրագրավորված ցուցանիշները, ավելանալով 4590000.0 հազար դրամով, կազմել են համապատասխանաբար 64469737.0 հազար դրամ եւ 8263895.0 հազար դրամ, պետբյուջեի սեփական եկամուտները’ 23807500.9 հազար դրամ: Փոխվարչապետը հանդես է եկել նաեւ լրացուցիչ պարզաբանումներով’ պատասխանելով պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են նախորդ տարվա կատարողականի առանձին դրույթների եւ տրամաբանությանը:
Նիստի ավարտին հայտարարվել է, որ 2010թ. պետական բյուջեի կատարողականի խոհրդարանական քննարկումները կշարունակվեն ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ պատգամավորական խումբ-խմբակցություններում’ համաձայն հաստատված ժամանակացույցի:






Facebook
Tweet This
Email This Post
