600 պաշտոնյա հաշիվ կտա իր գույքի և եկամուտների համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 11, 2011 17:20

Այսօր Ազգային ժողովում ՀՀ արդարադատության նախարարը լրագրողներին պարզաբանեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի գործունեության մեխանիզմները: Պաշտոնյաները շուրջ 600-ն են՝ ՀՀ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, գլխավոր դատախազ, նախարարներ, պատգամավորներ, դատավորներ  և այլն:

Թովմասյանը նշեց, որ Էթիկայի հանձնաժողովի ստեղծումն ունի հակակոռուպցիոն ուղղվածություն: . «Այս հանձնաժողովը մանրադիտակով ուսումնասիրելու է, թե այդ 600 պաշտոնատար անձինք տարվա սկզբում ինչ գույք, ինչ եկամուտներ են ունեցել և տարվա վերջում ինչ ունեն: Եթե անհամաչափություն նկատվի, ապա այդ անձը պիտի առնվազն հրապարակայնորեն բացատրություն տա հանրությանը»:

Պաշտոնատար անձինք այսուհետ պետք է ներկայացնեն իրենց գույքի և եկամուտների հայտարարագրումը, և պետք է հսկողություն սահմանվի, ուսումնասիրվի, թե արդյո՞ք այդ տվյալները համապատասխանում են իրականությանը: Պետք է վերահսկողություն իրականացնել նաև շահերի բախման ոլորտում. «Եթե ես, օրինակ, որպես Արդարադատության նախարար, ունենայի փաստաբանական ծառայություն և օրենքի նախագիծ բերեի կամ որոշում կայացնեի, որը կվերաբերվեր բոլոր փաստաբանական գրասենյակներին, ապա ես պարտավոր կլինեի դրանից առաջ հայտարարել, որ ես ևս ունեմ փաստաբանական գրասենյակ»,-բացատրեց նախարարը:

Հանձնաժողովի անդամներին համապատասխան պաշտոնատար անձանց առաջարկությամբ նշանակում է ՀՀ նախագահը՝ 6 տարի ժամանակով, ամեն երկու տարին մեկ ռոտացիայի ենթարկելու հնարավորությամբ:

«Անկախի» հարցին, թե ինչպես է վերահսկվելու բիզնեսները քավոր-սանիկների անունով գրանցելու արատավոր երևույթը, նախարարը նշեց, որ այս պահին վերահսկողության շրջանակները սահմանափակ են. «Առայժմ իր անունով գրանցված գույքի ու եկամուտների վերաբերյալ հայտարարագիր է ներկայացնելու ոչ միայն պաշտոնյան, այլ նաև նրա հետ համատեղ ապրող անձինք՝ ծնողներ, երեխաներ: Եթե կզգանք, որ օրենքը չի աշխատում, և փաստացի վերահսկողական մեխանիզմները բավարար չեն, անհրաժեշտություն կլինի այդ շրջանակն ընդլայնել»,-ասաց նա:

 

 

 

Դիտվել է 1721 անգամ:
Print Friendly

Leave a Reply