Պետք չէ մեկ ամիս սպասել. օրենքի նոր նախագիծը սահմանում է ամուսնության գրանցման յոթօրյա ժամկետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | Անի Գասպարյան | May 11, 2011 15:50
Խորհրդարանում այսօր քննարկվեց ՀՀ կառավարության կողմից ներկայացրած «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծը:
Կառավարությունն առաջարկում է ամուսնության գրանցման ժամկետը կրճատել՝ մեկ ամսվա փոխարեն դարձնելով 7 օր: Առաջարկվում է նաև հանել Քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակում ամուսնության պետական գրանցման տարածքային պատկանելության սահմանափակումը, որով, օրինակ, մարզերի բնակիչները հնարավորություն կունենան ամուսնությունը գրանցել Երևանում։
Այդ օրինագծի քննարկման ժամանակ իր վրդովմունքն արտահայտեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Էռնեստ Սողոմոնյանը, ով նշեց, թե դա հայկական ավանդույթներին հարիր օրինագծ չէ. «Ես զարմանում եմ, որ էդքան վռազում են. պետք է ոչ թե մի ամիս, այլ երկու ամիս էլ մտածեն, թե չե ժամանակակից տեխնոլոգիաների պատճառով այսօր երիտասարդները, չհասցրած իրար նորմալ ճանաչել, միանգամից ամուսնանում են»: Սողոմոնյանը երանի տվեց այն օրերին, երբ սիրահարներն իրար սրտաշարժ ու հուզիչ նամակներ էին գրում:
Ներկայումս ՀՀ քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, ՀՀ տարածքում բնակվող օտարերկրյա քաղաքացիները ամուսնություն գրանցելիս դիմում են ներկայացնում իրենց բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժիններ: Ամուսնության գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ բաժին դիմում ներկայացնելուց մեկ ամիս անց, բայց երեք ամսից ոչ ուշ: Ամուսնության գրանցման համար նախատեսված ժամկետները կրճատելու հարգելի պատճառները օրենքով նախատեսված չեն, այլ ամրագրված են ՀՀ արդարադատության նախարարի հրամանով:






Facebook
Tweet This
Email This Post
