Ընդունվեց Աֆղանստանում հայ խաղաղապահների թվաքանակի և ժամկետի ավելացման վերաբերյալ համաձայնագիրը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | Անի Գասպարյան | May 11, 2011 12:31
ՀՀ Ազգային ժողովն այսօր միաձայն ընդունեց ՀՀ նախագահի կողմից ներկայացրած «Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» համաձայնագիրը:
Ըստ այդ համաձայնագրի, Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանման կազմը կավելացվի` 45 հոգուց հասնելով առավելագույնը` 130-ի, իսկ հերթափոխների ժամանակ` առավելագույնը 260-ի: Կավելացվի նաև մասնակցության ժամկետը` մինչև 2012-ի դեկտեմբերի 31-ը:
Երեկ Ազգային ժողովի նիստում համաձայնագրի քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել էր, որ այդ որոշման համար նկատի է առնվել Աֆղանստանի վերականգնման գործում միջազգային անվտանգության ապահովման ուժերի իրականցված առաքելության կարևորությունը, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից իրենց առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացումը, ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության անդամ հանդիսացող պետությունների ուժերի հետ փոխգործունակ կարողությունների զարգացման և փորձի փոխանակման նպատակահարմարությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հայկական զորախմբի առջև դրված խնդիրները պահանջում են ավելի մեծ մարդկային ռեսուրսների ներգրավում:






Facebook
Tweet This
Email This Post
