Ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիր` Վայոց ձորում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 11, 2011 11:16

ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքային համայնքի Պասկեւիչի կամրջի հարակից տարածքում կկառուցվի ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիր: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ծրագիրը նպատակաուղղված է տեղական ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ, նոր մրցունակ զբոսաշրջային ուղղությունների զարգացման միջոցով նպաստել տարածքային համաչափ զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարձրացմանը:

Ծրագրի իրականացման համար առաջարկվող հողամասը գտնվում է Պասկեւիչի կամրջին հարակից’ Արփայի կիրճի բարձրադիր մասում: Վ. Վարդանյանի խոսքով’ այնտեղից բացվում է գրավիչ տեսարան դեպի պատմամշակութային հուշարձան հանդիսացող Պասկեւիչի կամուրջը, Արփա գետի կիրճը եւ կիրճին հարող գեղատեսիլ լանդշաֆտը: Հողամասը կառուցապատված չէ: Այն հանդիսանում է համայնքային սեփականության բնակավայրերի նպատակային նշանակության հող:

Ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիրի ստեղծումը, տարածաշրջանում տուրիզմի զարգացմանը զուգահեռ, նպաստելու է տեղական գյուղատնտեսական արտադրանքի սպառմանը եւ ժողովրդական արհեստների զարգացմանը:

Ծրագրի իրականացման շրջանակներում նախատեսվում է նաեւ հարակից գյուղական բնակավայրերի ագրոզբոսաշրջության առումով առավել արժեքավոր տները վերակառուցել որպես հյուրատներ, ինչը նպաստելու է բնակչության բարեկեցությանը:

Ներկայում ընթանում են ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիրի նախագծային փաստաթղթերի էսքիզային լուծումների մշակման աշխատանքները: Դրանց ավարտից հետո ծրագիրը կիրականացվի Վայք քաղաքային համայնքի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարված աճուրդում հաղթող ճանաչված կառուցապատողի միջոցներով:

 

Դիտվել է 875 անգամ:
Print Friendly

Leave a Reply