Հեյդար Ալիևի պաշտամունքային կերպարի ձևավորումն Ադրբեջանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | May 10, 2011 18:31

Մայիսի 10-ին Ադրբեջանում նշվում է Ծաղիկների տոնը: Իրականում մայիսի 10-ը ադրբեջանցիների հայր համարվող նախկին նախագաh Հեյդար Ալիևի ծննդյան օրն է: Եվ այս օրը տոնի վերածելը նպատակ ունի հայր Ալիևի անձի նկատմամբ պաշտամունքային  վերաբերմունքն էլ ավելի ամրապնդել ու խորացնել:

Ադրբեջանի մայրաքաղաքում տոնի անցկացման նախապատրաստությունները սկսում են դեռ օրեր առաջ և նշում են մեծ շուքով ու արարողություններով. լայն մասնակցություն է ունենում նաև մարզային բնակչությունը: Բաքվի պուրակները, Հեյդար Ալիևի մեծաթիվ արձաններն ու դրանց շրջակայքը զարդարվում են ծաղիկներով: Բաքվի գործադիր իշխանության ղեկավարի խոսքերով` այս տարի տոնի կազմակերպման նպատակով օգտագործվել է Իտալիայից և Հոլանդիայից բերված 1 միլիոն ծաղիկ: Քաղաքին տոնական տեսք հաղորդելու հարցում մեծ նշանակություն է տրվում կակաչների մի տեսակի, որն Ադրբեջանում հենց Հեյդար Ալիևի անունն է կրում:

Տոնը մեկնարկում է Հեյդար Ալիևի գերեզմանին ծաղիկներ դնելով, որից հետո Ազգային պարկում սկսվում են համերգներն ու ծաղկային լուծումներով կոմպոզիցիաների, նկարների ու ձեռքի աշխատանքների ցուցադրությունը: Տոնն ավարտվում է հրավառությամբ և արդեն ավանդույթ դարձած օդապարիկներով` զարդարված ծաղիկներով և Հեյդար Ալիևի մեծ դիմանկարներով:

Հավելենք, որ Հեյդար Ալիևի հիշատակի հարգման միջոցառումները շատ ավելի շուտ են սկսվում, քան Ծաղիկների տոնը: Բոլոր պետական կառույցներում, կրթական հաստատություններում հատուկ արարողակարգեր են տեղի ունենում, Հեյդար Ալիևի անցած ուղին ներկայացնող գրքեր են հրատարակվում, գիտաժողովներ են հրավիրվում:

Հեյդար Ալիևի քաղաքականության ֆետիշացումն ու քննադատության ճնշումը

Հայր Ալիևից պաշտամունքային կերպարի ստեղծման տրամաբանությանը համապատասխան` Հեյդար Ալիևի գործերն Ադրբեջանում անքննելի են համարվում: Նա ներկայացվում է որպես անկախ Ադրբեջանի հիմնադիր: Շատ հաճախ Ադրբեջանի անկախության շրջանի ժամանակագրությանն անդրադառնալիս պետական քարոզչամեքենան ուղղակի փորձում է մոռացնել Ադրբեջանի առաջին երկու նախագահների` Ա. Էլչիբեյի ու Ա. Մութալիբովի կառավարման տարիները կամ նրանց նախագահության տարիները մեկնաբանվում են խիստ բացասական երանգներով: Եվ փաստացի անկախ Ադրբեջանի  Հանրապետության  գործառման ժամանակագրությունը սկսում են հաշվել այն պահից, երբ Հեյդար Ալիևը վերադարձավ իշխանության (նկատենք, որ հավասարաչափ գովերգվում է նաև Ալիևի խորհրդային իշխանության շրջանում վարած քաղաքականությունը):

Նրա վերադարձի օրը`1993 թ. հունիսի 15-ը,  նույնպես տոն է Ադրբեջանում` “Ազգային փրկության օրը”: Ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի, հենց նրան հաջողվեց վերջ դնել ներքաղաքական քաոսային իրավիճակին և սկիզբ դնել երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը: Հեյդար Ալիևը սկսեց երկրի  արդիականացումը բոլոր ոլորտներում` երկիրը համապատասխանեցնելով զարգացման ժամանակակից չափանիշներին: Հեյդար Ալիևի վաստակն է համարվում հատկապես “Դարի գործարք” հորջորջված պայմանագրի կնքումը արևմտյան 11 նավթային ընկերությունների հետ զինադադարի կնքումից անմիջապես հետո, ինչը դարձավ Ադրբեջանի տնտեսական զարգացման ու առաջխաղացման հիմնական խթանը:

Հաշվի առնելով Ադրբեջան պետության ստեղծման պատմությունն ու ադրբեջանցիների ազգային ինքնագիտակցության մակարդակը անկախության հռչակման տարիներին` շատ է կարևորվում Հեյդար Ալիևի կողմից “ադրբեջանականության” գաղափարի առաջքաշումը, որն այժմ համարվում է երկրում ազգային գաղափարախոսություն: Դեռ անկախության առաջին տարիներից Թուրքիայի հետ հարաբերությունների սերտացումը լուրջ հարցադրումներ էր առաջ բերել` կապված ադրբեջանցիների թուրքական ինքնագիտակցության հետ: Հեյդար Ալիևը  նույնպես հաճախ էր բարձրաձայնում “մեկ ազգ, երկու պետություն” միտքը` փորձելով ստանալ Թուրքիայի աջակցությունը արտաքին քաղաքական և ռազմական հարցերում, Թուրքիայից փոխառնելով նաև աշխարհիկ պետության կառուցման փորձը: Սակայն նա միշտ ընդգծում էր. “Ես հպարտ եմ, որ ադրբեջանցի եմ”, “Ադրբեջանի ցանկացած քաղաքացի, արտասահմանում ապրող ցանկացած ադրբեջանցի պիտի հպարտ լինի, որ ադրբեջանցի է”: Այս կերպ նա, մի կողմից, ընդգծում է ադրբեջանցիների ազգային առանձնահատկությունները, մյուս կողմից` փորձում էր զսպել ազգային փոքրամասնություններին, որոնք կարող էին լուրջ դիմադրություն ցույց տալ, եթե իրենց ստիպեին թուրք համարվել: Այսինքն` ադրբեջանականության գաղափարախոսության մեջ հավասար ընգծվում է քաղաքացի լինելու ժողովրդավարական գաղափարը, հատուկ շեշտադրում է արվում նաև ադրբեջանական սփյուռքին համախմբելու ու նրա  ներուժն օգտագործելու համար:

Սակայն սա ավելի շատ գաղափարախոսություն է, որով իշխանությունները փորձում են կերակրել ժողովրդին նաև Հեյդար Ալիևի պաշտամունքին էլ ավելի մեծ փայլ տալու շրջանակներում: Եվ սա արտաքին` քարոզչական մակարդակն է, որի նպատակն է կոծկել մեծաթիվ խնդիրներ, որոնք ծնվել են հենց Հեյդար Ալիևի իշխանության տարիներին: Այս առումով հարկ է ներկայացնել շատ տեղին քննադատական մոտեցումները, որոնք, սակայն, հնչում են փոքրաթիվ մարդկանց կողմից ձևավորված վախի մթնոլորտի պատճառով:

Հիմնական քննադատությունը վերաբերում է նրան, որ Հեյդար Ալիևն է հենց ավտոկրատական (տոտալիտար) ու կոռումպացված քաղաքական համակարգի սկիզբը դրել, որը ծառայում է միայն Ալիևների կլանին, իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար հորից որդուն, նավթի արտահանումից ստացված տնտեսական շահույթներն էլ բաշխվում են իշխանության կերակրատաշտին մոտ կանգած մարդկանց միջև, ու աճում է սոցիալական բևեռվածությունը: Իսկ այդ համակարգի գործառնումը ապահովելու  համար ընդդիմությունը ապալեգիտմիացվում է բոլոր հնարավոր մեթոդներով, այլախոհությունը ճնշվում է, ինչպես նաև ոտնահարվում են փոքրամասնությունների իրավունքները: Եվ, հետևաբար, նույնիսկ հնարավոր չէ խոսել  ժողովրդավարության մասին, որը ադրբեջանականության իբր հիմնական սկզբունքներից է: Սակայն նկատենք, որ Հեյդար Ալիևը կարողացավ գտնել նաև այս բոլոր խնդիրներից բնակչությանը շեղելու տարբերակը`արցախյան հարցի միջոցով տոտալ հայատյաց միջավայր ձևավորելով Ադրբեջանում:   Ընդ որում, այս հարցում շատ հետաքրքիր է շահարկվում հենց  նրա կերպարն ու դերը:

Արցախյան հարցն ու Հեյդար Ալիևի քարոզչական քաղաքականության նպատակները

Ներկայումս Ադրբեջանում լայն շրջանառություն է ստացել  մի թեզ, ըստ որի` հայերը “տարածքային հավակնություններ” ներկայացրին Ադրբեջանին ու պահանջեցին Արցախի միացում Հայաստանին, քանի որ Հեյդար Ալիևը հեռաց(վ)ել էր Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից (կասեցվել էր նաև ՍՄԿԿ քաղբյուրոյի անդամությունը ), և հայերը, օգտվելով դրանից, իրենց կողմը քաշեցին ռուսներին ու ստացան նրանց աջակցությունը:

Այս նույն տրամաբանությամբ Հեյդար Ալիևի վերադարձը արցախյան հարցի համատեքտում մեկնաբանվում  է որպես փրկություն, քանի որ նրան հաջողվել է դիվանագիտական ճանապարհով զինադադարի կնքման հասնել. սա արյունահեղությունը կանխելու միակ ճանապարհն էր, քանի որ մինչ այդ` 1991-1993 թթ., անընդհատ ռազմաճակատից հարյուրավոր զոհերի ու վիրավորների էին բերում: Սա դիտարկվում է նաև որպես միակ տարբերակ տարածքային նոր կորուստները կանխելու համար:

Բնականաբար, շատ քչերն են բարձրաձայնում այն հարցը, որ ամենաշատ տարածքներ հայերն ազատագրել են հենց Հեյդար Ալիևի օրոք: Պատճառն այն է, որ Հեյդար Ալիևը շատ լավ օգտագործեց “արցախյան կորուստը” իր քաղաքական հակառակորդներին ոչնչացնելու և հարաբերականորեն կայուն քաղաքական իրավիճակ ստեղծելու համար` բնակչության ուշադրությունը կենտրոնացնելով հայերի “գազանությունների” (իշխանության գալուց հետո նրա առաջին հրամաններից էր Խոջալուի դեպքերը որպես “ցեղասպանություն” ամրագրելը), դրանց դիմակայելու, պետության “տարածքային ամբողջականությունն” ու “պատմական արդարությունը” վերականգնելու անհրաժեշտության վրա: Այսինքն` արցախյան հարցը և ավելի լայն առումով հակահայկականությունը դարձրեց ադրբեջանական հասարակության գործառնության կարևոր սկզբունք:

Հավելենք նաև, որ Արցախի պատերազմի պարտության արդարացում գտնելու համար էլ առաջ է քաշվում մի թեզ, ըստ որի` իբր ադրբեջանցիների ոչ կանոնավոր ջոկատները կռվում էին հայկական կազմակերպված բանակի դեմ: Եվ հենց այս համատեքստում  Հեյդար Ալիևի վաստակն է համարվում նաև ադբեջանական բանակի ստեղծումը, որը պիտի ապահովի իրենց հաղթանակը Արցախը հետ բերելու հարցում:

Այսպիսով, Հեյդար Ալիևը հակահայկականությունը սեփական անձի նկատմամբ պաշտամունքային պատկերացումերի հետ միասին դարձրեց ադրբեջանցիների ինքնության կենսական կողմնորոշիչները և համախմբող գործոնները: Այս ամենն էլ ավելի խորացավ արդեն նրա որդու` Իլհամ Ալիևի իշխանության տարիներին: Հեյդար Ալիևը ցեղային մտածողության տրամաբանությամբ ֆետիշացվում է Ադրբեջանում: Նրա արձանները, կիսանդրիներն ու նրա նկարներով վահանակներն ամենուր ողջունում են ադրբեջանցիներին: Ավելին, այլ երկրներում նույնպես ադրբեջանցիներն իրենց նկատմամբ  հարգանքի լավագույն չափանիշ են համարում որևէ վայրում Հեյդար Ալիևի արձանի տեղադրումը տվյալ պետության իշխանությունների կողմից: Իսկ 2001 թ. նույնիսկ նրա հիշատակը հավերժացնելու միջոցառումներն ամբողջացնելու համար Բաքվի քաղաքապետն առաջարկեց ադրբեջանցիներին անվանել հեյդարինցիներ:

 

Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է 1164 անգամ:
Print Friendly

Leave a Reply