Նոր գիրք. Հովհաննես Իշխանյան. «Ուվալնյատի օրը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | May 10, 2011 16:38

Սեդա Շեկոյանն ու Հովհաննես Իշխանյանը գրքի շնորհանդեսում

«Զարթնեցի ու տեսա, որ լացում եմ: Հարցրի ինձ` ինչո՞ւ  եմ լացում, պատասխանեցի` որովհետև ծառայում եմ»:

Այս տողերը որպես բնաբան են ծառայում Հովհաննես Իշխանյանի «Զինվորական երթ» պատմվածքի համար, որով էլ սկսվում է նոր լույս տեսած «Ուվալնյատի օրը» պատմվածքների ժողովածուն: Այն Հովհաննեսի անդրանիկ գիրքն է և ընդգրկում է 16 պատմվածք:

Գրքում ընդգրկված պատմվածքներն ընտրվել են թեմայի նույնականության չափանիշով և ներառում են 2004-211 թթ. գրված ստեղծագործություններ: Ու թեպետ ժողովածուի վերնագիրն ընտրված է բանակային թեմայով գրված պատմվածքներից, դրանք ժողովածուում ընդամենը երեքն են:

Դրանք Հովհաննեսը գրել է բանակում: «Բանակում սկսեցի բանակի մասին գրել,- «Անկախին» ասում է նա,- չնայած շատ չէի կարողանում գրել, որովհետև թաքուն էի գրում ու լինում էր` էնպիսի բաներ էի գրում, որ հեչ լավ չէր լինի, եթե սպաներից մեկը բռնացներ»: Իսկ մինչև բանակ գնալն էլ գրել է այլ թեմաներով, որոնց հերոսը Անդոն է: «Էդ շրջանում շատ էի գրում հայ տղերքի մասին, մի անգամ էլ որոշեցի, որ մի կերպար պիտի ընտրեմ, անուն տամ, ու ինքը բոլոր պատմվածքներում ֆռռա»,- ասում է Հովհաննեսը:

Նրա բնորոշմամբ` Անդոն մի սովորական հայ երիտասարդ է, որը բառադի է, ուղղակի նրա հետ ինչ-որ խորհրդավոր բաներ են լինում:

«Հովհաննես Իշխանյանի գրականության հերոսները առաքինի չեն ու առաքինություն չեն էլ փնտրում,- գրում է Սեդա Շեկոյանը գրքի խմբագրականում,- իսկ հեղինակը չի էլ ձգտում, որ իր գրականության հետ հաշվի նստեն, և գուցե դա  նրա ամենալավ հատկանիշն է»:

Հեղինակը` խոսելով Անդոյի անունից, հարցնում է. «Ձեզ թվում ա, որ բառադի էի, չէ՞ի ուզում ապրեի, ո՞վ ասեց, թե բառադին հենց բառադիության համար չի ապրում, հենց բառադիությունից կայֆ չի ստանում»:

Սեդա Շեկոյանի բնորոշմամբ, սա քմահաճույք է, որը դուրս է գալիս ակնհայտությունների դեմ. «Հովհաննեսը պաշտպանում է իր քմահաճույքը և քանի որ գրում է, ցանկանում է, որ այն երաշխավորվի` իր գրականությունը վերածելով քմահաճույքների երաշխավորագրի»:

Ի՞նչն է դրդել Հովհաննեսին գրիչ վերցնել և գրել: «Գրում եմ, որովհետև երբ դպրոցական էի, ասում էին, որ շարադրություններս լավ են ստացվում,- կատակում է  նա,-  դպրոցն ավարտելուց հետո էլի էի ուզում, որ գովեին ինձ, բայց շարադրության առաջադրանք չէի ստանում, դրա համար սկսեցի պատմվածքներ գրել»:

Ավելի լրջանալով` Հովհաննեսն ասում է, որ հիմա արդեն գովելու փուլից դուրս է եկել:

«Որովհետև միշտ չէ, որ գովում են, իսկ ես շարունակում եմ գրել,- ասում է նա,- հիմա էլ երևի գրում եմ, որ մոռանամ` ծրագրավորող եմ դառնում»:

Հեղինակը սովորում է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի կիրառական ծրագրավորման ֆակուլտետում:

Համարո՞ւմ է արդյոք իրեն գրող: «Ինձ թվում ա` գրող ասելով ինչ-որ լուրջ, մեծ ու վեհ բան են հասկանում, բայց պարզվեց, որ գրող լինելու համար փող ա պետք ու լավ ընկերներ, որովհետև էս գիրքը ընկերներիս շնորհիվ ա տպվել»,- ասում է նա:

Հովհաննեսը տպագրվել է «Բնագիր» և «Ինքնագիր» գրական հանդեսներում:  Թղթակցում է հայկական մամուլին:

Գիրքը տպագրվել է 300 օրինակով: Շապիկին Վահե Բուդումյանի «Ուվալնյատի օրը» շարքից նկար է: Վաճառվում է Երևանի բոլոր գրախանութներում: Միայն շնորհանդեսի օրը վաճառվել է 50  օրինակ:

 

 

 

 

 

 

Դիտվել է 2964 անգամ:
Print Friendly

Leave a Reply