Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ` 8.5 տոկոս
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 10, 2011 15:41
2011 թ. մայիսի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.5%:
2011 թ. ապրիլին արձանագրվել է 0.2% գնանկում, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նվազել է 2.6 տոկոսային կետով և կազմել է 8.9%:
Խորհուրդն արձանագրեց, որ, չնայած անորոշությունների պահպանմանը, ապրիլի ընթացքում պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներում նկատվել է գների կայունացման միտումներ:
Խորհուրդը միակարծիք է, որ տնտեսության ներքին զարգացումների ակնկալվող ազդեցությունը համախառն պահանջարկի վրա առավելապես չեզոք է: Միևնույն ժամանակ, ներկա բնակլիմայական պայմաններում և գյուղատնտեսության ճյուղում իրականացվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է այդ ճյուղի առաջարկի ավելացման հաշվին տեղական արտադրության պարենային ապրանքների գնանկումային միտումներ:
Խորհուրդն իրատեսական է համարում, որ վերոնշյալը և տարեսկզբից իրականացրած դրամավարկային պայմանների խստացման արդյունքում ձևավորված տոկոսադրույքները կնպաստեն 2011 թ. երկրորդ կեսից գնաճի արագ նվազմանը և կանխատեսվող հորիզոնում 4% ±1.5 տատանումների թույատրելի միջակայքում ձևավորմանը:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն






Facebook
Tweet This
Email This Post
