Աֆղանստանում հայ խաղաղապահների թիվը կավելանա. «Հայաստանն այդ հարցում չպետք է զբաղեցնի վերջին տեղը». Սեյրան Օհանյան
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | Անի Գասպարյան | May 10, 2011 13:56
Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանման կազմը կավելացվի` 45 հոգուց հասնելով առավելագույնը` 130-ի, իսկ հերթափոխների ժամանակ` առավելագույնը 260-ի: Կավելացվի նաև մասնակցության ժամկետը` մինչև 2012-ի դեկտեմբերի 31-ը:
Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` «Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» համաձայնագրի քննարկման ժամանակ:
Ըստ Օհանյանի, այդ որոշման համար նկատի է առնվել Աֆղանստանի վերականգնման գործում միջազգային անվտանգության ապահովման ուժերի իրականցված առաքելության կարևորությունը, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից իրենց առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացումը, ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության անդամ հանդիսացող պետությունների ուժերի հետ փոխգործունակ կարողությունների զարգացման և փորձի փոխանակման նպատակահարմարությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հայկական զորախմբի առջև դրված խնդիրները պահանջում են ավելի մեծ մարդկային ռեսուրսների ներգրավում:
Նախարարի խոսքով, հայկական զորախումբը շարունակելու է գտնվել Գերմանիայի զորախմբի շտաբի հրամանատարության ներքո, և նյութատեխնիկական ապահովոմն իրականացնելու է գերմանական կողմը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ հարևան Վրաստանը տրամադրում է 924, իսկ Ադրբեջանը` 94 զինծառայող` ընդգծելով, որ Հայաստանն այդ հարցում չպետք է զբաղեցնի վերջին տեղը Հրավային Կովկասում:
Համաձայնագրի քվեարկությունը տեղի կունենա վաղը:






Facebook
Tweet This
Email This Post
