Կմաքրվի Զորաց եկեղեցու շրջակայքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 10, 2011 10:35

Մայիսի 11-ին  Վայոց Ձորի Եղեգիս գյուղում կիրականացվեն  Զորաց եկեղեցու շրջակայքի մաքրման աշխատանքներ և ACTIVE CITIZENS ծրագրի շրջանակում երիտասարդական ծրագրերի իրականացման մեկնարկը կհայտարարվի:

Միջոցառմանը կմասնակցեն  Վայոց Ձորի մարզի թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և ՏԻՄ ներկայացուցիչները:

14-րդ դարում կառուցված Զորաց եկեղեցին եզակի է իր հորինվածքով և ճարտարապետական լուծումներով: Զորաց եկեղեցին կառուցվել էր պատերազմ մեկնող զինվորների համար, որոնք մարտից առաջ գալիս էին եկեղեցի սուրբ հաղորդություն և օրհնություն ստանալու համար:

Վայոց Ձորի մարզում գտնվող Եղեգիս գյուղի Զորաց եկեղեցու շրջակայքի մաքրմանն ու կանաչապատմանն այժմ ձեռնամուխ են եղել նույն մարզի երիտասարդները: Մայիսի 11-ից մինչև օգոսոտոսի 10-ը շուրջ 50 երիտասարդ կիրականցնեն Զորաց եկեղեցու, հրեական գերեզմանոցի, Սպիտակավորի, Թանահատի, սուրբ Խաչի, Ջրոովանիք և Նորավանքի տարածքների մաքրման ու կանաչապատման աշխատանքները:

Բրիտանական խորհրդի ACTIVE CITIZENS ծրագրի շրջանակում Վայոց Ձորի մարզի երիտասարդները նախաձեռնել և Բրիտանական խորհրդի ֆինանսավորմամբ իրականցնելու են ծրագրեր` ուղղված մարզի կարիքների ու խնդիրների լուծմանը:

Զորաց եկեղեցու շրջակայքի խնամքի աշխատանքներն այդ ծրագրերից մեկն է միայն: Մարզի երիտասարդների նախաձեռնությամբ կկազմակերպվեն փայտամշակման դասընթացներ, շախմատի ակումբ, Եղեգնաձորում կբացվի մանկական այգի, կթարմացվեն Վայքում գործող  պարի խմբակի սաների հագուստները, Եղեգնաձորում կտեղադրվեն նոր աղբամաններ ու ցուցանակներ:

Իրենց նախաձառենություններում հայ երիտասարդներին կօգնեն և կաջակցեն Միացյալ Թագավորության Բրեդֆորդ համայնքի 12 ներկայացուցիչը: Հենց այդ նպատակով նրանք ժամանելու են Հայաստան և մասնակցելու են փորձի փոխանակման ծրագրին, մշակելու համատեղ գործունեության ծրագրեր և հետագայում կիրառելու երկուստեք ձեռք բերված դրական փորձառությունը: Հուլիսին Բրեդֆորդ կմեկնեն արդեն հայ երիտասարդները` ծանոթանալու այդ համայնքի բնակիչների սոցիալական նախաձեռնություններին` այսպիսով կապ հաստատելով Հայաստանի և Միացյալ Թագավորության երկու համայնքների միջև:

ACTIVE CITIZENS ծրագիրը մեկնարկեց Վայոց Ձորի մարզում 2010 թվականին: Ծրագրի մասնակից 30 երիտասարդներ մասնակցել էին դասընթացների, որից հետո էլ ձեռնամուխ են եղել սեփական ծրագրերի իրականացմանը: ACTIVE CITIZENS-ն  իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և «Աշխատանք և հայրենիք» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:

 

 

 

Դիտվել է 1093 անգամ:
Print Friendly

Leave a Reply